Լուսանկարը՝ համացանցից
Թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիեւը սպառնում է Ադրբեջանի իշխանություններին Հայաստան տեղափոխվելով, գրում է «Թալիշինֆո»-ն: Իր հայտարարության մեջ Գուլիեւը պատմում է այն մասին, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի կերպով իրենից վերցրել է իրեն պատկանող հողատարածքը: Դրանից հետո բնակչին կանչել են ոստիկանություն եւ սպառնացել, որ վերջինս ոչ մի տեղ բողոք չներկայացնի: Հուսահատ Էլդանիզ Գուլիեւը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի ուսումնասիրի: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւը:
ՀԱՐՑ. Լսել եմ, որ 2017 թվականի հունվարից սկսած, ըստ օրենքի, զագսավորման համար ամուսնացող զույգերին գումար են տրամադրում՝ 200.000 դրամ: Խնդրում եմ ասեք՝ կա՞ նման օրենք, թե՞ ոչ: Զագսավորվելու դեպքում պետությունը գումար վճարո՞ւմ է, թե՞ ոչ:
Լիդա Մեհրաբյան (26 տարեկան, լրագրող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լիդա Մեհրաբյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում ամուսնություն գրանցելու դեպքում պետության կողմից որեւէ գումարի հատկացման պարտավորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես որ, ամուսնանալ պետք է սիրելով եւ ընտանիք կազմելու մեծ պատասխանատվությամբ: 200 հազար դրամի գայթակղություն պարզապես գոյություն չունի: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 17 հազար 603 ամուսնություն, ինչը 2014 թվականի ցուցանիշի համեմատ պակաս է 6,9 տոկոսով: Նկատենք, որ 2015թ. Հայաստանում գրանցվել է 3 հազար 669 ամուսնալուծություն, իսկ 2014թ.՝ 4 հազար 496: Կարելի է կարծել, որ այս թվերը փաստում են արտագաղթի՝ տարեցտարի աճող թվերի մասին:
ՀԱՐՑ. Ես 2007-2008թթ. հայաստանյան բանկերից մեկից քարտային տարբերակով վարկ եմ վերցրել: Ընթացքում վարկային պարտավորություններս ժամանակին եւ բարեխիղճ կատարել եմ, ապա մարել վարկն ամբողջությամբ: Սակայն ամիսներ անց բանկից ինձ տեղեկացնում են, որ ես չեմ վճարել քարտի սպասարկման գումարը, որի հետեւանքով հայտնվել եմ բանկի սեւ ցուցակում: Անցել են տարիներ, եւ ես դեռ չեմ վճարել սպասարկման այդ գումարը: Խնդրում եմ ասեք՝ հիմա ես գտնվո՞ւմ եմ սեւ ցուցակում, թե՞ ոչ:
Սեւակ Հարությունյան (32 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ «սեւ ցուցակ» հասկացություն գոյություն չունի: Կա միայն վարկային պատմություն. այն Ձեր վարկային «կենսագրությունն» է, որը պարունակում է տեղեկություն Ձեր գործող եւ մարված ֆինանսական պարտավորությունների կատարման, Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունների, չվճարված կամ ուշացված վճարների, նույնիսկ վերջին վեց ամսում Ձեր ստացած աշխատավարձի միջին չափի մասին: Ընդ որում, վարկային պատմությունը գրանցվում է ԱՔՌԱ վարկային բյուրոյում (ավելին՝ www.acra.am), այլ ոչ թե բանկում, իսկ բանկը եւ վարկային կազմակերպությունը միայն տվյալներ տրամադրողներն են:
շարունակելի
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ցանկացած անձ (ֆիզիկական եւ իրավաբանական) «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավունք ունի՝
1. օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ եւ առանց սահմանափակումների ստանալու իր վերաբերյալ վարկային զեկույցներ եւ վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններ.
2. ստանալու տեղեկություններ տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ.
3. ստանալու այն անձանց անունները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հարցում են կատարել վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ.
4. բողոքարկելու վարկային բյուրոյում առկա տվյալները եւ ճշգրտելու, լրացնելու դրանք.
5. արգելելու վարկային բյուրոյին վարկային բյուրոյի հաճախորդներին վաճառել կամ տրամադրել ցանկացած տվյալ՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: