Ինչու է ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացին կարող է դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ խնդրելով իրեն ներառել այն ընտրատեղամասի ցուցակում, որտեղ ինքը գտնվելու է քվեարկության օրը: Եւ ահա օրենսդրական այս հնարավորությունը ՀՀԿ-ական շատ թեկնածուներ փորձում են ծառայեցնել իրենց օգտին. հատկապես գործարար պատգամավորները ստիպում են իրենց աշխատակիցներին, անկախ բնակության վայրից, ընդգրկվել իրենց ընտրատարածքների լրացուցիչ ցուցակներում, որպեսզի շատ ձայն ստանան:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, որը նշեց, թե իրենք փորձում են ընտրացուցակները համացանցի միջոցով «կապել» բնակչության պետական ռեգիստրի հետ, որպեսզի վերջնական ցուցակները հրապարակելուց առաջ ցանկացած պահի հնարավոր լինի առավել ռեալ պատկեր տեսնել: «Առաջիկա մեկ-երկու օրում խնդիրը կկարգավորվի, եւ ընտրական իրավունքի իրականացման տեսանկյունից ոչ մի քաղաքացու իրավունք չի խախտվի»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս