Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:
Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը եւ խուսափել զոհերից.
«Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել եւ բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջեւ քննարկման հնարավորություններ կստեղծեն»:
Նախկին դիվանագետ իսկ այսօր՝ Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց նաեւ իր դիվանագիտական աշխատանքից: Դեսպան Ուորլիքի խոսքով, մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները.
«Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր եւ նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»: Սակայն, նշում է դեսպանը, պատերազմի ժամանակն անհրաժեշտ է անցյալում թողնել, այժմ խաղաղության ժամանակն է։
Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները»: