Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները կրկին անցել են գործի. ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով՝ սկսել են հայտարարել, թե այս անգամ իրենք ամենալավ ընտրություններն են անցկացնելու: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն էր ասել. «Մենք՝ որպես պետություն, ունակ ենք կազմակերպելու եւ անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը»: Երեկ էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ «առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ եւ կհամապատասխանի ժողովրդավարության չափանիշներին»: Եւ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, որն այսօր գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը. «Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»,- վստահեցրել է նա:
Միայն թե, նկատենք, որ իշխանությունների այս հայտարարություններին դժվար է հավատալ. ի վերջո, մեկ անգամ չէ, որ իշխող ՀՀԿ ներկայացուցիչները մեծից փոքր խոստացել են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, սակայն քվեարկության օրը տեղի է ունեցել հակառակը. ընտրակեղծարարության միջոցով նրանք գլխիվայր շուռ են տվել քվեարկության պատկերը: Ու բացի այդ՝ արդեն իսկ սկսվել է վարչական ռեսուրսն իշխող կուսակցության օգտին ծառայեցնելու գործընթացը: Եվ այս առումով պատահական չէ, որ չնայած ՀՀ պաշտպանության նախարարը գլխավորում է ՀՀԿ ընտրացուցակը, սակայն չի պատրաստվում մեկնել արձակուրդ, այլ ՀՀԿ քարոզարշավն անցկացնելու է պաշտոնական պարտականությունները կատարելուն զուգահեռ: Երեկ նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին (Ի դեպ, դժվար է ասել՝ երեկ նա խոսում էր որպես նախարար, թե որպես ՀՀԿ ցուցակի առաջնորդ): Երբ Վիգեն Սարգսյանին հարցրել են՝ ՀՀԿ քարոզարշավին մասնակցելն արդյո՞ք չի խանգարի զինված ուժերի ղեկավարմանը, նա պատասխանել է. «Իմ աշխատանքային օրը այսօր տեւում է առավոտվա 6.30-ից երբեմն մինչեւ գիշերվա 23.30-ը, եւ ես կարծում եմ՝ դրա մեջ բավական ժամ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի՝ նաեւ զբաղվեմ այն գործով, որը, որպես կուսակցության ցուցակի առաջին համար, պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»: Փաստորեն, նախարար Վիգեն Սարգսյանը չի հայտարարում անգամ քարոզարշավն աշխատանքային ժամերից հետո անցկացնելու մասին, այլ միայն նշում է, որ 6.30-ից 23.30-նն ընկած ժամանակահատվածում կա բավական ժամանակահատված, որ ե՛ւ նախարարություն ղեկավարի, ե՛ւ քարոզարշավ անի: Թե այդ դեպքում ինչպես է զուգակցելու ե՛ւ պաշտոնական պարտականությունների կատարումը, ե՛ւ ընտրարշավի անցկացումը, դժվար է ասել: Ավելին՝ նման մարտավարության դեպքում արդեն դժվար է ասել՝ արդյո՞ք նրան կհաջողվի լիարժեք իրականացնել պաշտպանության նախարարի գործառույթները: Նույնը կարելի է ասել նաեւ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակի մյուս ներկայացուցիչների մասին. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւս չեն պատրաստվում նախընտրական շրջանում արձակուրդ մեկնել: Ասել է, թե նրանք էլ իրենց հերթին են պատրաստվում վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացնել ՀՀԿ-ի համար:
Մինչ այդ, նկատենք՝ Վիգեն Սարգսյանը, հակառակ իր պնդումների, որ զինված ուժերին քվեարկության ժամանակ չեն ուղղորդի, արդեն իսկ ուղղորդելու փորձեր է արել: Նա ասել է, որ եթե զինվորները գոհ են իր աշխատանքից, ուրեմն ձայն կտան ՀՀԿ-ին: «Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր բարդությունները, չլուծված հարցերը, որ կան, դրանք եւս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը: Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ կրելու այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար: Դրա համար, ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ՝ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում, իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը, եւ որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է»:
Ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն, ով այս օրերին գտնվում է Հայաստանում՝ դիտարկելու նախընտրական վիճակը, «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե շատերն են ահազանգում, որ իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսներն է գործի դնում, ասել է. «Իհարկե, մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան, բայց երբ նոր ընտրական օրենսգիրք ես գրում, եւ օրենքում ամեն ինչ կարգին է, պետք է քաղաքական կամք դրսեւորես, որպեսզի կյանքի կոչես օրենքում գրվածը եւ արդար ընտրություններ անցկացնես: Դա կարող է դիտարկվել միայն ընտրություններից հետո»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՅԼԱՆԴԱԿ ՆԱԽԱՓՈՒԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե ընտրական նոր օրենսգիրքը «միանգամյա» օգտագործման օրենք է եւ հաջորդ ընտրություններում չի գործելու: Ըստ նրա՝ այդ օրենքը բավական վատն է, բավական խրթին ձեւակերպումներով, ինչի մասին խոստովանել են նաեւ իշխանությունները: «Եթե չլիներ «4+4+4»-ի ձեւաչափը, այս օրենքը կլիներ երեւի աշխարհի ամենավատ օրենքը»,- հավելել է նա: Մյուս կողմից, սակայն, ըստ Մանուկյանի, այս նոր օրենսգրքի պարագայում հույս կա, որ կես միլիոն կեղծ քվեարկողները «չեն մասնակցի» ընտրություններին: «Անցյալ ընտրություններից կես միլիոնով պակաս կլինի ընտրողների թիվը, որովհետեւ այս անգամ չեն քվեարկի անցած անգամների բոլոր այն քվեարկողները, որոնք ՀՀ-ում չեն եղել, բայց նրանց տեղը քվեարկվել է: Այս ընտրությունները մի փոքր տարբերվելու են մեր նախորդ ընտրություններից, միջազգային կառույցները խիստ ներգրավված են այս ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման գործում»,- ասել է նա:
ՆԻՍՏԻՆ ՉԿԱՆ
Նախընտրական այս շրջանում իրավապահ մարմիններին պաշտոնատար անձինք այնքան են «զբաղված», որ նրանց փոխարեն ՀՀ կառավարության նիստերին ներկա են գտնվում նրանց տեղակալները: Մասնավորապես երեկ ՀՀ կառավարության նիստին ներկա չէին ո՛չ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, ո՛չ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ընդ որում, եթե ոստիկանապետի բացակայությունն ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ (նա այս օրերին խորհրդակցությունների շարք է անցկացնում մարզերում եւ երեկ Կոտայքում էր), ապա Կուտոյանի բացակայության պատճառների մասին հայտնի չէ. համենայն դեպս, նրա այցերի, աշխատանքային հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություն երեկ չկար: Բայց պարզ է, որ նա էլ իր հերթին է այս օրերին զբաղված ընտրությունների «նախապատրաստական» աշխատանքներով:
ՉՈՒԶԵԼՈՎ ՀԱՆՈՒՄ ԵՆ
Կառավարության երեկվա նիստի ժամանակ հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի միջեւ: Վերջինս ներկայացնում էր որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Վարչապետի մի շարք հարցերին էլ չէր կարողանում կոնկրետ եւ կողմնորոշված պատասխան տալ: «Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում ենք»,- հետաքրքրվեց վարչապետը եւ մի քանի անգամ հնչեցրեց նույն հարցը: «Հա՛, հանում ենք, պարո՛ն վարչապետ»,- մի քիչ մտածելուց հետո ասաց Եղիազարյանը: «Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարո՛ն Եղիազարյան, ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել»,-եզրափակեց վարչապետը՝ անհարմար դրության մեջ դնելով Եղիազարյանին:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով, եւ ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ «ԲՈՒՄ»-Ը
«Տարին նոր է սկսվել, ես կարող եմ ասել, որ մեր կանխատեսումներով՝ արդյունաբերության աճ տարվա վերջում առնվազն 6-7% կարձանագրենք եւ միջինում 20-30% արտահանման աճ կարձանագրենք»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Ըստ նրա՝ բյուջեի հիմքում դրված 3.2% տնտեսական աճը կապահովվի։ Նախարարը նշել է, որ ներդրողներին նախընտրական իրավիճակն այդքան չի անհանգստացնում, եւ ներդրումներ արվում են։ Հարցին՝ կարո՞ղ ենք ակնկալել ներդրումային բում, Ս. Կարայանը պատասխանել է. «Արդեն սկսվել է»։
ԱՐԱՐԱՏԻՑ ՀԵՏՈ՝ ԿՈՏԱՅՔ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որին մասնակցել են վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Ներկա է եղել նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ոստիկանապետը ի թիվս այլ հանձնարարականների, նաեւ նախընտրական փուլի հետ կապված հանձնարարել է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ԿԱ
«Սահմանում լարվածության որոշակի աճ կա՝ օգտագործվող զինատեսակների առումով. այսօր օգտագործել են ականանետեր, թեթեւ հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, զգոնությամբ մոտենանք»,- երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որեւէ ձեւով չի կարող արդարացվել. «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ զինուժի խնդիրն է՝ ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»:
ԺԱՄԱՆԵՑ
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը ժամանել են Հայաստան: Նրանք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի շուրջ քննարկման շրջանակներում հանդիպում կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը կմասնակցի նաեւ Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր նոր պատրիարքի թեկնածուների թվում: