ԿՀԵՏԵՎԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ ԵՎ ԿԼՔԵ՞Ն ՀՀԿ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակներից պարզ է դառնում, որ նոր Ազգային ժողովում հնաբնակներին փոխարինելու են գալու զգալի թվով նոր դեմքեր: Ասել է, թե ներկայիս շատ պատգամավորների օրերն ԱԺ-ում հաշված են: Այս անգամ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանի եւ Հայկ Գրիգորյանի հետ, վերջիններս եւս չեն լինելու հաջորդ խորհրդարանում:

Հայկ Գրիգորյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չկաք, ինչը նշանակում է, որ այլեւս պատգամավոր դառնալու հնարավորություն չունեք: Ինչո՞ւ այդպես որոշվեց:
-Այդպես է նպատակահարմար:
-Կուսակցությո՞ւնն է նպատակահարմար գտել Ձեզ չառաջադրել, թե՞, այնուամենայնիվ, Դուք եք նման որոշում կայացրել:
-Ե՛ւ … ե՛ւ:
-Իսկ սա առիթ չի՞ դառնա, որ նեղանաք կուսակցությունից եւ այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ չաջակցեք ՀՀԿ-ին:
-Իհարկե, ոչ, իհարկե, ոչ, պատրաստվում եմ կուսակցության համար եւս աշխատել եւ ոչ միայն. ընդհանուր Հայաստանի Հանրապետության բարօրության համար:
-Իսկ հնարավոր է, որ Ձեր՝ ցուցակում չլինելը պայմանավորված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ՀՀԿ վերնախավի հարաբերությունների սառեցմամբ: Ի վերջո, նշվում էր, որ հենց նրա շնորհիվ եք անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդյունքի հասել:
-Դա չէ պատճառը, ուղղակի այդպես է նպատակահարմար գտնվել:

Լեռնիկ Ալեքսանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Պարո՛ն Ալեքսանյան, բավականին երկար տարիներ պատգամավոր եք եղել, բայց այս անգամ ընդգրկված չեք կուսակցության համամասնական ցուցակում: Ինչո՞ւ:
-Դե, դա իմ որոշելիքը չէր, կուսակցությունն է որոշել, ինձ չպետք է ուղղել այդ հարցը, ես հանգիստ եմ վերաբերվում, համենայն դեպս:
-Ձեր կուսակցության ցուցակում ընդգրկված են բավականին անփորձ թեկնածուներ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:
-Այդ հարցը ինձ չպետք է ուղղվի, եթե ինձ եք ուղղում, ասեմ, որ ես շատ հանգիստ եմ ընդունում, առանձնապես արտառոց բան չեմ տեսնում, դա կուսակցության որոշելիքն էր, եւ այդպես է որոշվել, ես ի՞նչ պետք է ասեմ, պիտի ասեմ վատ եմ ընդունում, լավ եմ ընդունում, ճիշտ չէ, էլի: Ես հանգիստ եմ ընդունում: Ցուցակի մեջ անունը գրելով, պատգամավոր դառնալով չէ, որ գնահատվում են, գնահատման ուրիշ ձեւեր էլ կան:
-Ձեզ գնահատելու ուրիշ ձեւ արդեն գտե՞լ են:
-Ես չգիտեմ, ես չեմ սիրում իմ մասին տենց բաներ ասել, անկեղծ ասեմ՝ չեմ ուզում: Ոնց կգնահատվի, ինչ կարվի, կյանքը ցույց կտա, կերեւա այդ ժամանակ:
-Բայց նորից առաջադրվելու ցանկություն ունեի՞ք:
-Ես այն մարդկանցից չեմ, որ շատ ամբիցիոզ, ուզում էի անպայման, իրոք, եթե այդ տեղը կուսակցությունը գտնում է՝ այդպես պետք է լինի, ուրեմն այդպես պետք է լինի: Ես առանձնապես ոչ մի բան չեմ կապում, ո՛չ իմ մարդկային հարաբերություններն եմ կապել պատգամավոր դառնալու կամ չդառնալու հետ, ո՛չ էլ մնացած բոլոր հարցերում: Իմ ամբողջ կենսագրության ընթացքում դրանով չեմ պայմանավորել ոչ մի բան, ես շատ լավ գիտեմ, որ այսօր կարող է՝ պատգամավոր լինենք, վաղը կարող է՝ չլինենք:
-Երբ հաջորդ խորհրդարանը սկսի իր աշխատանքները եւ այնտեղ չլինեք, փոխարենը տեսնեք այլ դեմքերի, այդժամ ցավ չե՞ք զգա:
-Բացարձակ, կոպիտ ասած՝ իմ «պորտը հո ԱԺ-ում չեն կտրել», տասնութ տարի է՝ ես պատգամավոր եմ, ցավ զգալու պատճառ չունեմ… տենց չի, որ այդ պատգամավորությունը մի հրաշալի բան է, դա ունի նաեւ իր պատասխանատվությունը: Համենայն դեպս, ես իմ պատգամավորության տարիներին պատասխանատվություն եմ զգացել իմ ամբողջ խոսքի համար, իմ աշխատանքի համար: Այնպես չէ, որ դա միայն վայելք է, ու ես վայելել եմ: Համենայն դեպս, ես այդպես չեմ նայել պատգամավոր լինելուն: Եվ ցավ ապրելու խնդիր չկա:
-Բայց այս անգամ կաջակցե՞ք կուսակցությանը:
-Իհարկե, աջակցելու եմ, իմ բոլոր հնարավորություններով, բնականաբար:
-Այսինքն՝ չե՞ք նեղացել կուսակցությունից եւ չե՞ք պատրաստվում լքել այն:
-Ո՛չ, ոչ, դա բացառվում է, ես չեմ հարգում այն մարդկանց, ովքեր, չգիտեմ, թիմ են փոխում, կուսակցություն են փոխում, հատկապես, եթե դա կապված է անձնական ամբիցիաների հետ, համենայն դեպս, ես այդ կարգի մարդ չեմ:
-Բայց Ձեր շատ գործընկերներ նեղացան եւ այդ պատճառով հեռացան կուսակցությունից:
-Ես տենց չեմ համարում, ես համարում եմ, որ դա ներքին խոհանոցային հարց է, իհարկե: Բայց ասեմ Ձեզ, որ գուցե կուսակցության ներսում, չգիտեմ, խոսակցություններ եւ այլն, եւ այլն, բայց դրսում կուսակցությունը լքել, մեկ ուրիշ թիմ անցնել… Ես դա ճիշտ չեմ համարում, բոլոր դեպքերում:
-Լավ, իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:
-Կտեսնենք, հիմա դժվար է դա ասելը, համենայն դեպս, քաղաքական գործընթացներում ես լինելու եմ:

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ՀՀՇ-Ն ՉՍՏՈՐԱԳՐԵՑ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Ինչպես հայտնի է՝ «Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը ստորագրվել է «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» եւ «Առաքելություն» կուսակցությունների միջեւ: Բայց այդ դաշինքի հետ, ըստ էության, համագործակցելու է նաեւ ՀՀՇ-ն, համենայն դեպս, Երեւանի Կենտրոն համայնքում այդ դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է լինելու ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու ՀՀՇ-ն եւս դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը չի ստորագրել:

Մինչ համաձայնագրի ստորագրումը, ինչպես հայտնի է, նշվում էր, որ Ծառուկյանի շուրջ համախմբվող դաշինքի մաս են կազմելու նաեւ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան», «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը»: Սակայն ներքին հակասությունների արդյունքում այդ կուսակցությունները դուրս մղվեցին «Ծառուկյան» դաշինքից: Այս առնչությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ նշված կուսակցությունների դեպքում առաջ է եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը.«Այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- նշել էր Տոնոյանը:
Եթե այդ ուժերի դեպքում պարզաբանվեց, թե ինչու դաշինքից դուրս մղվեցին, ապա ՀՀՇ-ի մասին ոչինչ չնշվեց: Եվ չնայած, որ չեղան պաշտոնական հայտարարություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀՇ-ի դեպքում եւս նմանատիպ խնդիր է ծագել: Այս ընթացքում մամուլում շատ է գրվել այն մասին, որ կա նաեւ «ՀՀՇ» ՀԿ, որը որեւէ կապ չունի այդ կուսակցության հետ: ՀԿ-ի նախագահ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանն էլ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տեղեկացրել էր, որ դեռեւս 2013թ-ին ՀՀՇ կուսակցությունը արտահերթ համագումարով որոշում է կայացրել կուսակցությունը անվանափոխել «Հայ ազգային կոնգրեսի», որն էլ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես ՀՀՇ-ի իրավահաջորդ. «Նույն թվականին արդարադատության նախարարությունում գրանցվել է ՀՀՇ հասարակական կազմակերպությունը՝ ՀՀՇ նախկին լոգոյով: Դրանից հետո անօրինական կերպով, խախտելով կուսակցությունների մասին օրենքը, իշխանությունների բացահայտ աջակցությամբ ստեղծվել է նույնանուն (ՀՀՇ) կուսակցություն»,- նշել է Հայոցյանը: Եւ ահա մեզ հասած տեղեկություններով՝ հենց սա էլ հիմք է հանդիսացել Ծառուկյանի համար, որ նա նպատակահարմար չգտնի ՀՀՇ-ին եւս ընդգրկել որպես դաշինքի մաս կազմող կողմերից մեկը: Փոխարենը որոշում է կայացվել առաջադրել Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, քանի որ վստահություն կա, որ նա, որպես Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, կկարողանա բավականին մեծ թվով ձայներ ապահովել դաշինքի համար:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՆԻՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը գերմանական «Դոյչե վելե»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի բանակցություններն արդեն մոտ են ավարտին: Իսկ հարցին՝ արդյո՞ք Մոսկվան նաեւ այսօր չի խոչընդոտում Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագրի կնքմանը՝ ճնշում բանեցնելով Երեւանի հանդեպ, նախարարն ասել է. «Հայաստանը որոշումներն ինքնուրույն է կայացնում»։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն ամենեւին էլ ինքնուրույն որոշումներ չի կայացնում: «Վերջին ժամանակվա փորձը ցույց է տալիս, որ որոշումների կայացման հետ կապված ունենք խնդիրներ, հաճախ նայում ենք՝ ինչ արձագանք կտա Ռուսաստանը, ուրեմն դժվարանում եմ միանշանակ ասել, որ ինքնուրույն ենք անում: Միգուցե հիմա այս պայմանագրի հետ կապված խոչընդոտ չկա, դրական դինամիկան ես տեսնում եմ վերջին ժամանակներս, որ Հայաստանն ուզում է ստորագրել շատ պատճառներով, բայց ընդհանուր առմամբ, ես համոզված չեմ, որ մենք ինքնուրույն որոշումների հնարավորություն ունենք»,- ասաց նա:
 

 

ԴԺԳՈՀ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության ներսում դժգոհություն է հասունանում: Իսկ պատճառը խոստացված գումարներն են, որ այդպես էլ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից չեն փոխանցվել: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները սկսել են նախընտրական շտաբներ բացել, որոնց ծախսերը, սակայն, հոգում են հենց այդ տարածքային կառույցների պատասխանատուները՝ սեփական գրպանից: Մինչդեռ նրանց նախապես խոստացվել է հոգալ ոչ միայն վարձավճարի, այլեւ «սուրճի եւ ճաշկերույթների» գումարները: Ու, փաստորեն, ՀՀԿ վերնախավն իր կուսակցության անդամներին տված խոստումները չի կատարում: Իսկ շտաբների պատասխանատուներն իրենց շրջապատում արդեն սկսել են բարձրաձայն դժգոհելը:
 

 

ՎԹԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. իրար են բախվել երեք մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032օօ01 պետհամարանիշի «Տոյոտան»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթեւ է եղել, եւ, բարեբախտաբար, չկան վիրավորներ: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն անհասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որեւէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաեւ նրա զանգերին:




Լրահոս