ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարության ղեկավարը, հետ չմնալով իր նախորդներից, տարբեր հարթակներից հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետական կառավարման համակարգում տարբեր ժամանակներում կոռուպցիոն գործունեության մեջ կասկածվող եւ անգամ դատապարտված պաշտոնյաները ոչ միայն չեն կրում իրենց պատասխանատվությունը, այլեւ շարունակում են աշխատել եւ դեռ պաշտոնական առաջխաղացում ունենալ:

Եվ այսպես՝ ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ձերբակալվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս:
Ուշագրավ է, որ Արծրուն Նաջարյանը դատարանում հայտնել է, թե իրեն անհասկանալի է առաջադրված մեղադրանքի ծավալը: Սակայն մեղադրող դատախազը հուշել է նրան.«Ամբաստանյա՛լ, Ձեզ մեղադրանք է առաջադրված՝ 2010-2013թթ-ի ընթացքում պաշտոնեական անփութություն դրսեւորելու համար»:
Իսկ հիմա ամենակարեւորի մասին: Դեռեւս 2015թ. հուլիսին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով որոշում էր կայացվել Արծրուն Նաջարյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Սակայն ինչ-ինչ հանգամանքներում Գեւորգ Կոստանյանի կողմից հարուցված քրեական գործի հոդվածը փոխվել էր եւ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Ահա հենց այստեղ է «թաղված շան գլուխը». հոդվածի փոփոխությունը հիմք է տվել դատարանին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն եւ քրեական հետապնդումը դադարեցնեն, քանի որ անցել է Արծրուն Նաջարյանին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը:
Ասել է, թե քրեական հոդվածի փոփոխությունը փրկեց Արծրուն Նաջարյանին պատասխանատվությունից:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները «ջրից չոր» են դուրս գալիս:
«Ժողովուրդ»-ը փետրվարի 13-ին գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության տնտեսական բաժնի պետ Սուսաննա Սեդրակյանը նախկինում չարաշահումների համար դատապարտված է եղել, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ նա շարունակի բարձր պաշտոններ զբաղեցնել: Վերջինիս անունը բոլորին հայտնի է՝ կապված ՀՀ դատական դեպարտամենտում արձանագրված աղմկահարույց դեպքերի հետ:
Սուսաննա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ, պաշտոնատար անձ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանի, հաշվապահության աշխատակիցներ Հովակիմ Բադանյանի եւ Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8 միլիոն դրամը: Արդյունքում 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Սեդրակյանին դատապարտել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ Սեդրակյանն ազատվել է պատժից:
Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք՝ մի դեպքում պաշտոնյային հաջողվում է պատասխանատվությունից խուսափել վաղեմության ժամկետի սպառման, մյուս դեպքում՝ համաներման շնորհիվ: Հենց այսպես էլ բուծվում են մանր ու միջին ձկները՝ ՀՀ պետական համակարգ կոչվող կոռումպացված ձկնաբուծարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐՆ» ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ փաստաբանները բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում իրենց գործունեությունը խոչընդոտելու դեպքերի մասին: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին:
Մասնավորապես փաստաբանները բարձրաձայնում են, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից ստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ: Եվ ահա այս բարձրաձայնումների արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը հանդիպեցին՝ խնդիրը քննարկելու եւ կարգավորելու համար, սակայն դատելով հրապարակված հայտարարությունից՝ «սայլը» տեղից չշարժվեց: «Ժողովուրդ»-ին տեղի ունեցող գործընթացներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ներքին հրահանգ կա, որպեսզի խուզարկություն կատարեն հիմնականում «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորվածների պաշտպանների դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իրեն նույնպես խուզարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, երբ նա ցանկացել է հանդիպել ՊՊԾ գնդի գործով կալանավորված Աշոտ Պետրոսյանին. «Ինձ հետ նման դեպք եւս եղել է 10 օր առաջ, երբ ես այցելել էի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Կային կարեւոր իրեր, որոնք ես ինձ հետ պետք է տանեի պաշտպանյալներիս՝ Արմեն Լամբարյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպմանը, սակայն ինձ թույլ չտվեցին: Նշեմ, որ վերոնշյալ անձինք ՊՊԾ գնդի գործով են կալանքի տակ գտնվում, այսինքն՝ այստեղ քաղաքական հնչերանգ կա»:
Ըստ փաստաբանի՝ ՔԿՀ-ում իրեն հարցրել են, թե արդյոք իր մոտ չկան քաղաքական բնույթի տեքստեր կամ հայտարարություններ.«Ես կարծում եմ, որ փոքր-ինչ քաղաքական հնչեղություն ստացած գործերի դեպքում որոշակի խստացումներ են արվել, իսկապես չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ այդ խստացումները կատարվեցին, բայց դա կա: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս խիստ ստուգումները հիմնականում կապված են ՊՊԾ գնդի գործի հետ, որովհետեւ այն փաստաբանները, որոնք բարձրաձայնել են այս հարցը, հենց այս գործով պաշտպանյալներին տեսակցելու խնդիր են ունեցել»:
Փաստաբանի կարծիքով՝ նման խստացմամբ փորձ է արվում ՊՊԾ գործով կալանավորվածներին հայտարարություններով հանդես գալուց զերծ պահել:
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ խուզարկություն է կատարվել Ժիրայր Սէֆիլյանի առանձնախցում, ուստի չի բացառվում, որ իրավապահներն ինչ-ինչ կասկածներ ունեն, եւ թիրախում հայտնվել են փաստաբանները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀԵՏ
Փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2017թ. համագործակցության ծրագիրը:

 

 

ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՄ
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին եւ ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության ընդլայնումը բնական եւ տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրների շուրջ:

 

 

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան մուտք կգործեն ներքին անձնագրերով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Վաղվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով»,- հայտնել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ին հաստատել էր ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը:

 

 

ԴԱՀՈՒԿ ՔՇԵԼՈՒ
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին: Զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերը կկայանան փետրվարի 22-ից 28-ը:




Լրահոս