Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ առաջիկա ընտրապայքարը լինելու է շատ կոշտ եւ թեժ: Արդյո՞ք կհաջողվի ապրիլի 2-ին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որոնք իրապես կլինեն քաղաքական եւ ոչ թե թաղի տղերքի պատերազմ, եւ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունները ԲՀԿ-ին հավասարազոր ուժեր են. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է:
-Տիկի՛ն Զոհրաբյան, հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգը՝ արդյո՞ք կհաջողվի իրապես քաղաքական ընտրություններ անցկացնել, թե՞ էլի ականատես ենք լինելու թաղի տղերքի միջեւ մրցակցության:
-Այն, որ ռեյտինգային ընտրակարգը, ըստ էության, ժամանակակից գլադիատորական մարտեր է լինելու, փաստ է: Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ընտրական օրենսգրքում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ։ Հակառակ դեպքում մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում։ Մեզ հաջողվեց երկու կարեւոր առանցքային դրույթ ամրագրել օրենսգքում՝ ընտրատեղամասերում տեսանկարահանել ընտրական ողջ գործընթացը, եւ որ անչափ կարեւոր էր՝ հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակը։
Բավարա՞ր է սա՝ սպասվող գլադիատորական մարտերը կանխելու համար, իհարկե՝ ոչ։ Բայց մտածել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ մի կողմ քաշվել՝ թույլ տալով, որ երկրի կործանումը հասցվի ոմանց ծրագրած տրամաբանական ավարտին, սա ճիշտ մոտեցում չէ: Հիշե՛ք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց Հանրապետական կուսակցության ներսում է բերելու գլադիատորական մարտերի։ Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու, եւ հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա։ Սա է այս համակարգի փիլիսոփայությունը։
-Եւ ուրմեն, ո՞րն է ելքը։
-Ելքը քաղաքացուն երկիրը այս վիճակից հանելու ճիշտ եւ իրատեսական ուղի ցույց տալն է, ելքը ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ միմյանց վարկաբեկելու, միմյանց փնովելու այս գործընթացը կասեցնելն է, որովհետեւ քանի դեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը պայքարում են միմյանց դեմ, դրանից շահում եւ ամրանում է իշխանությունը։ Եթե ցանկացած ընդդիմադիր ուժ այս պարզ, տարրական ճշմարտությունը հասկանա եւ իր կենսական էներգիան վատնի ոչ թե ընդդիմադիր ճամբարի ուժերին վարկաբեկելու վրա, այլ փորձի համագործակցել, ապա հնարավոր կլինի գլադիատորների սպասվող մենամարտի տրամաբանությունը կոտրել եւ փորձել հնարավորինս քաղաքակիրթ ընտրություն անցկացնել:
-Կարծում եք՝ կհաջողվի՞ անցկացնել քաղաքական ընտրություններ:
-Ընտրությունները քաղաքական են, եւ որեւէ տեղ ընտրական օրենսգրքում գրված չէ, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու գլադիատորական մարտեր: Բայց թե որքանո՞վ կհաջողվի ժողովրդին ներկայացնել ոչ թե քաղաքական ուժերի «մարդաբոյ» եւ ընտրակաշառքի մրցավազք, այլ ծրագրերի, գաղափարների բախում, դա կախված է լինելու հենց քաղաքական ուժերից:
Ես, անկեղծ ասած, հեքիաթներ, լեգենդներ, առասպելներ սիրում եմ, բայց ես բացարձակ չեմ հավատում ՀՀ իշխանության կողմից «թողարկված» գիտաֆանտաստիկ աշխատությանը՝ «Ազատ, արդար ընտրություններ» վերնագրով ժողովածուին: Այնպես որ, եկեք, լեգենդը թողնենք մի կողմ եւ փորձենք ընդդիմադիր քաղաքական ուժերով անել առավելագույնը՝ ընտրությունները պահելու քաղաքակիրթ ընտրական մրցապայքարի տիրույթում:
-Որոշ քաղտեխնոլոգներ նշում են, որ այս ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն կտա ազատվելու շատ օդիոզ դեմքերից…
-Հիշում եք՝ Հին Հռոմում կայսրը իր գլադիատորներին հանում էր միմյանց դեմ, եւ գլադիատորներից ով մյուսին սպանում էր, բութ մատը բարձրացնում էր վերեւ, եւ դա նշանակում էր, որ հաղթեց նա, ով մնաց «ողջ»։ Ցավալի է, բայց փաստ է։
Ուստի, Գագիկ Ծառուկյանը շատ հստակ ասեց՝ մենք ունենք բացարձակ իրատեսական ծրագիր, թե ինչպես կասեցնել երկրի անկումը, որից հետո ինչպես եւ ինչ քայլերով սկսել երկրի զարգացումը։ Մենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելու ենք մեր խոսքը։ Մնացածը ժողովրդի որոշելիքն է լինելու։
-Բացի ՀՀԿ-ից՝ բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակները գլխավորում են կուսակցության ղեկավարները, զարմանալիորեն այս ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը չի գլխավորում Սերժ Սարգսյանը: Որպես քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
-Այստեղ արտառոց որեւէ բան չկա, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր քարոզչական մարտավարությունը։ Եթե իրենք այդքան վստահ են, որ այն տասնյակը, որը ներկայացրել են, մրցունակ, մարտունակ եւ կրեատիվ տասնյակ է, դա իրենց որոշելիքն է։ Ի վերջո, դրա գնահատականը տալու է ժողովուրդն իր քվեարկությամբ։ Չափման մեկ միավոր կա՝ ընտրության արդյունքները:
-Արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող մյուս քաղաքական ուժերը ԲՀԿ-ին հավասարազոր ուժեր են:
-Այս պահին հստակ է, թե որ քաղաքական ուժերն են մաս կազմում «Ծառուկյան» դաշինքին։ Իրենց հետ մենք ունենք նորմալ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ, եւ «Ծառուկյան» դաշինքի նշանաձողը հստակ է՝ բացարձակ մեծամասնություն վերցնել խորհրդարանում, որովհետեւ միայն այդ դեպքում մենք կկարողանանք մեր իսկապես իրատեսական ծրագիրը կյանքի կոչել:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԻՆ ԳԻԾԸ ՉԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՆՈՐԻ ՀԵՏ
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից՝ իր այս որոշումը պատճառաբանելով նրանով, որ «Ժառանգությունը»-ը հեռացել է իր սկզբունքներից:
Ի պատասխան այդ հայտարարության՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Նրանք, ովքեր հիմնադրել են «Ժառանգությունը», դրել այդ գաղափարական հենքը, նաեւ սկզբունքային մոտեցումները, շարունակում են մնալ կուսակցությունում: Տիկին Փոստանջյանը կուսակցության հիմնադիր չի եղել, այլ եկել է կուսակցություն, երբ այն արդեն ուներ պայքարի ուղի»:
Սակայն գաղտնիք չէ, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրներից շատերը դեռեւս անցած տարիներին լքեցին կուսակցությունը, այդ թվում՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, միջազգային եւ անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը: «ժողովուրդ»-ի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ Փոստանջյանի այդ որոշումը ցավալի, բայց նաեւ սպասելի զարգացում էր: Իսկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը ներդրած անձինք կուսակցության շարքում են, Սաֆարյանն այսպես արձագանքեց.«Այստեղ այն չէ, որ հիմնադիրները դուրս են եկել, թե դուրս չեն եկել, խնդիրն այն է, որ իսկապես կուսակցությունն ունի նոր գիծ, եւ այդ նոր գիծը ամենեւին նոր չէ եւ անցած մեկ տարվա բան չէ: Պարզապես մեզանից յուրաքանչյուրն իր հետեւությունները այդ գծի հնարավոր հանգրվանների հետ կապված տարբեր տարիներին ներկայացրել է»:
Իսկ հարցին՝ համաձա՞յն եք Փոստանջյանի այն գնահատականի հետ, որ կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից, Սաֆարյանը պատասխանեց. «Այն, ինչն ասում է Զարուհին, դրա հետ չես կարող վիճել: Ակնհայտ է, որ, համենայն դեպս, նախկինում արված հայտարարությունները, որոնք վերաբերում էին մադրիդյան առաջարկներին, ղարաբաղյան խնդրին, դրա շուրջ զարգացումներին, մարտի 1-ին եւ դրա հետ կապված զարգացումներին, հստակ տալիս էին ուղենիշեր, թե ում հետ է տեսնում «Ժառանգություն»-ը համագործակցության ուղի: Դրանք տարիների վաղեմություն ունեցող փաստաթղթեր էին, բնականաբար, կուսակցությունն ինքը հետագայում վերանայեց իր մոտեցումները եւ գնաց նոր գծին: Զարուհին խոսում էր հին գծի մասին, որի հետ չի համընկնում նոր գիծը»:
Սաֆարյանի խոսքով՝ Փոստանջյանը փորձեց իր կողմնակիցների միջոցով ազդել այդ որոշման վրա, բայց չկարողացավ:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՆԱԽԱՐԱՐԸ` ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
Այն պնդումները, թե իբր կառավարությունը սկսել է մտածել ծախսերը կրճատելու մասին, մեղմ ասած, համոզիչ չեն: Բանն այն է, որ կառավարությունը որոշել էր պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերը ձեռք բերել կենտրոնացված կարգով, որպեսզի պաշտոնյաները գործուղման մեկնեին միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա: Բայց արի ու տես, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ հիմա գլխավորում է ՀՀԿ նախընտրական ցուցակը, չի հետեւում այս որոշմանը: Վիգեն Սարգսյանը փետրվարի 16-ին Կիեւով մեկնել է Գերմանիա եւ նույն ճանապարհով 19-ին վերադարձել Երեւան՝ ճանապարհորդելով բիզնես կարգով: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց ականատեսներից մեկը, օդանավում նախարարի թիկնապահի դերում հանդես են եկել բորտուղեկցորդուհիները. նրանցից մեկը ուղեւորներին սպասեցրել է այնքան, մինչեւ նախարարը հագնի իր վերարկուն ու դուրս գա ինքնաթիռից: Ի դեպ, բիզնես կարգի համար նախատեսված ուղեւորների սրահում ընդամենը երեք հոգի են եղել՝ երկու արտասահմանցի եւ Վիգեն Սարգսյանը:
ՀՈՍԱՆՔՈՎ ԵՆ ՏԱՔԱՑԵԼ
Հայաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6.5 տոկոսով աճել է: Սակայն շինարարության ծավալները նույն ժամանակահատվածում 5.3 տոկոսով նվազել են: Փոխարենն աճել են առեւտրի շրջանառության ծավալները՝ 9.4 տոկոսով: Նաեւ աճել են արտահանման՝ 35.4 եւ ներմուծման՝ 51.4 տոկոս ծավալները: Ի դեպ, ուշագրավ է, որ հունվարին կտրուկ աճել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ 13.6 տոկոսով: Սա խստաշունչ ձմռան պատճառով: Բանն այն է, որ Հայաստանի բնակչության մի մասը եղանակային պայմաններից ելնելով՝ նախատեսվածից ավելի է էլեկտրաէներգիա սպառել՝ էլեկտրաէներգիայով ջեռուցելով բնակարանները:
ՀԱՄԵՍՏ ՎԱՐՁԱՎՃԱՐ
Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը: Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարը ամսական չորս հազար դոլար վարձավճար է տալիս: Արդյո՞ք հավաստի են այս տեղեկությունները, փորձեցինք ճշտել «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, նշեց. «Դա անձնական բնույթի հարց է, ես այդպիսի հարցերի մեջ չեմ մտնում, իրենից պետք է ճշտեք»: