ԴԺՎԱՐ Է, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՀՆԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին: «Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված: Ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը: Ակնհայտ է, որ չնայած Գասպարյանի այս հայտարարություններին՝ ընտրակաշառքի դեպքերը ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ոստիկանները չեն կարողանա կանխել այդ հանցագործությունը: Ի վերջո, ընտրակաշառքը հանցանք է, որը ծավալվում Է 2 սուբյեկտի միջեւ, եւ եթե նրանցից մեկը չցանկանա բարձրաձայնել, այն չի բացահայտվի։
ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանողները, որոնք գտնվում են «պետության հոգածության ներքո», եւ ոստիկանների համար անձեռնմխելի են: Այդ է հուշում նախորդ տարիների փորձը, երբ չնայած համատարած բաժանվող ընտրակաշառքին, չնայած այդ մասին լրատվամիջոցներով հնչեցված հստակ ահազանգերին, ներկայացված փաստերին՝ այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ընդհակառակը, իշխանությունները գնալով էլ ավելի են կատարելագործել իրենց հանցագործության մեխանիզմները, երբ գումարները բաժանել են ընտրություններին նախորդող երեկոյան՝ տուն առ տուն այցելելով իրենց «համակիրներին», իսկ ընտրությունների օրը մարդկանց պարզապես ուղեկցել են տեղամաս: Ու այս դեպքում դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ականներից փող վերցնող քաղաքացիները ոստիկանությունում հայտարարություն տան ընտրակաշառք բաժանելու մասին: Իսկ ընտրակաշառքը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք, նախ՝ իշխանություններն իրենք չառաջարկեն գումար, եւ հետո՝ ուղղակի ձերբակալվեն նման փորձ անողները: Չնայած այս դեպքում էլ իշխող ՀՀԿ-ի ու պետական պաշտոնյաների մի զգալի հատվածը կհայտնվի բանտերում:

 

 

 
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր: «Ժողովուրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել: Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը: Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաեւ Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Մ. Պողոսյանը: Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը: «Ո՞վ է նման բան ասել, որտեղի՞ց է Ձեզ նման ինֆորմացիան»,- տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել:

 

 

 
Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. Վարագյանը լքել է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում: Պարզվում է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությունն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս»: Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությունն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց եւ հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն: Մովսիսյանը նաեւ նշել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար: Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայն չտան, միեւնույն է՝ ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար եւս լավ կլինի: Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորից: Վերջինս լսելով այդ մասին՝ նշեց. «Տենց բան չկա, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալի»: Հուսանք։

 

 

 
ՀԱՄԱՐԺԵՔ
ՀՀ-ի եւ ՌԴ-ի արտգործնախարարների համատեղ ասուլիսում երեկ Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության խնդրին: «Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այս դեպքում մենք անտարբեր չենք հատկապես այն պատճառով, որ ՀՀ-ի գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին»,- ասել է Լավրովը: Իհարկե, մի փոքր անհասկանալի է այն, որ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության կարեւորությունը ՌԴ արտգործնախարարը պայմանավորում է նրանով, թե որ երկրի քաղաքացի է ղեկավարը: Միեւնույն ժամանակ սա կարելի է ընկալել որպես ՌԴ ԱԳ նախարարի կողմից ուղղված դիվանագիտական ուղերձ՝ առ այն, որ խոչընդոտելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ ադրբեջանական կողմը որոշակիորեն դիպչում է նաեւ ՌԴ շահերին: «Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս, եւ որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Այսպիսով՝ Լավրովն արձանագրել է, որ չնայած հունվարի 17-ին տեղի ունեցած ԵԱՀԿ միացյալ խորհրդի նիստում ձեռք բերված համաձայնությանն առ այն, որ հայկական կողմը հրաժարվում է խաղաղ ականազերծման ծրագրից /թեեւ այն որեւէ կերպ չի հակասում ԵԱՀԿ մանդատին/, հետեւաբար այլեւս չկան գրասենյակի գործունեության շարունակման հետ կապված խնդիրներ, Ադրբեջանը շարունակում է կաթվածահար վիճակում պահել գրասենյակի գործունեությունը: Համենայն դեպս, առայսօր հաստատված չեն գրասենյակի՝ արդեն ընթացիկ տարվա գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ծրագրերը:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ օրերս իր մտահոգությունն էր հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը, ինչից հետո էլ հայաստանյան ավելի քան 40 կազմակերպություններ բաց նամակով դիմել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով երեւանյան գրասենյակի գործունեության առանձնահատուկ կարեւորությունը: Դատելով Լավրովի հայտարարությունից՝ խնդրի լուծումը պիտի քննարկվի մոտ ժամանակներս, ասել է, թե բացառված չէ, որ Ադրբեջանին, չնայած բոլոր ազդեցիկ երկրների հրապարակային դժգոհությանը, հաջողվի հասնել իր ուզածին:
Իսկ հայկական կողմից, ինչպես միշտ, հանդես են գալիս դատարկ սփոփանքներով, թե նման վարքագծով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում իր դեմքը, թե նրա կողմից ԵԱՀԿ 56 անդամ երկրների միասնական կամքին դեմ գնալը բացասական հետեւանք կունենա վերջինիս համար, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն առաջ տանել իր շահերը՝ թքած ունենալով նրա վրա, թե ԵԱՀԿ անդամ այս կամ այն երկրում ինչ կմտածեն իր մասին: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում. երբ են մեր դիվանագետները սկսելու գործել նույնկերպ՝ առաջնահերթ հետամուտ լինելով մեր շահին եւ ոչ թե տուրք տալով տոլերանտամիտ սեթեւեթանքներին:




Լրահոս