Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պետական ծախսերը կրճատելու հորդորներին, մեր պետական պաշտոնյաները չեն պատրաստվում խնայողություններ անել: Ավելին՝ նրանք շարունակում են պետական միջոցները ծախսել՝ տարատեսակ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար:
Այդպիսի գերատեսչություններից է ՀՀ սահմանադրական դատարանը, որի գնումներին կանդրադառնանք ստորեւ: Նախ՝ հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին, երբ ՀՀ ազգային Ժողովում քննարկվում էր 2017 թվականի պետական բյուջեն, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը ԱԺ ամբիոնից խիստ «նեղացած» հայտարարում էր, որ իրենց հատկացված բյուջեն 33 մլն դրամով պակաս է նախորդից, քանի որ բյուջեի նախագծով զրոյացվել են ՍԴ-ի ընթացիկ ծախսերը, ինչը, ՍԴ աշխատակազմի ղեկավարի կարծիքով՝ տրամաբանական չէ: «Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի չենք վերանորոգել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է: Ստացվում է, որ մի ապակի կոտրվի, պետք է գնանք, գնենք: Բայց ընթացիկ ծախսերը պահելը օրենքի պահանջ է, որ ՍԴ-ն ինքն է տնօրինում իր բյուջեն, ոչ թե ամեն ինչի համար պետք է դիմի կառավարությանը»,- դեռեւս անցած տարի հայտարարել էր Առուշան Հակոբյանը՝ պահանջելով, որ ընթացիկ ծախսերի 3 մլն դրամն անպայման վերականգնվի նախատեսվող բյուջեով:
ՍԴ աշխատակազմի ղեկավարը բողոքել էր նաեւ, որ բյուջեով նախատեսված է էներգետիկ ծախսերի կրճատում: Նա չէր մոռացել այս դեպքում նույնպես պահանջել այն վերանայել ու վերականգնել: Իսկ մյուս կրճատումը, որի հետ Առուշան Հակոբյանը համաձայն չէր, դա տպագրական աշխատանքների ծախսերն էին: Բացի այս՝ նա պահանջում էր նաեւ վերանայել բյուջեի նախագծով կրճատված գրասենյակային ծախսերը:
Առուշան Հակոբյանի դժգոհություններից հետո ՍԴ-ն հրապարակել է 2017 թվականի գնումների պլանը: Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել բույսեր, ծաղիկներ սոխուկներ. 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ, որի միավորի արժեքը կազմում է 2500 դրամ: Թե ինչ տեսակի բույս է՝ պտղատու է, թե ոչ, հայտնի չէ: Իսկ 100 հատ սոխուկ ծաղկի համար ՍԴ-ն հատկացրել է 300 հազար դրամ, որի միավորի արժեքը կազմում է 3000 դրամ: Նկատենք, որ ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար:
Բացի այս՝ ՍԴ-ն ընթացիկ տարվա համար կգնի նաեւ ավտոմեքենայի շարժիչի կիսասինթետիկ յուղ՝ 230 լիտր, որի համար ընդհանուր նախատեսվել է հատկացնել 644 հազար դրամ: Այսինքն՝ մեկ լիտրի դիմաց՝ 2800 դրամ: Ավտոմեքենաների պահեստամասերի համար նախատեսվել է հատկացնել մոտ 1 մլն դրամ, դրանց վերանորոգման ծառայությունների համար՝ նույնքան:
Ի դեպ, Սահմանադրական դատարանի անդամները, բացի ծաղիկներ մշակելուց, սիրում են նաեւ ամսագրեր կարդալ: ՍԴ-ն ընթացիկ տարվա համար կգնի ոչ միայն թերթեր, այլեւ ամսագրեր: Նախատեսվել է գնել 30 հազար դրամանոց ամսագիր՝ 12 հատ, որոնց համար կհատկացվի 360 հազար դրամ: Նաեւ՝ 6 հատ ամսագիր, որոնց համար կհատկացվի 43 հազար 200 դրամ՝ միավորի արժեքը՝ 7200 դրամ:
Իհարկե, ՍԴ-ի գնումները առանց զուգարանի թղթի անհնար կլիներ պատկերացնել. այսպես՝ ՍԴ-ն զուգարանի թղթի համար ընդհանուր հատկացրել է 90 հազար դրամ, որի միավորի արժեքը կազմում է 150 դրամ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ ՍԴ-ի շենքի ընթացիկ վերանորոգման հետ կապված անհանգստությունը կարծես թե անցել է: Քանի որ ՍԴ-ն իր գնումների պլանում գումար է նախատեսել նաեւ շենքի ընթացիկ վերանորոգման համար՝ 3 մլն դրամ:
Ընթացիկ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի համար ՍԴ-ն նախատեսել է հատկացնել 6 մլն 335 հազար 400 դրամ, գազի համար՝ մոտ 4.7 մլն դրամ, խմելու ջրի համար՝ 1.5 մլն դրամ, տեղային հեռախոսային ծառայությունների համար՝ 3.5 մլն դրամ, բջջային հեռախոսների ծառայությունների համար՝ 2 մլն 895 հազար 600 դրամ: Հետաքրքիր է նաեւ այն, որ ՍԴ-ն ներկայացուցչական ծառայությունների համար նախատեսել է հատկացնել 15 մլն 790 հազար դրամ: Իսկ ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայությունների համար կհատկացվի 96 հազար դրամ:
Անդրադառնանք ամենակարեւոր ձեռքբերումներից բենզինի գնմանը: Այսպես՝ ՍԴ-ն ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել նաեւ 56 հազար լիտր բենզին՝ պրեմիում տեսակի, որն, ի դեպ, ավելի թանկ է, քան ռեգուլյարը: Եւ բենզինի նշված քանակի համար ՍԴ-ն պետական միջոցներից կհատկացնի մոտ 18.5 մլն դրամ: Այսինքն՝ ըստ գնումների պլանի՝ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրի դիմաց նախատեսվել է վճարել 330 դրամ: Սակայն նկատենք, որ այս ընթացքում ՀՀ բենզալցակայաններում պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 380-390 դրամով: Բնականաբար, ՍԴ-ն նույնպես իր գնումների պլանում փոփոխություններ կանի, ինչի արդյունքում բենզինի համար հատկացվող գումարի չափը կավելանա:
Սակայն մի ուշագրավ փաստ նկատենք. ՍԴ-ն, իր անցած տարվա գնումների պլանի համաձայն, ձեռք է բերել 45 հազար 600 լիտր բենզին, իսկ այս տարվա համար՝ 56 հազար լիտր: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ՍԴ-ն իր կարիքների համար նախատեսված բենզինի քանակը 10 հազար 400 լիտրով ավելացրել է: Ինչը շատ զարմանալի է: Արդյոք ընդամենը 9 անդամ ունեցող ՍԴ-ն այդքան շատ բենզինի կարիք ունի: Ի դեպ, ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 28 լիտր բենզին: Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական ավելի քան 220 կիլոմետր ճանապարհ են կտրում՝ դատարան հասնելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԷԼԻ ԾՆՆԴԿԱՆԻ ՄԱՀ
Ալավերդիի բժշկական կենտրոնում մահացած 33-ամյա ծննդկան Անժելա Ղազարյանի հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են բժիշկներին:
Մահացածի ամուսինը՝ Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր կինը հղիության 9 ամիսների ընթացքում պարտաճանաչ անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, բժիշկները վստահեցրել են՝ որեւէ խնդիր չկա. «Ամսի 9-ին տարա կնոջս, պառկացրեցին, ամսի թե 10-ին ու 11-ին գնացի տեսակցության, վստահեցրեցին՝ ամեն ինչ նորմալ է: Ամսի 12-ին հիվանդանոցից զանգեցին, ասեցին կինդ վատ է, վիրահատության կարիք կա՝ եկեք, ստորագրություն տվեք: Բժիշկը հիվանդանոցում ասեց, որ կյանքի ու մահվան կռիվ է գնում»: Ամուսինը տարակուսած է, որ եթե խնդիր կար, ապա այն պետք է հղիության ընթացքում արված հետազոտությունների ժամանակ ի հայտ գար: Բայց այդ ընթացքում քանիցս ասվել է, որ որեւէ բարդություն չի եղել:
Նշենք, որ Անժելան 4 երեխաների մայր է, նրանք բոլորը ծնվել են բնական ճանապարհով: Կնոջ մահվան հիմնական մեղավորն, ըստ ամուսնու, բժիշկների անտարբերությունն ու անուշադրությունն է եղել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արտակ Դավթյանի ազգականի՝ Կարեն Տիրացույանի հետ, ով առավել գլոբալ ներկայացրեց խնդիրը: Նա նկատեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան առաջին ու միակ դեպքը չէ, բժիշկները ծեր են, թոշակառու, բայց աշխատում են. «87 տարեկան բժիշկները եկել, ծնունդ են ընդունում՝ ակնոցները աչքերին, 4 երեխու յեթիմ թողեցին»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Մարինե Մատիչյանի հետ, ով ընդունել է Անժելայի ծնունդը: Նա եւս վստահեցրեց, որ կինը հիվանդանոց ընդունվելու ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել. «Ցավերն ուժեղացան, սիստեմա միացրեցինք, գիշերը 2:30 սկսվեցին ճիքերը, տարանք ծնարան: Ծնունդը սկսվում էր, Անժելան ասեց, որ չի կարողանում ուժ տալ ձեռքերը չի զգում, հետո ասեց՝ լեզուս էլ չեմ զգում, թուլանում եմ…: Երեխեն ծնվեց, միայն սրտի թույլ բաբախ ուներ, պայքարեցինք երեխու համար, փրկվեց երեխեն: Համապատասխան միջամտություններ արեցինք: Անժելան ասում էր, որ լավ է, բայց տարօրինակն այն էր, որ երբ մենք երեխայով էինք զբաղված, Անժելան քար անտարբեր էր, ոչ մի ռեակցիա չէր տալիս երեխային, ոչ մի բան չէր հարցնում: Պահի տակ Անժելան կռեսլոյի վրա շրջվեց ու ուշագնաց եկավ: Մյուս բժիշկներին օգնության կանչեցինք, Անժելան սկսեց արնահոսել: Տարանք վիրահատարան»,-նկարագրեց բժշկուհին՝ վստահեցնելով, որ իրենց կողմից արվել է հնարավորն ու անհնարինը, բայց ծննդկանին փրկել չի հաջողվել:
Բժշկուհու խոսքով՝ մահվան պատճառը թերեւս արգանդի վնասվածքն է եղել. «Անժելայի մոտ 9-րդ հղիությունն էր, 4 ծննդաբերություն, 3 աբորտ, 2 վիժում: Արգանդի վրա մատի չափով անցք էր առաջացել՝ պատռվածք: Գուցե արգանդի պատը բարակած է եղել, մենք նաեւ տրոմբոէմբոլիա ենք կասկածում»,-բացատրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մահվան հիմնական պատճառը կտա փորձաքննությունը: Տեղեկացնենք, որ 3.7 կգ քաշով ծնված երեխան անմիջապես տեղափոխվել է Երեւան, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնում սա ծննդկանի մահվան երկրորդ դեպքն է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Իսկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը շարունակում է մահացած ծննդկանների հարազատներին ցույց տալ «մորգի» ճանապարհը: Դրա համար էլ որեւէ դեպք դաս չի լինում:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր