Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններ է անցկացնում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եւ անդրադառնում ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին:
«Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված, որ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան»,- նշել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա այս հայտարարության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, հետեւե՞լ եք ՀՀ ոստիկանապետի հայտարարությանը՝ կապված ընտրակաշառքների հետ:
-Հայտարարությանը ծանոթ չեմ:
-Ըստ ոստիկանապետի՝ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն նա չի կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն ու հայտարարություն տա այն մասին, որ ընտրակաշառք է վերցրել:
-Համենայնդեպս, այդ երեւույթի դեմ այդ կարգի պայքարով արդյունքի չեն հասնի: Սպասել, թե քաղաքացին երբ իրենց հայտարարություն կտա… Քիչ թե շատ ընտրություններին մասնակցած ցանկացած անձ, հատկապես համայնքային շտաբներում, շատ լավ գիտի, բոլորը գիտեն, թե շենքում ով է փող բաժանում, այն որտեղից է գալիս: Այդ ամենը իշխանական լծակների արդյունքում է: Այսինքն՝ եթե իշխանությունները, չուզենան, միանգամից այդ բաժանման խնդիրը չի լինի: Եթե, Աստված մի արասցե, քաղաքական մի ընդդիմություն ուզենա փող բաժանել, ընդամենը դա կտեւի 15 րոպե, բոլորը կբացահայտվեն: Այնպես որ, այդ երեւույթի դեմ ոչ թե պետք է սպասեն, որ ինչ-որ հայտարարություն լինի, այլ ընդամենը իշխանությունների կողմից բարի կամք է պետք այդ արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար: Դա ոստիկանության լավ աշխատանքից կախված բան չէ, դա Ձեզ հավատացնում եմ: Ոստիկանությունը իշխանության առանցքում մի փոքր բան է եւ իրեն ինչ չափով որ թույլատրում են, այն չափով էլ իրենք աշխատում են այդ երեւույթի դեմ: Ոստիկանությունը ի զորու է, եթե նրան քաղաքական իշխանությունը թույլատրի:
Քնար Մանուկյան