Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը նշանակվեց Շիրակի փոխմարզպետ: Նշենք, որ Խ. Վարագյանը Արթիկի ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է: Խաչատուր Վարագյանը օրեր առաջ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին եւ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Շիրակի մարզում:
Խաչատուր Վարագյանին փոխմարզպետ դարձնելու հարցում մեծ դերակատարություն ունեն մի կողմից՝ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մյուս կողմից՝ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ու հատուկ Վարագյանի համար մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել եւ ավելացրել փոխմարզպետի երրորդ հաստիքը: Ու սա այն դեպքում, երբ մյուս կողմից նույն կառավարությունը հորդորում է կրճատել պետական ապարատի ծախսերը՝ օպտիմալացնելով պետական գերատեսչությունները: Բայց արի ու տես, որ այդ օպտիմալացումը վերաբերում է միայն սովորական աշխատակիցներին, որոնք չունեն թիկունք:
Իրականում ով է Խաչատուր Վարագյանը, ում համար դաշնակցական մարզպետը նման զոհողությունների է գնացել: Խաչատուր Վարագյանը ութամյա կրթություն ունի: Այն ավարտելուց հետո սովորել է Արթիկի ինդուստրիալ տեխնիկումում: Ապա ծառայել է բանակում, իսկ դրանից հետո էլ սովորել Մոսկվայի սննդարդյունաբերության ինստիտուտի ցորենի վերամշակման եւ պահպանման բաժնում, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում: Ապա՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ լինելով «Լյուքս» արտադրության տնօրեն, հետո՝ Արթիկի շրջկոոպի արտադրության բաժնի վարիչ: 1996 թվականին ցորենի վերամշակման մասնագետը հայտնվել է «Հայռուսգազարդ»-ում (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն) եւ նշանակվել Շիրակի ԳԳՄ-ի Արթիկի տեղամասի պետ (ի դեպ, այստեղից էլ նրա կապը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ): Եվ 2002 թվականին հեռանալով Արթիկի տեղամասի պետի պաշտոնից` Խաչատուր Վարագյանը շուրջ երեք տարի զբաղվել է անձնական բիզնեսով, 2005 թվականին նա նորից հայտնվել է «Հայռուսգազարդ»-ում եւ նշանակվել Շիրակի ԳԳՄ տնօրեն: Սակայն Շիրակի մարզի բնակիչները այդքան էլ լավ հիշողություններ չունեն կապված Խաչատուր Վարագյանի հետ: Քանի որ նրա հրահանգով տեսուչները մարդկանց զրկում էին գազից ամենաչնչին վճարումներն ուշացնելու համար: Խաչատուր Վարագյանն իրեն այս պաշտոնում պահում էր բդեշխի նման` համարելով, որ իր կամքն ու ցանկությունն արդեն օրենք են: Տնօրենը ժամանակ առ ժամանակ գազազրկել էր հատկապես Գյումրու մի շարք թաղամասեր, նա իր սկզբունքայնությունը կիրառել էր նաեւ տնակային ավաններում ապրող թշվառ ու աղքատ մարդկանց նկատմամբ… Իսկ ահա 2008 թվականին դառնալով Հանրապետական կուսակցության անդամ` Խաչատուր Վարագյանն ընտրվեց Արթիկի քաղաքապետ: Դեռ այդ ժամանակ խոսվում էր, որ դրանում մեծ դերակատարություն են ունեցել այն ժամանակ պատգամավոր, Արթիկի ներկայիս քաղաքապետ եւ բիզնեսմեն եղբայրները:
Այժմ Խաչատուր Վարագյանը եկել է մարզային իշխանության, որ իբր «զբաղվի աշխատատեղեր ստեղծելով»: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Խաչատուր Վարագյանի հետ:
-Պարո՛ն Վարագյան, ո՞վ է դերակատարություն ունեցել փոխմարզպետի պաշտոնում Ձեր նշանակման հարցում: Ձեր եղբա՞յրը, թե՞ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը…
-Ոչ ոք: Ես վարչապետի հրամանով եմ նշանակվել փոխմարզպետ:
-Դուք ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել եք Շիրակի մարզում…
-Կուսակցությունը առաջարկել է, ես էլ առաջարկությունն ընդունել եմ, աղջիկ ջա՛ն:
-Պարո՛ն Վարագյան, ՀՀԿ-ից ինչո՞ւ եք դուրս եկել: Պաշտոնի վերաբերյալ խոստումներ չե՞ք ստացել:
-Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս: Ես ասում եմ, որ ոչ մի բան դրա հետ կապ չունի: Փոխմարզպետի նշանակումը ընտրությունների հետ ամենեւին էլ կապ չունի:
-Իսկ կուսակցական գաղափարախոսությո՞ւնը…
-Սա ավելի հարազատ է:
-Ընտրական գործընթացները չե՞ն խանգարի փոխմարզպետի աշխատանքին: Չէ որ այն հանրային ծառայողները, որոնք առաջադրվելու հետ մեկտեղ ժամանակավորապես կասեցնում են իրենց աշխատանքային գործունեությունը…
-Ինչի՞ն պետք է խանգարի: Հա, ես էլ վաղը, մյուս օրը դիմում եմ գրելու ու ժամանակ եմ վերցնելու իմ հաշվին, որ մասնակցեմ ընտրություններին:
-Պարո՛ն Վարագյան, որո՞նք են Ձեր գործառույթները որպես փոխմարզպետ:
-2017 թվականից մինչեւ 2025 թվականները մարզում տարածքների զարգացման ծրագրերով պետք է զբաղվեմ: Ելնելով մեր բազմաթիվ ռեսուրսներից՝ գործարաններ պետք է կառուցեմ եւ նման բաներ: Ես ասում եմ՝ բավականին մեծ ներդրումներ պետք է կազմակերպեմ ունեցած մեր ռեսուրսների հաշվին: Դրսի ընկերությունները մեզ շատ են օգնելու էդ հարցում: Հիմնականում զբաղվելու եմ աշխատատեղեր ստեղծելով, որպեսզի ազգաբնակչության պակաս չլինի, եւ մարդիկ հնարավորություն ունենան ստեղծելու, աշխատելու, արարելու: Էլ ի՞նչ ասեմ:
-Իսկ Ձեր ՀՀԿ-ական եղբա՞յրը, կուսակցական պատկանելիության մասով խնդիրներ չունե՞ք նրա հետ:
-Ինքը ՀՀԿ-ին է պաշտպանելու, ես էլ իմ գործով եմ զբաղվելու: Բացարձակ մեկը մյուսին չի խանգարելու:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԳԱՅԼԵՐԻ ԿԵՐ ԿԴԱՌՆԱՅԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի Վանաձորի թղթակցի ահազանգով շաբաթ՝ ուշ երեկոյան, Վանաձորի մանկատուն են տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ գյուղի կիսախարխուլ շինությունում բնակություն հաստատած ամուսինների 3 մանկահասակ երեխաները, որոնք ունեն առողջական խնդիրներ: Բնակարանը, որն անտառի խորքում գտնվող անասնագոմ է հիշեցնում, չունի տարրական պայմաններ՝ լույս, ջուր, գազ, սանհանգույց: Երեխաները քնում էին սառը սալիկապատ հատակին: Ծնողները՝ Սուսաննան ու Հովհաննեսը, շատ հաճախ երեխաներին՝ 2, 6, 9 տարեկան, հաշմանդամություն ունեցող երեխաներին, փակում էին շինության մեջ ու դուրս գալիս տանից՝ վտանգելով փոքրիկների կյանքը:
Ամուսինները չեն աշխատում, 3 երեխաներից երկուսը հաճախում են հատուկ օժանդակ դպրոց, շաբաթ եւ կիրակի օրերին գտնվում են ծնողների հսկողության տակ, որն առավել քան վտանգում է երեխաների կյանքը: Չնայած սոցիալական ծայրահեղ ծանր վիճակին ու կենցաղավարության տարրական հմտություններ չունենալուն՝ ընտանիքի մայրը՝ Սուսաննան, 5-րդ երեխային է սպասում: Սուսաննայի առաջին երեխան արդեն 4 ամիս է՝ գտնվում է Սուսաննայի մոր խնամքին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սուսաննան 4 ամսվա ընթացքում երեխայի ճակատագրով հետաքրքրվել է մի քանի անգամ:
Խնդրի մասին տեղեկանալով՝ «Ժողովուրդ»-ը շաբաթ՝ ուշ երեկոյան, ահազանգեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների վարչության պետ Սասուն Խեչումյանին, ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովին ու Փամբակի գյուղապետին՝ հիշեցնելով, որ երեխաները ամեն պահի կարող են մահանալ ցրտից ու գիշատիչ կենդանիների հարձակումներից: Ստեղծված իրավիճակի մասին Լոռու մեր թղթակիցը նաեւ ոստիկանություն է հայտարարություն տվել երեխաներին սպառնացող վտանգի մասին: Հաշված ժամերի ընթացքում արդեն Փամբակի գյուղապետը մարզպետարանի պաշտոնյայի եւ ոստիկանապետի հրահանգով խնամակալության եւ հոգաբարձության նիստ գումարեց, ծնողներին մեկ անգամ եւս բացատրեց ստեղծված իրավիճակը:
Ծնողները տվեցին իրենց գրավոր համաձայնությունը երեխաներին մանկատուն տեղափոխելու մասով: Արդեն կեսգիշերին երեք մանկահասակ երեխաները տեղափոխվեցին Վանաձորի մանկատուն, որտեղ մասնագետների կողմից առողջական մի շարք խնդիրներ են հայտնաբերվել երեխաների մոտ: Թեեւ մայրը գիտեր, որ երեխաները խնդիրներ ունեն, երբեւէ նրանց բժշկի չէր տարել:
Այսպիսով՝ արձանագրենք, որ Սուսաննա եւ Հարություն ամուսինների երեք երեխաները արդեն մանկատանն են, մյուս երեխան՝ 10-ամյա Մոնիկան, գտնվում է տատիկի խնամքի տակ: Իսկ առաջիկա ամիսներին լույս աշխարհ եկող փոքրիկի մասին դեռ մտածել է պետք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 4 երեխաների մայր Սուսաննան թեպետ հերքեց, որ երեխաներին ունենում է փողի համար, սակայն նաեւ նշեց, որ 5-րդ երեխային էլ որոշել են ունենալ, քանի որ տնակի գումար է անհրաժեշտ: Հավելենք, որ բացի տնակի համար նախատեսված գումարից՝ երեխաներին նաեւ ամենամսյա նպաստ է տրվում, որն էլ փաստացի ամուսինների եկամտի աղբյուրն է դարձել: Ըստ ՀՀ կառավարության սահմանած որոշման՝ 5-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը ընտանիքին միանվագ վճարում է 1 միլին 500 հազար դրամ գումար: Իսկ ամսական նպաստի չափը անցնում է 50 հազար դրամի սահմանները:
Վստահաբար կարելի է պնդել՝ երեխաներին մանկատուն տեղափոխելով մենք կարողացանք կանխել երեք երեխայի սպասվող մահը:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի