ՈՒՌՃԱՑՎԱԾ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ` ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին՝ ընտրողների թիվը գնալով ավելանում է, ընդ որում, երկրաչափական պրոգրեսիայով: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008-2017թթ ընթացքում, Հայաստանից ամենատարբեր հաշվարկներով արտագաղթել է մոտ 350-400 հազար մարդ: Միաժամանակ այս տարիների ընթացքում ընտրացուցակներում ՀՀ-ում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 հոգով:
ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 564 հազար 334 ՀՀ քաղաքացի: Իսկ ահա ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի:
Ստացվում է` ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները` 18 տարեկանից բարձր անձինք: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում:
Մեկ ուշագրավ փաստ էլ. 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով ստացվում է, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը. փաստ, որն ինքնին նոնսենս է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրողների թիվը պետք է լինի բնակչության թվի մոտ 60-65 տոկոսը` առավելագույնը:

 

 
Սերժ Սարգսյանը պատրաստվում է փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բրյուսելում քննարկումների հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը, որը գրեթե պատրաստ է նախաստորագրման, եւ մի քանի վերջնական հարցերի քննարկումից հետո այն ներկայացվելու է նաեւ ԵՄ անդամ երկրներին: Ի դեպ, արդեն նկատելի է, որ այս անգամ ԵՄ-ի հետ փաստաթղթի նախաստորագրմանը դեմ չի լինելու ՌԴ-ն, ու այն պարզ պատճառով, որ փաստաթուղթն ընդամենը լինելու է բարի ցանկությունների շարան, ու ոչինչ ավելի: Նշենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրմանը` ասելով. «Արդեն անցկացրել ենք բանակցությունների ութ փուլ։ Բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում»։ Իսկ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաթղթի նախաստորագրման կապակցությամբ ասաց, թե Հայաստանն ակնկալում է այն հասցնել ավարտին:

 

 

 
Դատական համակարգում ներքին խմորումներ են սկսվել: 2016թ. ընթացքում մարզային մի քանի դատավոր դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով: Ու թեեւ արդարադատության խորհրդում դատավորներից մի քանիսի դիմումները դրական եզրակացություն են ստացել, սակայն վերջին պահին նրանք մեկը մյուսի հետեւից հրաժարվել են Երեւան տեղափոխվելուց եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր աշխատելուց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորները հրաժարվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու «հորդորով», քանի որ այդ նոր դատավորները նրա սրտով չեն եղել: Ու հիմա այդ թափուր տեղերում նշանակվելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու մերձավորները. նա արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել իրեն հաճո ցուցակը: Ի դեպ, Ռշտունին հավակնում է դառնալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ եւ զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի: Ավելին՝ Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցների մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե հաջորդ թաղապետն ինքն է լինելու եւ սպառնացել է՝ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»։ Այս իրավիճակն ուշագրավ է այն իրողության համատեքստում, որ դեռեւս փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ադմինիստրատիվ ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում։ Բայց արի ու տես, որ այս հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն. խոստացան արձագանքել:

 

 

 
ԱՆՀԻՇԱՉԱՐ
Առաջիկա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ համագործակցությամբ պայմանավորած «Ժառանգություն» կուսակցության շուրջ կրքերը չեն մարում: Ինչպես հայտնի է՝ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալուց հետո մի խումբ ժառանգականներ դիմել են ԿԸՀ-ին՝ պահանջելով չգրանցել կուսակցության պատգամավորության թեկնածուներին: Թե ինչպիսի ընթացք կստանան կուսակցության ներսում ծավալվող այս ներքին խմորումները, դեռ պարզ չէ: Սակայն հարկ է նկատել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով կուսակցության ներկայացուցիչները ստիպված են լինում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իրենց կայացրած որոշումների վերաբերյալ: Եվ սա թերեւս «Ժառանգության»՝ ՀՀ քաղաքական մշակույթ ներմուծած ամենակարեւոր ձեռքբերումն է, երբ կուսակցությունում որոշումները չեն ընդունվում կուրորեն, երբ կա բանավեճ, տեսակետների բախում, եւ այդ ամենն ունենում է հրապարակային դրսեւորում: Ոչ թե այնպես, ինչպես տեղի է ունենում ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀՎԿ-ում եւ մի շարք այլ կուսակցություններում, որտեղ ամեն ինչ որոշվում է բացառապես մեկ հոգու կամքով: Ընդ որում, այս կուսակցություններում դա նորմա է համարվում, եւ կուսակցականները հպարտությամբ են նշում, որ իրենց կուսակցապետերի ասածները քննարկման ենթակա չեն: Օրինակ՝ վերջերս նման հայտարարություն արեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը՝ ամենեւին չմտահոգվելով, որ դա համահունչ չէ ներկուսակցական ժողովրդավարության սկզբունքներին եւ ամենեւին ոչ հարիր ԵԺԿ-ին անդամակցող ուժին:
Երեկ էլ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը որոշակի նեղսրտվածությամբ անդրադարձավ այն հիշեցումներին, որ այս օրերին արվում են՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սեյրան Օհանյանի մասին նախկինում արած քննադատական հայտարարությունների հետ: «Չգիտեք ինչու, չեք հիշում, թե մարդիկ ոնց էին իրար ինչ ասես ասում, եւ չեք ասում՝ այդ մարդիկ իրար հետ ոնց են համագործակցում: Բայց փոխարենը՝ Ր. Հովհաննիսյանի ասած կես նախադասություն քննադատական խոսքը սարքել եք դրոշակ»: Անշուշտ, Մարտիրոսյանն իրավացի է. մեր լրատվական դաշտը շատ ավելի խայտառակ փոխակերպումներ է տեսել, սակայն, թերեւս, այդքան համառորեն չի հիշեցրել այդ մասին: Պատճառը գուցե այն է, որ մեր հայրենիքը կրկեսի վերածելու գործընթացում ներգրավված քաղաքական ուժերից հանրությունն առանձնապես սպասելիքներ չունի, եւ նրանց կողմից ամենաանբարոյական քայլն անգամ այլեւս որեւէ մեկի զարմանքը եւ դժգոհությունը չի հարուցում: Իսկ ահա այն, որ Ր. Հովհաննիսյանի կողմից Ս. Օհանյանի հասցեին ասված «կես նախադասություն քննադատական խոսքը» պարբերաբար հիշեցվում է, թերեւս պետք է դրական ընդունել, քանզի դա նշանակում է, որ այս դեպքում հանրությունը դեռ սպասելիքներ ունի սկզբունքներին եւ սեփական խոսքերին չդավաճանելու առումով:




Լրահոս