Ի՞նչն է համայնքապետի երիտասարդ քրոջն ինքնասպանության դրդել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ամյա Նարե Նավասարդյանը:

Նավասարդյան քույրերը Երևանի Դավիթաշեն թաղամասում երկուսով վարձով էին բնակվում: Դեպքի վայր ժամանած ArmLur.am-ի թղթակցին հարևանները հայտնեցին, որ երիտասարդ աղջկա կախված դին հայտնաբերել է կրտսեր քույրը, ով երևանյան բուհերից մեկում է սովորում: Ինչը կարող էր Նարեին նման քայլի դրդել, մեր զրուցակիցները դժվարացան ասել. «Խելոք, համեստ էրեխեք են: Չէինք էլ նկատում՝ ոնց էկան, ոնց գնացին: Ապշած ենք բոլորս: Երեկվանից ուշքի չենք գալիս. ինչ կատարվեց, չհասկացանք»,- մեզ հետ զրույցում ասացին հարևանները:

Վերջիններս կարծում են՝ կատարվածը անձնական դրդապատճառներ ունի: Ըստ նրանց՝ սոցիալական, ընտանեկան կամ առողջական որևէ խնդիր 25-ամյա աղջիկը չուներ:

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ինքնասպան եղած աղջիկը Լոռու մարզի Մղարթ համայնքի 26-ամյա ղեկավար Երվանդ Նավասարդյանի հարազատ քույրն է: Մեզ հաջողվեց պարզել, որ ինքնասպանություն գործած աղջիկն աշխատում էր Երևանի խանութներից մեկում:

Նրա հայրը՝ Վաչիկ Նավասարդյանը, երկար ժամանակ եղել է Մղարթ համայնքի ղեկավարը: 2015թ.-ի նոյեմբերի 18-ին հանկարծամահ է եղել: 2016թ-ի հունվարի 24-ին կայացած ընտրության արդյունքներով գյուղապետ է ընտրվել Վաչիկ Նավասարդյանի կինը՝ ՀՀԿ-ական Արմինե Մամաջանյանը, ով Մղարթի դպրոցի ուսուցչուհի էր: Մեկ տարի անց նոր ընտրություն է կայացել, որից հետո գյուղապետի պաշտոնը ստանձնել է արդեն նրանց որդին՝ Երվանդ Նավասարդյանը:

Կատարվածը ցնցել է ողջ գյուղը: Նավասարդյաններին ճանաչողները ընտանիքին բնութագրում են որպես հանգիստ և համեստ մարդկանց:

Հավելենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս