ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման ժամանակ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը ներկայացրել էր 2016-ի տարեկան հաշվետվությունը: Իսկ նախարարն էլ իր դիտարկումներն էր արել. «Մենք պետք է շտապ որոշում կայացնենք. ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, որի հետ եւ կմշակեք ձեր ստեղծագործական ծրագրերը՝ Կամերային երաժշտական թատրոնի ցուցանիշները լավացնելու համար: Առաջիկա տասն օրերի ընթացքում կփորձենք լուծել գեղարվեստական ղեկավարի հարցը: Դրանից հետո երկու շաբաթ կտրվի՝ նրա հետ գործնական ծրագիր մշակելու եւ ներկայացնելու համար»,-ասել էր պարոն Ամիրյանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, դեռեւս մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում ասել էիք, որ չեք շտապում նոր գեղարվեստական ղեկավար նշանակել` պատճառաբանելով, որ թատրոնի ներքին հոգեբանական մթնոլորտը կայունացնելու համար ժամանակահատված է պետք: Հիմա պարոն Ամիրյանը շտապեցնում է Ձեզ եւ նույնիսկ ժամկետներ է նշում: Ի՞նչ եք մտադիր անել:
-Մեզ ժամանակ էր պետք, որպեսզի թատրոնը հանգստանար: Իհարկե, սեպտեմբերից դրվել էր գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը, քանի որ նոր թատերաշրջան էր սկսվում: Սակայն մշակույթի նախարարի փոփոխությամբ պայմանավորված` այդ հարցը ձգձգվեց: Կարծում եմ` շուտով այն կլուծվի:
-Արդեն աչքի տակ ունե՞ք թեկնածուներ:
-Թեկնածություններ, իհարկե, կան, բայց դրանք առայժմ չեն հրապարակվում, որպեսզի տարակարծությունների տեղիք չտան: Մեր միակ նպատակն է ունենալ պրոֆեսիոնալ գեղարվեստական ղեկավար, որը կկանգնի ստեղծագործական պրոցեսների գլխին եւ կկարողանա իր գործով զբաղվել, որպեսզի ակամայից չվերածվի նաեւ տնօրենի:
-Մեկ տարի առաջ կարծիք էիք հայտնել, որ ավագ սերունդը մեր թատերական դաշտում իր ամբիցիաներից վերեւ չի բարձրանում: Կարելի՞ է ենթադրել, որ մտադիր եք ճանապարհ տալ երիտասարդ սերնդի ներկայացուցչի:
-Ավագ սերունդը ամբիցիաներ չունի, ուղղակի մոտեցումների առումով նորարար չէ: Ընդհակառակը, երիտասարդ սերունդն ունի ամբիցիաներ: Ժամանակակից թատրոնը պահանջում է կրեատիվ մոտեցումներով, նորարարական գաղափարների տեր, միջազգային փորձառությունն աչքի առաջ ունեցող գեղարվեստական ղեկավար: Ինչ վերաբերում է երիտասարդի ճանապարհ տալուն, իսկ ինչու ոչ: Եթե մենք կոչվում ենք երաժշտական թատրոն, այն պետք է առավելագույնս համահունչ լինի դրա պահանջներին: Մեր նպատակն է ներկայացումները տարբեր շերտերի համար ընկալելի դարձնել:
-Պարոն Ամիրյանը տարեկան հաշվետվության ընթացքում նշել էր, որ պետք է ժամանակի հետ քայլել սովորել, հարկավոր է ակտիվանալ սոցցանցերում, արդյունավետ փիարի տարբեր ուղիներ գտնել: Որքանո՞վ եք համաձայն նրա հետ եւ արդյո՞ք հետամուտ եք այդ նկատառումներին:
-Շատ տեղին էր նախարարի դիտարկումը, որովհետեւ այսօրվա թատրոնները, հատկապես` պետական հիմնարկները, հեռուստատեսությամբ, ռադիոյով գովազդ տալու հնարավորություն չունեն, ուստի ներկայանալու լավագույն հարթակը դառնում են սոցցանցերը: Պետք է այդ առումով ավելի հետեւողական լինել, մասնագետների ուղղորդմանը հետեւել: Մտադիր ենք նաեւ թատրոնի կայքէջը եռալեզու դարձնել:
-Այսինքն` թատրոնին անհրաժեշտ է ոչ միայն թարմ մոտեցումներով գեղարվեստական ղեկավար, այլեւ այդպիսի տնօրեն:
-Ես թատրոն եմ եկել հենց նման թարմ մոտեցումներով: Մինչեւ տնօրեն նշանակվելս եմ ներկայացրել թատրոնի զարգացման հայեցակարգ` հինգ ուղղություններով: Իհարկե, եթե ես էլ բարվոք վիճակում թատրոն ժառանգեի, ինձ համար ավելի հեշտ կլիներ: Բայց մի բան է ծրագրեր մշակելը, մեկ այլ բան` իրողությանը բախվելը: Ուրեմն, պետք էր նախապատրաստվել: Օրինակ` երբ ասում ենք անհրաժեշտ է թատրոնը գովազդել սոցցանցերում, պետք է հասկանանք` ինչն ենք գովազդում: Եթե պետք է նախկին վիճակը գովազդեի, դա խայտառակություն կլիներ: Մեզ ժամանակ էր պետք. երեք ամսում թատրոն վերանորոգելը կատակ բան չէ:
Սկզբում դրանով ենք զբաղվել, հետո արդեն` ստեղծագործական հարցերով: Իսկ, առհասարակ, ժամանակակից երաժշտական թատրոնը պահանջում է տեխնիկական զինվածություն. ձայնագրման ստուդիա ունենալը մեզ համար պարտադիր է: Ցանկալի կլիներ ունենալ նաեւ կադրերի պատրաստման լուրջ ստուդիա` մասնագետների ներգրավմամբ: Բացի այդ` ուզում ենք ապահովել սերնդափոխություն նաեւ մեր կողմից առաջադրվող կադրերով:

 

 

 

 
ՖՈՒԼՀԱՈՒՍՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մարտի 13-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր՝ 6-րդ եթերաշրջանը: Արդեն հայտնի է, որ նախագծն ունենալու է երկու նոր հերոս, որոնց կմարմնավորեն դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը (հանդես կգա Լիկայի հոր ընկերոջ որդու դերում, որը նվեր էր ուղարկել նրան) եւ դերասանուհի Թամարա Պետրոսյանը (կփորձի օգնել Սերգեյին, որպեսզի տիկին Տամարան նրանից ապահարզան պահանջի, եւ Սերգեյը կարողանա ստանալ նրա ունեցվածքի կեսը):

«Ժողովուրդ»-ը սիթքոմի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվեց՝ դժվար չէ արդյոք նույն կերպարների շուրջ կառուցել նոր պատմություններ, որոնք չեն ձանձրացնի հեռուստադիտողին. «Իհարկե, դժվար է, բայց մեր գնահատմամբ՝ նախագիծը դեռ չի սպառել իրեն: Ամեն ինչ անում ենք, որ հետաքրքրությունը պահենք, անակնկալներով լի եթերաշրջան ենք խոստանում: Ամեն եթերաշրջանից առաջ մեր թիմով ամբողջությամբ նոր, նախորդ եթերաշրջանից ռադիկալ կերպով տարբերվող սյուժե ենք մտածում` իհարկե, որոշ հիմնական գծեր պահպանելով»,-մեկնաբանեց Գրիգորը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտին «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը հյուրախաղերով լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, ապա նաեւ՝ Եվրոպայում:
Իսկ դրանից հետո արդեն ֆուլհաուսցիները հանդես են գալու հերթական անակնկալով: Գրիգորը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերին Երեւանում սպասվում է սիթքոմի թիմի անդամների՝ ամբողջությամբ նոր ծրագրով համերգը. «Այս ծրագիրը մեր նախորդ համերգի ծրագրի հետ ընդհանրապես ոչ մի կապ չի ունենալու: Մենք, իհարկե, կարող էինք շարունակել ներկայանալ հին ծրագրով, բայց նախընտրեցինք թարմ շունչ հաղորդել համերգին: Շատ հնարավոր է, որ ծրագրի շրջանակում ընդգրկենք նաեւ մեր նոր դերասաններին: Ամեն բան կախված է այն հանգամանքից, թե ինչպես հեռուստադիտողը կընդունի նրանց խաղը: Համերգում տեղ կգտնեն նաեւ երաժշտական համարներ: Հանդիսատեսը կտեսնի այնպիսի իրավիճակներ, որոնք հեռուստատեսությամբ հնարավոր չէ տեսնել, եւ որոնք նախատեսված են հենց բեմի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրով հանձնարարել է առանձնացնել պիլոտային թաղամաս եւ իրականացնել հատակագծման եւ ինժեներական աշխատանքներ: ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա, ուստի անհրաժեշտ է գործնական քայլեր սկսել այդ ուղղությամբ: «Հանձնարարում եմ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչեւ 2017 թվականի հունիսի 10¬ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս եւ մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաեւ ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը»,¬ ասել է Կարապետյանը:

 

 

ՁԻԹՈՂՑՅԱՆԸ` ՍԱՐԱՆԴՈՆԻ ՀԵՏ
Հանրահայտ դերասանուհի Սյուզան Սարանդոնը հանդես կգա Արթուր Բոլդերի «Ամերիկյան հայելի» նոր փորձարարական վավերագրական ֆիլմում` Նյու Յորքում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը: Ֆիլմի պրոդյուսերը Դեւիդ Շարան է: Ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Էշլի Հինշոուն եւ Ֆլորենս Ֆեւրը, թոփմոդել Հիլարի Ռոդան, թանկարժեք իրերի դիզայներ Մորգան Շարան:
Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երեւանում, իսկ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:
 

ԷԼԹՈՆ ՋՈՆՆ ՈՒ ԵՂԵՌՆԸ
Աշխարհահռչակ երգահան, երգիչ Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կազմակերպությունը` The Elton John AIDS Foundation EJAF-ը, Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Հոլիվուդում ավանդաբար կազմակերպվող երեկույթի շրջանակում կկազմակերպի «Խոստում» ֆիլմի դիտումը: ««Խոստում» ֆիլմի թեման կարող է մեկնաբանվել որպես հիշելու եւ անցյալի չարագործությունների մասին իմանալու խոստում: #KeepThePromise եւ այնպես արեք, որ այս ֆիլմի մասին հնարավորինս շատ մարդ իմանա»,-ասված է երգչի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան: Այնտեղ նկարահանվել են հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտա Լը Բոնը, ռեժիսորը Թերի Ջորջն է, պրոդյուսերը` Քըրք Քըրքորյանը, իսկ երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Վերջերս Open Road Films Production-ը ձեռք է բերել ֆիլմի վարձույթի իրավունքը:




Լրահոս