2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Եվ ահա 2017 թվականի փետրվարի 9-ին այս աղմկահարույց գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ ինչպես պարզեցինք՝ գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
Եվ այսպես` դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:
Ըստ այդմ, 2015թ. նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխել են միմյանց, առաձին ֆուտբոլիստների միջեւ:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին ապօրինի կաշառք տալը պատժվում է առավելագույնը ազատազրկմամբ երեք տարի ժամկետով:
Արդյունքում, «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը կալանավորվել էին:
Տեւական ժամանակ գործով կալանավորվածները բարձրաձայնում էին, թե իրենք կատարվածի հետ կապ չունեն, եւ իրենց անհիմն են կալանքի տակ պահում: Եվ ահա շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո այս աղմկահարույց գործը ուղարկվեց դատարան: Նկատենք, որ գործով կալանավորված բոլոր անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել: Սակայն քննության ընթացքում գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես պարզեցինք, որ բացի «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանից, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանից, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանից եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանից՝ գործով եւս մեկ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ: Վերջինս քաղաքացի Էդգար Պետրոսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու համար հաշվառված լինելով միջազգային բուքմեյքերական համացանցային տարբեր կայքերում, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով Ռուբեն Առուշանյանի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի հետ:
Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել այս գործով մեկ մեղադրյալի գործը առանձին քննել եւ ուղարկել դատարան: Վերջինս «Ուլիս 2» ակումբի մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանն է: Բանն այն է, որ ԱԱԾ-ն նախաքննության ընթացքում վերջինիս ճանաչել է անմեղսունակ, ուստի չի բացառվում, որ այս հանգամանքով պայմանավորված նրա մասով հարուցված քրեական գործը մյուս մեղադրյալների գործից առանձին է քննվելու:
Նշենք, որ սա միակ աղմուկը չէր ֆուտբոլային խաղը վաճառելու հետ կապված: 2015 թվականին Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն էր կրել, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել: Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին: Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում անելով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուր առմամբ 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք տվեց, ասել է, թե հանձնարարեց ուսումնասիրել մամուլի հրապարակումները, սակայն գործը գլուխ չեկավ, քանի որ միջազգային կառույցները, ըստ էության, չհիմնավորեցին իրենց հրապարակումները, եւ քրեական գործ չհարուցվեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾՈՒՋԱՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՇՏԱԲՈՒՄ
Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը:
Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել ՀՀԿ թեկնածու Մ. Մուրադյանին։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի եւ այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված ՀՀԿ մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել, Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մ. Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ոստիկանները գտնվում են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Սակայն, ինչպես պնդում են Մասիսի մեր աղբյուրները, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ եւ ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։ Այսպիսով՝ հանրապետականների ներսում սկսվել է ներքին «ռազբորկան», իսկ թե ինչով սա կավարտվի, դժվար է ասել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է Արայիկ Գրիգորյանին հանգստանալ եւ փակել պատմությունը։
12 ԱՐԱՐՔՆԵՐԸ
ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ 12 խումբ արարքների համար, որոնցից 8-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 4-ը՝ ՀՔԾ-ին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նաեւ ներկայացրել է քրեորեն հետապնդելի համարվող արարքները, որոնց թվում են .ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ հոդված 149, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը՝ հոդված 150. ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը՝ հոդված 152, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ հոդված 153, քվեարկության գաղտնիությունը խախտելը՝ հոդված 154, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելը կամ իրացնելը՝ հոդված 154.1, ընտրողի կողմից թեկնածուներից կաշառք ստանալը կամ ընտրողներին կաշառք տալը՝ հոդված 154.2, զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը՝ հոդված 154.4։
2 ՄԻԼԻՈՆԻ ՄՍԻ ԿՈՐՈՒՍՏ ՊՆ-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունում մսի մատակարարման հետ կապված նոր չարաշահումներ են հայտնաբերվել:
Մասնավորապես ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, պարենային պահեստի պետ, կոչումով ենթասպա Պարգեւ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ենթակայությանը հանձնված պահեստարանում առկա գույքին հետեւելու պարտականությունը անփութորեն է կատարել, ինչի հետեւանքով առաջացել է 1 միլիոն 975 հազար դրամի՝ մոտ 990կգ առանց ոսկորի խոզի մսի կորուստ:
Թե ինչպես է խոզի միսը անհետացել պահեստից, կամ ինչ նպատակով է այն օգտագործվել, պարզ կդառնա քննության ավարտից հետո:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՊՆ-ում մսի հատկացման գործընթացի հետ կապված աղմուկ է բարձրանում: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, ինչի արդյունքում պարզվել էր, որ զորամասերին տավարի ոսկրոտ միս վաճառելու փոխարեն գոմեշի միս է մատակարարվել: Չարաշահումների փաստով հարուցվել էր քր.գործ՝ խարդախության հատկանիշներով, որից հետո կալանավորվել էր Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Վերջինս ավելի ուշ վերադարձրեց պետությանը հասցված վնասը:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ կոմբինատի տնօրենն այդ ամենը ինքնագլուխ չէր արել: Նրան նման գործընթացի համար իր համաձայնությունն էր տվել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որն այս ամենի արդունքում ազատվեց պաշտոնից:
Չի բացառվում, որ այս դեպքում էլ մեղադրյալի աթոռին հայտնված ՊՆ N զորամասի զինծառայող պարենային պահեստի պետ Պարգեւ Կարապետյանը պաշտոնական անփութություն թույլ չի տվել եւ ՊՆ-ին մոտ 2 միլիոնի վնաս հասցրել, այլ այս ամենի հետեւում միանգամայն այլ բան կա:
Նշենք, որ Պարգեւ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Սարգսյանի կողմից:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԵՆՔ Է ԹՈՂԵԼ
Փետրվարի 22-ին՝ ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է եւ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը բեռնային համալիր մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճամփեզրի ցանկապատի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է անհայտ տրամաչափի 113 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաշեն ատրճանակ եւ 10 հատ գլանաձեւ պայթուցիկ նյութ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՓԱՄՓՈՒՇՏԻ ՊԱՅԹԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈ՞ՒՄ
2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋԱԴԵՊ
Փետրվարի 23-ին՝ ժամը 00:20-ին, Երեւան քաղաքի բնակիչ Ա. Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին եւ ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք: Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա. Եփրեմյանը չի տուժել: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով /խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով/ եւ 327.6-րդ հոդվածի 1-ին մասով /զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը/: Ա. Եփրեմյանը ձերբակալվել է: