ՀՀԿ-Ի ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ 2017Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ կանխատեսվում էր՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներում նորություններ գրեթե չկան, ինչը հուշում է, որ ապագա ԱԺ-ի կազմը հազիվ թե հեղափոխական տարբերություններ կրի ներկայիս խորհրդարանի համեմատ: Սույն պնդումը հատկապես վերաբերում է ՀՀԿ-ին, որի հրապարակած ցուցակները, հակառակ խոստացածի, առանձնապես չեն տարբերվում նախորդներից:

Բայց այս հրապարակման մեջ անդրադառնանք կանանց, որոնցից մեկի՝ Մարգարիտ Եսայանի ապագա պատգամավորության հարցը որոշված էր ի սկզբանե, իսկ Նաիրա Կարապետյանինը՝ վերջին պահին՝ Լեւոն Մարտիրոսյանի փոխարեն: Դե, իսկ Կարինե Պողոսյանն արդեն հանգրվանել է «Ծառուկյան» դաշինքում:
Հիշեցնենք, որ Մարգարիտ Եսայանի համար 6-րդ գումարման խորհրդարանը կլինի երկրորդը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2012թ. ՀՀԿ համամասնական ցուցակով: Եսայանը 1983-1996թթ. եղել է «Պիոներ կանչ» (հետագայում՝ «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա՝ դպրոցական բաժնի խմբագիր, իսկ ահա 1996-2012թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում: Եսայանը 2012թ. իր լրագրողական գործունեությունը փոխարինեց իշխանական կուսակցության պատգամավորությամբ՝ այդուհետ համառորեն պաշտպանելով Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները: Հիշարժան է, որ Եսայանը հպարտորեն հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը 2018թ. իր լիազորությունների ավարտից հետո չպետք է տանը նստի եւ պիտի ակտիվորեն մասնակցի երկրի կառավարմանը: Եսայանը վճռականորեն սատարել է նաեւ սարգսյանական սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Զարմանալի էլ չէ, որ Եսայանը անձնազոհաբար պաշտպանում էր ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագիծը: Եվ, ընդհանրապես, այս պատգամավորը ոչ միայն հետեւողականորեն կողմ է քվեարկում եւ բարձրաձայն սատարում իշխանական նախագծերին, այլեւ ագրեսիվորեն քննադատում է Սերժ Սարգսյանի հակառակորդներին եւ պատասխանում վերջինիս հասցեին հնչած քննադատություններին:
2012-2017թթ. խորհրդարանական գործունեության ընթացքում Եսայանը չի դավաճանել ՀՀԿ-ականի իր կոչմանը եւ կողմ է քվեարկել ներկայացված օրինագծերի 85 տոկոսին, իսկ դեմ քվեարկել լոկ 8 անգամ: Նա երբեւէ ձեռնապահ չի եղել, իսկ քվեարկություններից հրաժարվել է 10 անգամ: Հավելենք, որ Եսայանը բացակայել է 124 նիստերից, իսկ հարցապնդումներով հանդես եկել 32 անգամ, ԱԺ ամբիոնից 22 ելույթ է ունեցել: Նա կողմ է քվեարկել բոլոր աղմկահարույց օրինագծերին, ինչպես, օրինակ, «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք» եւ այլն: Այսօր Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համամասնական ցուցակում 8-րդ համարն է: Սերժ Սարգսյանը գնահատել է նրա ծառայությունները:
Նաիրա Կարապետյանը ՀՀԿ-ի պատգամավոր է դարձել «Միացյալ ազատական ազգային կուսակցության» (ՄԻԱԿ) կողմից, որի անդամ է 2008 թվականից: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՄԻԱԿ-ը սերտ առնչություններ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, եւ հենց վերջինս իր կադրերին տեղավորում է ՀՀԿ-ում: Մինչ ՄԻԱԿ անդամ դառնալը, Նաիրա Կարապետյանը հավատավոր դեմիրճյանական էր: 2003թ. նա ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի մոլի երկրպագուն էր, վիրավորվում էր անգամ, երբ որեւէ մեկը համարձակվում էր քննադատել Դեմիրճյանին: Մի քանի տարի աշխատել է ԱԺ-ում` ընդդիմադիր «Արդարություն» դաշինքում:
Բայց հիմա դարձել է ՀՀԿ-ական եւ պաշտպանում է այն կուսակցությանը, որի դեմ նախկինում պայքարում էր: Ի դեպ, Կարապետյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է եւ քանիցս խրոխտ ելույթներ է ունեցել Ալիեւի ու նրա վարչակազմի դեմ: Այս պատգամավորը ներքին հարցերի շուրջ հազվադեպ է կարծիք արտահայտում: Եվ այս առումով հետաքրքիր է նրա գնահատականը ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների պահվածքի շուրջ, որոնք ամենատարբեր հայհոյանքներ են հնչեցնում, վիրավորում լրագրողներին, իրենց գործընկերներին եւ այլն: Բայց ըստ Կարապետյանի՝ դրանք սոսկ հույզերի ազդեցության ներքո արված արտահայտություններ են եղել, որոնք սահմանափակվում են սպառնալիք լինելով: Բնական է, որ եթե Կարապետյանը պաշտպանում է հայհոյանքներ շռայլող իր գործընկերներին, էլ ավելի մեծ պատասխանատվությամբ պիտի գերապատվի Սերժ Սարգսյանի իշխանության շահերը խորհրդարանում: Եվ ահա 5 տարվա ընթացքում Կարապետյանը կողմ է քվեարկել ԱԺ-ում ներկայացված 733 օրինագծերի, դեմ՝ 9, ձեռնապահ՝ 1: Նա հրաժարվել է քվեարկությունից 2 անգամ, բացակայել՝ 219 նիստերից: 18 անգամ նա հանդես է եկել հարցերով, իսկ 6 անգամ ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից: Այդուհանդերձ, Կարապետյանը ՀՀԿ ցուցակի 36 հորիզոնականում է եւ ԱԺ-ում կրկին հայտնվելու հույսը չպետք է կորցնի, եթե Սերժ Սարգսյանը «ինչքան ուզի, էնքան խփի» նշանաբանի ներքո ՀՀԿ-ի համար ԱԺ-ում 60 տոկոսանոց մեծամասնություն նկարի:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներկայիս պատգամավորներից Կարինե Պողոսյանին, ապա նա ՀՀԿ խորհրդի անդամ էր, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահը, եւ որ ամենակարեւորն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ նա պատասխանատու պաշտոններ ուներ ՀՀԿ-ում եւ 2012թ. հայտնվել էր խորհրդարանում: Սակայն Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Պողոսյանը նույնպես հարկադրված եղավ լքել իշխանական նավը՝ իր ազգականների հետ այլընտրանքային «առվակներում» հանգրվանելով խնամու՝ Ծառուկյանի դաշինքում: Ի դեպ, Պողոսյանը ս.թ. փետրվարի 16-ին արդեն մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի կազմակերպած նախընտրական միջոցառմանը:
Նշենք, որ ԱԺ պատգամավորության 5 տարվա ընթացքում նախկին մանկավարժ Պողոսյանը կողմ է քվեարկել 912 անգամ, դեմ՝ 9 եւ 1 անգամ ձեռնապահ: Բացակայելով 35 անգամ՝ նա հրաժարվել է քվեարկությունից 8 անգամ: Դրա փոխարեն, 36 անգամ հարցապնդումներ է ներկայացրել, 2 անգամ խոսել ԱԺ ամբիոնից: Բնական է, որ Կարինե Պողոսյանի օրենսդրական գործունեությունը լիովին տեղավորվում է իշխող կուսակցության տրամաբանության մեջ, եւ նրա անցումը ՀՀԿ-ից ԲՀԿ չի կարող էական փոփոխություն համարվել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱԱԾ-ԻՆ՝ ՄԵՂՐ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ՝ 200-300 ԴՐԱՄ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշման մի նախագիծ է ներկայացնելու, որը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է տվել: Նախագծով առաջարկվում է պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանել ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաեւ լուցկու հատկացումը:
Երեկ այս առիթով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, որ 2008 թվականին շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, այլ տրամադրվում է համապատասխան գումար, ինչպես նաեւ՝ քաղցրավենիք մարտական դիրքերում: Նրա խոսքերով՝ նոր օրինագիծը վերաբերում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի եւ համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար. մեկ տուփ ծխախոտի չափով՝ 200-300 դրամ: Ստացվում է, որ պայմանագրային զինծառայողին ծխախոտի համար եթե հատկացվի 200 դրամ, ապա ինքը պետք է օրական ծխի 190 դրամանոց ծխախոտ եւ 10 դրամով գնի լուցկի: Նույնը՝ 300 դրամի դեպքում՝ 290 դրամանոց ծխախոտ եւ 10 դրամանոց լուցկի: Նշենք, որ հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում գրեթե չկա 200 դրամ արժեքով ծխախոտ: Ավելին՝ անցած տարվա դեկտեմբերին 280 դրամ արժեք ունեցող ծխախոտը 20 դրամով թանկացավ, օրինակ՝ թանկացել են «Monte Carlo», «Բրիլիանտ», «LD», «ONE» եւ այլ ծխախոտները, որոնք 280 դրամից դարձել են 300 դրամ: Իսկ ահա հայկական արտադրության «Երեւան», «Ախթամար», «Մասիս», «Գառնի», «Վան» սիգարետները վաճառվում են 300 դրամով: Միայն «West» սիգարետն է, որը 180 դրամով է վաճառվում, այն էլ առանց ֆիլտրի է: Հետաքրքիր է, թե ՊՆ ղեկավարը ինչ գնի ծխախոտ է առաջարկելու պայմանագրային զինծառայողներին:
Նշենք, որ պաշտպանության նախարարի նոր օրինագիծը, ինչպես 1000 դրամների նախագիծը, բուռն դժգոհություն է հարուցել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական հատվածում: Բանն այն է, որ քաղաքացիների մեծ մասը վստահ չէ, որ ծխախոտի համար նախատեսված գումարները կհասնեն պայմանագրային զինծառայողներին:
Իսկ ահա տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Սկզբունքորեն կողմ եմ բանակում առողջ ապրելակերպին, սակայն կողմ չեմ հատվածավորված լուծման տարբերակներին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԱԱԾ-ն տոննաներով մեղր ուտի, երբ ավելի նվազ վտանգավոր պայմաններում է գործում, իսկ սահման պաշտպանող զինվորը՝ ոչ: Առաջարկում եմ մեղրը եւս ներառել բանակի զինվորներին տրվող օրապահիկում, իսկ ԱԱԾ-ից այն իսպառ վերացնել»: Ապա «Ժողովուրդ»-ին նա ներկայացրեց պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված է, որ ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 1500 լիտր մեղր, որի համար հատկացվելու 4.5 մլն դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶՈՀՎԱԾԻ ՏՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԵԼ է

Փետրվարի 20-ին Լոռու մարզի Շահումյան գյուղում ձյան ծանրությունից ամբողջությամբ փլվել է Օֆելյա Աղբալյանին պատկանող տան հյուրասենյակի 100քմ եւ ննջասենյակի 60 քմ մակերեսով տանիքը: Փլուզման հետեւանքով բարեբախտաբար տան անդամներից եւ ոչ ոք չի տուժել:

Տան անդամներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փլուզման մասին հայտնել են ոչ միայն 911 ծառայություն, այլ նաեւ գյուղապետին ու մարզպետարան: Ներկայումս վտանգ կա, որ ցանկացած պահի տունը կարող է հողին հավասարվել:
Իհարկե, 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բնակարանի փլուզմանը տան տերերը վաղուց էին սպասում, սակայն այլ բնակարան տեղափոխվելու հնարավորություն չունեին: Տան տիրոջ՝ տիկին Օֆելյայի որդին, 1993թ-ին որպես պարտադիր ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախյան պատերազմին ու զոհվել: Ընտանիքի անդամները բազմիցս են դիմել գյուղապետարան, մարզպետարան, ինչպես նաեւ ՊՆ-ին՝ խնդրելով զոհված զինվորի ընտանիքին ապահովել բնակարանով: Սակայն …
Նշենք, որ 2007 թվականին ընտանիքը հաշվառվել է Լոռու մարզպետարանում կազմվող հերթացուցակում: Բնակարանի խնդրի հետ կապված Օ. Աղբալյանը վերջին դիմումը ներկայացրել է 2016 թվականին, այս անգամ վարչապետին: Այս դեպքում էլ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են՝ հերթացուցակում Ձեր հերթական համարն է՝ 467: Ասել է, թե դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչ իրենց հերթը հասնի. «2007 թվից հերթի մեջ ենք, սելը տեղից չի շարժվում: 10 տարում մեր հերթը 755-ից դարձավ 467: Էս տեմպով որ գնա, մեր հերթը չի հասնի: Դեպքը ըլնելուց մի հետ ա ըլնում: Նախարարություն որ գնացել էի, ասի՝ խնդրում եմ տեղերով տեղափոխվենք, երկու օր մենք գանք ձեր տանն ապրենք, դուք՝ մեր տանը: Եթե կապրեք, ուրեմն ես էլ բան չեմ ասի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց զոհված զինվորի կինը՝ Մարիամը՝ հավելելով. «Չենք քնելու, նստած որոշում ենք, թե ինչ անենք: Հա՛մ ուրախացել ենք, որ սենց լավ ենք պրծել, հա՛մ մտածում ենք՝, լավ, ո՞ւր գնանք, որտեղ մնանք»:
Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանի խոսքով՝ փլուզման վտանգի տակ գտնվող տանն այժմ ապրում են զոհվածի մայրը, կինն ու դուստրը: Գյուղապետի բնորոշմամբ՝ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում:
«Շատ հին տուն է, ապահովված չէ տարրական կենցաղային պայմաններով: Տան տանիքն ամբողջությամբ ամեն պահի կարող է փլվել»: Իսկ թե ինչ է անում գյուղապետը՝ բացի իրավիճակն արձանագրելուց, այդպես էլ, թերեւս, անհայտ կմնա:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս