ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ, ՄԻԱՅՆ ՀԱՄԱՐԺԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նախօրեին այս խնդրին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը: Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը, եւ արդյոք Հայաստանը դժգոհելուց բացի՝ լուրջ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է:

-Պարո՛ն Կարապետյան, նախօրեին Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Արդյո՞ք ԼՂ կարգավորման հարցում իշխանության խոսքը գործի հետ համընկնում է:
-Ինչ վերաբերում է փոխզիջումներին, բոլորն են խոսում միայն փոխզիջումներից, զիջումների մասին պարզապես խոսելն անիմաստ է: Այդ բառը մենք ընդհանրապես պետք է հանենք մեր լեքսիկոնից, այդ բառը չպետք է լինի. մեկ հայ չեք գտնի, ով կխոսի զիջումների մասին, միայն փոխզիջումներ, միայն համարժեք:
-Թե՛ ԵԿՄ համագումարում եւ թե՛ վերոնշյալ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն օգտվի նախընտրական վիճակից եւ փորձի խախտել հրադադարի ռեժիմը կամ զինված ներթափանցման փորձեր անել, ապա Հայաստանը հակահարված կտա: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն այս շրջանում կփորձի՞ նման քայլի դիմել:
-Ադրբեջանը մեկ անգամ արդեն տեսել է, թե ինչպես է քաղաքական դաշտը եւ առհասարակ հասարակությունը համախմբվում ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Նույնը առավել հզոր կերպով կտեսնի, եթե Աստված չանի՝ նման մտահղացում ունենա:
-Խաղաղության հիմնադիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտը հրապարակել է տարեկան զեկույց, ըստ որի՝ վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Ինչի՞ մասին է սա խոսում, եւ արդյո՞ք մեր կողմից հակազդելուն ուղղված համարժեք քայլեր կատարվում են:
-Ես վստահ եմ, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի, իսկ երկրորդ՝ ես հակված եմ մտածելու, որ Ադրբեջանը իր բանակցային դիրքերը ուզում է ուժեղացնել դրանով:
-«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ նման հայտարարությունները, եւ արդյո՞ք կարող են:
-Եթե ոչ հրապարակային դիրքորոշում հայտնելով եւ ոչ հրապարակային աշխատանքով, ուրիշ ինչ պետք է անես: Դա հրապարակային մասն է, ես վստահ եմ, որ պետք է կատարվի ոչ հրապարակային աշխատանք, որպեսզի վտանգները նվազագույնի հասցվեն:
-Խոսքը հենց դրա մասին է, արդյո՞ք կատարվում է:
-Վստահ եմ, որ այո:
-Ի՞նչ պետք է անել ըստ Ձեզ, որ, ի վերջո, ԼՂ խնդիրը կարգավորվի:
-Մենք պետք է գնանք վճռական դիրքորոշման, մենք պետք է լինենք ժողովրդավար պետություն, եւ այս ընտրությունները մեծ հնարավորություն է դա ապացուցելու աշխարհին: Պետք է դրա համար բացառվեն ընտրակաշառքների մասին այն խոսքերը, որոնք հասարակության մեջ նախընտրական այս շրջանում շրջանառվում են, դա մեկ, իսկ երկրորդը՝ քաղաքական ղեկավարությունը պետք է հստակ ուղերձ հղի իր դիրքորոշման մասին եւ խաղաղության ծրագրով առաջ շարժվի. խաղաղություն նշանակում է խելամիտ փոխզիջումներ, եւ ոչ մի դեպքում ոչ ավելի շատ, քան հակառակորդ կողմն է պատրաստ:
-«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Անընդհատ այդ մասին է բարձրաձայնվում, դա հնարավո՞ր է, ի վերջո:
-ժամանակին մեր իշխանությունների բացթողումն էր, որ Ստեփանակերտը բանակցություններից դուրս եկավ, որը 97 թվականին վետոյի իրավունքով ամբողջությամբ կարողանում էր լինել բանակցությունների կողմ, եւ նախատեսված էր, որ ինքը լիիրավ կողմ էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին: Այսօր վիճակը մի քիչ այլ է, եւ ես միեւնույն ժամանակ կցանկանայի լսել նաեւ իշխանություններից, թե իրենք ինչպես են պատկերացնում Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը:

 

 

 
ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՎԱՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նախօրեին Արցախում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի, դեմ՝ 7 հազար 686: Ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշը, եւ արդյո՞ք ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրախախտումներ. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ռուդիկ Հյուսնունցի եւ Հայկ Խանումյանի հետ:

Ռուդիկ Հյուսնունց. ԼՂՀ ԱԺ պատգամավոր, այո-ի կողմնակից
-Պարո՛ն Հյուսնունց, որպես սահմանադրական փոփոխությունների կողմնակից, ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված ընտրողների մասնակցության նման բարձր ցուցանիշն ու այո-ի այսքան շեշտակի հաղթանակը:
-Նախ՝ քարոզչական աշխատանքներն են շատ ճիշտ կազմակերպվել, Սահմանադրության ներսի մասը միշտ վիճահարույց է լինում, այսինքն՝ միշտ ընդունողներ եւ քննադատողներ են լինում, բայց առաջին հոդվածը, որը ենթադրում է, որ ԼՂՀ-ն եւ Արցախը նույնական են, եւ Սահմանադրության հենց առաջին նախադասությունում նշված է Արցախի Հանրապետություն, բացատրական աշխատանքներ են կատարվել ժողովրդի մեջ, որ այս անվանումով մենք նոր մարտահրավերներ ենք դնում մեր դիվանագիտական ջանքերի մեջ: Երկրորդը՝ վերջին 175-րդ հոդվածը անցումային դրույթներում, որ մենք մեր իրավազորություններն իրականացնում ենք հենց այն տարածքում եւ մենք չենք հրաժարվում հենց այն տարածքներից, որն այսօր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ՝ Շահումյան, Մարտակերտի մի մասը, Մարտունիի մի մասը, եւ կարծում եմ, որ ժողովրդի ակտիվությունը կապված է հենց դրա հետ:
-Այսինքն՝ սպասելի՞ էր, որ նման մասնակցություն եւ նման արդյունք կլինի:
-Անկեղծ ասած՝ մենք տուն-տուն գնացել ենք, խոսել ենք, ճիշտն ասած՝ ես սպասում էի, որ ավելի մեծ տոկոս պետք է լինի:
-Ընդդիմադիր ուժերի կողմից նշվում է, որ սահմանադրական փոփոխություններով Բակո Սահակյանը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը նախագահության երկրորդ ժամկետից հետո։
-Նախ՝ ուզում եմ իմանալ՝ ո՞վ է ընդդիմադիր, մեկ հոգի՞, երեսուներեքից մե՞կը: Եթե Դուք համարում եք, որ Դաշնակցությունն ընդդիմադիր է, ես այդպես չեմ մտածում: Եթե ընդդիմադիր էին, պետք է շտաբներ դնեին, իրենք պետք է ջանքեր գործադրեին, իրենք խորհրդարանում ընդամենն ասել են, որ խորհրդարանական մոդել են ուզում, իրենք քարոզչություն չեն արել, աշխատանքներ չեն իրականացրել, ինչպես մենք:

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ոչ-ի կողմնակից
-Պարո՛ն Խանումյան, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ իրենց անցկացրած լավ քարոզչության շնորհիվ է, որ այո-ի «այդքան բարձր ցուցանիշ է գրանցվել»: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Կարծում եմ՝ որոշ շրջաններում նկարչություն է եղել, ոչ թե մասնակցություն:
-Այսինքն՝ ընտրախախտումնե՞ր են գրանցվել:
-Ընտրախախտումներ չեն գրանցվել, որովհետեւ մենք շրջաններում հանձնաժողովի անդամներ չունեինք, միայն քաղաքում ունեինք, հետեւաբար որեւէ ընտրախախտում, այսպես ասած, գրանցված չունենք, բայց թվերի ուսումնասիրությունը ասում է, որ թվանկարչություն է եղել: Օրինակ՝ Քաշաթաղի շրջանում անհնար է 95 տոկոսի մասնակցություն լինի եւ էլի որոշ ընտրատարածքներում: Հետեւաբար ակնհայտ է, որ թվանկարչությամբ են զբաղվել:
-Իսկ ոչ-ի կողմնակիցներն ակտիվ քարոզարշավ իրականացրե՞լ են:
-Մենք քարոզարշավ արել ենք մեր ռեսուրսներին համապատասխան, քաղաքում բավականին ակտիվ հանդիպումներ են եղել, բաժանել ենք քարոզչական թերթիկներ, փակցրել ենք պաստառներ, որոնք, ճիշտ է, փոքր ժամանակ անց պատռել են, որովհետեւ իշխանություններն ամեն կերպ փորձել են բլոկ անել ինֆորմացիան: Ինչպես նաեւ հանրային հեռուստաընկերությունը, որը լրատվական ամենաազդեցիկ միջոցն է, մեզ համար հիմնականում փակ է եղել:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՁԱԿՈ՞ՒՐԴ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը երեկվանից գտնվում է արձակուրդում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջինս արձակուրդում կմնա մինչեւ մարտի 30-ը: Պարզեցինք, որ Մ. Սարգսյանը մտադրվել է նախընտրական այս շրջանում օգտագործել 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասն ու լրացուցիչ արձակուրդը: Սա ինքնին խոսուն փաստ է, թեեւ մյուս կողմից նկատենք, որ Սարգսյանն ընդգրկված չէ ՀՀԿ ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակներում, ուստի այդքան երկար ժամանակով արձակուրդ մեկնելու պատճառներն անհասկանալի են: Այս գերատեսչության մամուլի խոսնակ Լուսինե Նազարյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ Մարտին Սարգսյանի արձակուրդ մեկնելը ոչ մի առնչություն չունի խորհրդարանական ընտրությունների հետ՝ այդպես էլ չպարզաբանելով պատճառները։

 

 

ԱԶԱՏՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ԿԱԴՐԵՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի ՀՀԿ-ական նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը այս օրերին զբաղված է նախորդի կադրերից ազատվելով: Այսպես՝ փետրվարի 10-ին մարզպետ Գրիգորյանը աշխատանքից ազատել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանին, փետրվարի 13-ից աշխատանքից ազատել է խորհրդական Աշոտ Մուրադյանին: Իսկ ահա փետրվարի 9-ին աշխատանքից ազատվել է ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ջիվան Աբրահամյանը։ Ի դեպ, նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը Ջիվան Աբրահամյանին մինչեւ պաշտոնից հրաժարական տալը արձակուրդ էր տրամադրել, որը, սակայն, նորանշանակ մարզպետը չեղյալ է համարել, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փետրվարի 9-ից աշխատանքից ազատվել էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: Նկատենք, որ Գրիգորյանը ոչ միայն մարդկանց ազատել է աշխատանքից, այլ նաեւ նոր նշանակումներ է արել. փետրվարի 8-ին մարզպետի օգնական է նշանակվել Սարգիս Ղազարյանը, իսկ 9-ին որպես խորհրդական նշանակվել է Գարիկ Վարդանյանը:

 

 

ՓՈՂՆ Է ՈՒԶՈՒՄ
Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից Բարսեղ Բեգլարյանը` «Ֆլեշ» Բարսեղը, փորձում է իր պարտքերը ստանալ դատական ճանապարհվ: Ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա փետրվարի 13-ին «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Դամյա» ՍՊԸ-ից պահանջելով բռնագանձել 1 մլն 68 հազար դրամ: Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ն դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ից բռնագանձել մոտ 2 մլն դրամ գումար:




Լրահոս