«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրության կողմից արդեն ճանաչում եւ համակրանք վայելող անձանց անցած ճանապարհին, պարզում ենք` ինչի շնորհիվ է հենց նրանց հաջողվել դառնալ միլիոնից մեկը: Մեր զրուցակիցները բացահայտում են հայտնի լինելու առավելություններն ու թերությունները, պատմում են իրենց հանդիպած խոչընդոտների եւ դրանք հաղթահարելու իրենց ձեւերի մասին: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ:
2004-ին բացահայտվեց, 2010-ին` հասավ պիկի
Երգել սկսել եմ 6 տարեկանից, արդեն 12 տարեկանից հանդես եմ եկել պրոֆեսիոնալ բեմերում: Կարծում եմ` 2004 թվականին էր, երբ հանրության լայն շրջանակները սկսեցին ճանաչել ինձ: Այդ ժամանակ մասնակցեցի «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխությանը եւ արժանացա «Տարվա բացահայտում» մրցանակին: Ինձ, այսպես ասած, հայտնաբերեցին: Իսկ 2010-ը իմ կարիերայի պիկն էր: Այդ ժամանակ էր, որ մասնակցեցի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին եւ արժանացա առաջին մրցանակին: Ես միակ հայ երգչուհին եմ եղել, որը հաղթել է այդ մրցույթում:
«Ընտանիքս ստիպել է, որ այս ասպարեզն ընտրեմ»
Ընտանիքս նույնիսկ ստիպել է ինձ մուտք գործել երգարվեստ, ստիպել է, որ մասնակցեմ մրցույթների, որ այս ասպարեզն ընտրեմ: Իհարկե, այդ ցանկությունը ես էլ եմ ունեցել: Փոքր տարիքից մայրս եղել է կողքիս: Նա զգացել էր, որ շնորհ ունեմ եւ աջակցում էր ինձ: Առհասարակ, ընդունում եւ հաշվի եմ առնում յուրաքանչյուր պրոֆեսիոնալի կարծիք: Բայց առանձնապես չի եղել մեկը, որ ուղղորդի ինձ:
«Ուզում են ինչ-որ կերպ խոչընդոտել»
Ճանապարհը, որ ընտրել եմ, լի է հիասթափություններով, որոնք մինչեւ այսօր էլ ուղեկցում են ինձ: Բայց ուժեղ մարդը երբեք չի կոտրվում: Հայտնվում են մարդիկ` հենց երգարվեստի ներկայացուցիչներ, որոնք անընդհատ ուզում են ինչ-որ կերպ խոչընդոտել ինձ, բայց այն, ինչ Աստված պարգեւել է, հաստատ չեն կարող խլել ինձնից: Ինձ ստույգ տեղեկություններ են հասել այն մասին, որ շատերը փորձել են ներգրավել ինձ ինչ-ինչ համերգներում, բայց որոշ մարդիկ խոչընդոտել են այդ պրոցեսը, ուզեցել են իրենք առաջ ընկնել: Նման դեպքերում շատերը լքում են երկիրը, բայց ես` ոչ: Այդ ամենը ինձ առանձնապես չի մտահոգում, բայց, ամեն դեպքում, հակահարվածս չի ուշանում: Ես այն մարդկանցից չեմ, որոնք էմոցիաներն իրենց մեջ են պահում: Մի անգամ պատասխանում եմ, եւ դա ամբողջ կյանքի համար բավական է: Իհարկե, նախկինում ավելի ծանր էի տանում նման դեպքերը, իսկ հիմա հաճախ նաեւ արհամարհում եմ այդ մարդկանց:
Խաչն իր վրա է վերցրել բացասական էներգիան
Հավատքն իմ կյանքում շատ մեծ տեղ ունի, բեմ դուրս գալուց առաջ անպայման աղոթում եւ խաչակնքվում եմ: Ունեմ մկրտության խաչ, որը միշտ հետս է: Բացարձակ սնահավատ չեմ, բայց հավատում եմ բացասական էներգիայի զորությանը: Հիշում եմ մի դեպք, որը շատ է տպավորվել: Երբ մասնակցում էի «Նոր ալիք» մրցույթին, ընկերուհիս ինձ խաչ նվիրեց, որը, փաստորեն, հաջողություն բերեց ինձ: Բայց հետաքրքիրն այն էր, որ հենց դուրս եկա բեմ, խաչն ափիս մեջ ջարդվեց: Թերեւս այն իր վրա էր վերցրել այն ողջ բացասական էներգիան, որ գալիս էր դեպի ինձ:
«Ես խենթ եմ եւ դրանից չեմ վախենում»
Ես խենթ եմ եւ դրանից չեմ վախենում: Ունեմ պոզիտիվիզմ, որը կարող է ոմանց նույնիսկ տարօրինակ թվալ: Իմ կյանքում մեծ տեղ ունի հումորը, որն օգնում է այլ կերպ նայել դժվարություններին եւ հաղթահարել դրանք:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ
Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում փետրվարի 8-12-ը անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լեւոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի եւ Գավաթի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացրել է մշակույթի եւ արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական կենտրոնը, իսկ մրցույթի կազմակերպիչը եղել է ճանաչված «EPTA-MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը: Մրցույթի ժյուրիի կազմում եղել են դաշնակահարներ 22 երկրներից, այդ թվում` Մալթայից, Չինաստանից, Բուլգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից եւ այլն: