ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, որ ըստ էության իր ձեռքն է վերցրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նախաձեռնությունը, նկատելիորեն ակտիվացրել է ջանքերը:

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Քննարկումների հիմնական թեման, բնականաբար, եղել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Իսկ մի քանի օրից Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ կրկին քննարկելու նույն թեման: Միաժամանակ սպասվում է, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը:
Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություն է արել. նախ՝ Լավրովը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին այլընտրանք չկա: Հետո նա հայտարարել է, որ համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու օգտին, ինչն արտահայտվել է նրանց ընդունած եռակողմ փաստաթղթերում: «Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը: Իսկ հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն ինչպես է պատրաստվում կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվում կատարել դրանք, Լավրովը պատասխանել է. «Համանախագահներն այլ տարբերակ, քան քաղաքական դիվանագիտականը, չունեն: Մենք մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին ակտիվորեն շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք օպտիմալ պայմաններ կստեղծեն կառուցողական բանակցությունների համար եւ կճեղքեն այն էմոցիոնալ անբարենպաստ մթնոլորտը, որն այսօր տիրում է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: Քայլեր, որոնք հնարավորություն կտան բանակցությունների սեղանի շուրջ կոնկրետ դիտարկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել է ռուսական կողմը այս հակամարտության լուծման համար, եւ որոնք ակտիվորեն պաշտպանում են ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները»:
Ուշադրություն դարձրեք՝ Լավրովը խոսել է ՌԴ-ի կողմից ներկայացված հակամարտության լուծման առաջարկների մասին եւ շեշտել, որ դրանք պաշտպանում են համանախագահ մյուս երկրները. այսինքն՝ ՌԴ առաջարկած տարբերակի շուրջ գոնե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտ կա որոշակի համաձայնություն: Իսկ ՌԴ առաջարկած լուծման ուղին նույն Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն է: Թե ինչ է իրենից ենթադրում այդ տարբերակը, համանախագահները «գաղտնազերծել են» դեռ 2016թ. դեկտեմբերին տարածած հայտարարության մեջ՝ մատնանշելով. «Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն»։
ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ իրողության ֆոնին. Սերժ Սարգսյանն օրերս ԵԿՄ համագումարում, այնուհետեւ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Ղարաբաղյան հիմնահարցին եւ որոշակի ուղերձներ հղել ՌԴ-ին առ այն, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների եւ նույնը ակնկալում է Ադրբեջանից: Նաեւ որ միակողմանի զիջումներին դեմ է, ու վերջապես՝ «արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատված հրադադարի հետ»:
Մինչ այդ, նկատենք նաեւ, որ երեկ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Քանի դեռ խաղաղ համաձայնագիրը ստորագրված եւ իրականացված չէ, բռնությունների վերսկսման վտանգը մնում է: Դա մենք տեսանք անցած տարի ապրիլին Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղում,- ասել է նա՝ հավելելով,- ես բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում քաղաքական ավելի մեծ կամք դրսեւորել ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելու եւ նախկին պայմանավորվածությունները իրականացելու համար, այլեւ վերականգնել համալիր եւ հետեւողական բանակցային գործընթացը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՉԻ ԶԳՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ
Երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ այսօր գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք միակն են, որ դուրս են վերահսկողությունից: «Մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով եւ գործում է ի շահ մեր ժողովրդի»,- ասել է նա: Նկատենք, որ սովորաբար «Հայ ազգային կոնգրեսն» է հայտարարում, թե իրենք են միակ ուժը, որն իշխանությունների վերահսկողությունից դուրս է, եւ որպես ապացույց բերում են այն փաստը, որ ՀԱԿ-ը դեմ էր սահմանադրական փոփոխություններին եւ միաժամանակ հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով հանդիպումից: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԱԿ վարչության անդամներից պատմաբան Աշոտ Սարգսյանին՝ հարցնելով՝ արդյո՞ք Օհանյանի ղեկավարած դաշինքը վերահսկողությունից դուրս միակ ուժն է: «Ես նման բան չեմ զգում, հասարակությունը դրան հավատալու հիմք չի տեսնում: Ես չեմ տեսնում»,- ասաց նա:
 

ԲՈՒՌՆԱՇԸ ՊԱՐՏՔ Է ՀԾԿՀ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ը նոր պարտատեր ունի: Այսպես՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հրազդան կենտրոնական մարզադաշտը» պարտք է ավելի քան 200 հազար դրամ: Հավանաբար սա օգտագործած ռադիոհաճախականությունների համար կուտակված պարտքն է: Տեղեկացնենք, որ «Հրազդան» մարզադաշտը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դեռեւս 2015 թվականի հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Այժմ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկում», իսկ հետագա ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: Իսկ այս մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, հիշեցնենք, ընդգրկված չէ ՀՀԿ ո՛չ ռեյտինգային, ո՛չ համամասնական ցուցակում:
 

ՀԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում իրավիճակը բավական լարված է: Բանն այն է, որ Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել են մարդիկ, որոնք միմյանց հետ տարիների հակասություններ, ընդհուպ՝ թշնամություն ունեն: Օրինակ՝ 2007թ. ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը մեծամասնական ընտրակարգով պարտվեց այն ժամանակ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանին, հետո Գրիգորյանը երկար ժամանակ ԲՀԿ-ական էր, իսկ հիմա առաջադրվել է ՀՀԿ ցուցակով: Մյուս կողմից Գրիգորյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հետ: ՀՀԿ-ում ներքին խնդիրներ կան նաեւ Սահակ Մինասյանի եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ, եւ այսպես շարունակ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ս. Ավետիսյանը հերքեց հակասությունների մասին լուրերը:

 

 
ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնական ունի: Վարչապետի որոշմամբ՝ այդ պաշտոնը ստանձնել է Էրիկ Գրիգորյանը:

 

 

ՎՍՏԱՀԵԼԻՆԵՐՈՎ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ եւ նույնը նախատեսել են նաեւ 2017 թվականին: Հանդիպմանը մասնակցել են Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի եւ Զառիթափ համայնքների ղեկավարները: Վարչապետը նշել է, որ ընտրվել են այն 12 համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն: Նա հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել ծրագրերը եւ ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 22-ին ընդունել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենս Ռոսսոյին, Մարիո Միտային, ովքեր մեր երկիր են այցելել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Բոլիվիայի խորհրդարանականները ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով, եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:
 

ՇՐՋԱՅՑ Է ԱՐԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Նա հոգաբարձուների խորհրդի անդամներ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:




Լրահոս