Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին, ընտրողների թիվը գնալով ավելանում է, այն էլ` երկրաչափական պրոգրեսիայով: Փաստ, որը բավական մտահոգիչ է եւ չի տեղավորվում տարրական տրամաբանության շրջանակներում: Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ներկայացնենք վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ընտրողների եւ մշտական բնակչության թվի փոփոխության դինամիկան:
Եւ այսպես՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել տեղեկանք` Հայաստանում ընտրողների քանակի վերաբերյալ: Ըստ այդմ, 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող:
Միաժամանակ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի: Ստացվում է` ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները` 18 տարեկանից բարձր անձինք: Սա, համաձայնեք, մեղմ ասած, նոնսենս է, քանի որ փորձագետների պնդմամբ՝ ընտրողների թիվը չի կարող գերազանցել բնակչության 60-65 տոկոսը:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում: 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով կստացվի, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը. հրաշալի ապացույց այն բանի, որ ընտրացուցակներն աներեւակայելի չափերի ուռճացված են:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը եղել է 2 մլն 547 հազար 916 հոգի, իսկ մշտական բնակիչների թիվը` 3 մլն 10 հազար 600 հոգի: Այսինքն` ընտրողները կազմել են բնակչության 85 տոկոսը. եւս մեկ նոնսենս:
2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, նույն պաշտոնական տվյալներով, Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 527 հազար 822 հոգի, իսկ մշտական բնակիչների թիվը` 3 մլն 17 հազար 100 մարդ, այսինքն` 83 տոկոսը:
2012թ. խորհրդարանական ընտրություններին ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 522 հազար 906 ընտրող, իսկ մշտական բնակիչերի թիվը 3 մլն 26 հազար 900 հոգի է եղել:
2008թ. նախագահական ընտրություններում ընտրացուցակներում եղել է 2 մլն 315 հազար 410 քաղաքացի, մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 238 հազար մարդ:
2007թ. ԱԺ ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 2 մլն 319 հազար 722 քաղաքացի, իսկ մշտական բնակչության թիվը` 3 մլն 230 հազար 100 հոգի:
2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը, ըստ ընտրացուցակների, կազմել է 2 մլն 317 հազար 462 հոգի, մշտական բնակչության թիվը` 3 մլն 219 հազար 200:
2003թ. ԱԺ ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 340 հազար 744 ընտրող, մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 212 հազար 200 հոգի:
Իսկ 2003թ. նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 2 մլն 315 հազար 410, մշտական բնակչության թիվը կրկին` 3 մլն 212 հազար 200:
1999թ. ԱԺ ընտրություններում ընտրողների թիվը եղել է 2 մլն 198 հազար 544, իսկ մշտական բնակչության թիվը՝ 3 մլն 226 հազար 900:
Վերջապես, 1998թ. նախագահական ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 293 հազար 636 քաղաքացի, իսկ մշտական բնակչության թիվը` 3 մլն 232 հազար 100 մարդ է եղել:
Ուշադրություն դարձրեք` միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008-2017թթ ընթացքում, Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503-ով: Եւ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում արտագաղթը գնալով մեծ թափ ստացավ: Ընդդիմադիր ուժերի պնդմամբ` Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է 350-400 հազար քաղաքացի: Այս իրավիճակում թե ինչի հաշվին է ավելացել ընտրողների թիվը, մնում է միայն ենթադրել: Էլ չենք ասում այն մասին, որ իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից առաջ ի լուր համայն աշխարհի, պնդել են, թե իրենք ընտրացուցակները ճշգրտելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնում: Բայց փաստը մնում է փաստ, որ իրականում որեւէ քայլ այս ուղղությամբ չի արվել:
Հ.Գ. Առաջիկա ընտրություններում, սակայն, իշխանություններին եւ, ընդհանրապես, ընտրակեղծարարներին որոշակի հիասթափություն է սպասվում. նոր ԸՕ համաձայն՝ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները, եւ այս դեպքում լավ երեւալու է` ՀՀ-ից բացակայող քաղաքացիների փոխարեն արդյոք քվեարկվել է, թե ոչ: Ասել է, թե ընտրացուցակների հրապարակումը կանխարգելիչ դեր է ունենալու ընտրակեղծիքների իրականացման հարցում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Նախօրեին ՀՀ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն անկախ այդ ամենից՝ զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական: Սերժ Սարգսյանի այս խոսքերին, սակայն, չի հավատում տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը. «Ես երբեք եւ երբեւէ չեմ հավատացել իշխող քաղաքական ուժի խոսքին: Զինված ուժերը, Հանրապետական ցուցակի գլխավորողի գործոնը որպես անուղղակի մեսիջ կդիտարկեն եւ նրանք անպայման անուղղակիորեն կառաջնորդվեն նրա ներկայությունից բխող մեսիջներով: Բանակը այսպես թե այնպես ուղղակի անմիջական ղեկավարության եւ հսկողությամբ քվեարկություն է միշտ էլ իրականացրել, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այս դեպքում եւս կամ այս ընտրությունների ժամանակ դա կբացառվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նա:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈ՞ՒՄ ԵՆ
Ինչպես արդեն հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը զբաղեցնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականները: Մինչդեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք «Ժառանգություն» կուսակցության ոչ անցողիկ տեղերում էին գտնվում, իսկ ահա ԱԴԿ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը երկրորդ հորիզոնականում էր: Այս անգամ ԱԴԿ համամասնական ցուցակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում զբաղեցնելը արդյո՞ք նշանակում է փոխհատուցում նախկինում արած «մեղքերի» համար. մեր հարցին ի պատասխան՝ ԱԴԿ փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց. «Չակերտավոր կամ առանց չակերտ գործընթաց չկա մեր նախընտրական պրոցեսում եւ մեր կազմած համապետական ցուցակում, որեւէ խնդիր չի կարող լինել, եւ որեւէ կերպ մեր համապետական ցուցակը կապված չէ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: 2012 թվականին եղել է այլ մարտավարություն, այլ գործընթացներ, այսօր մենք մասնակցում ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով՝ մեր շուրջ համախմբելով նաեւ անհատների, քաղաքական ուժերի հետ, որոնք այս տարիների ընթացքում իրենց հետագիծն են ունեցել»:
ԿԱՐԻՔԸ ՉԿԱ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ առաջիկա ԱԺ ընտրություններում գլխավորում է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը, ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Լոռու մարզում: Քանի որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորում էր Է. Մարուքյանի եղբայրը` Քրիստ Մարուքյանը, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու ինքը չի առաջադրվել: «Ոչ մի անգամ չի ասվել, որ ես պետք է առաջադրվեմ: Դա մենակ իմ որոշումը չէ, դա կուսակցական որոշում է, եւ ընդհանուրով քննարկվել է, եկել ենք այդ եզրահանգման, որ իմ առաջադրվելու կարիքը կամ անհրաժեշտությունը չկա»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Մարուքյանը:
ԱՅՑ ՎՐԱՍՏԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ այլք:
ԱԱԽ ՆԻՍՏՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների մասին: ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
ԴԵՌ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ
Հյուսիս-հարավի՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին, այս մասին երեկ հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ «Հիմա Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք երկու էներգամիջանցք, դրանցից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է։ Երկրորդը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մեր մասնագետները կհանդիպեն ու քննարկեն նախագծի իրականացումը»,- հավելել է նա։ Հյուսիս-հարավ նախագծի վրա աշխատանքը, որը պետք է ունենա մինչեւ 1.2 ԳՎտ թողունակություն, սկսվել է 2015թ. դեկտեմբերին: 2016թ. ապրիլին 4 երկրների էներգետիկայի նախարարները Երեւանում ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԱՍՆ ՉԻ ՄՆԱ
«Այս պահի դրությամբ դեռ հստակ որոշում չունեմ, թե ինչով պետք է զբաղվեմ, բայց միանշանակ է, որ անմասն չեմ մնալու ոչ մի քաղաքական գործընթացից»: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքած Զարուհի Փոստանջյանը: ««Ժառանգություն»-ն այսօր փաստացի մերժում էր իր անցած ուղին, իր արժեքային համակարգը: Եվ ես պետք է կայացնեի որոշում, որը վերաբերում էր պայքարի ընկերներին նաեւ: ԴԺվար էր: Տխուր է, որ ես պարտավորված էի նման որոշում կայացնել»,- ասել է նա:
216 ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակներում գոյություն ունեն 108 անհատական տվյալների համընկնումով 216 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: