Քաղաքական պրոցեսներն են ազդում սահմանային լարվածության վրա. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է: Չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ հակառակորդն արդեն գործի է դնում ծանր զինտեխնիկա և հայկական դիրքերը գնդակոծում խոշոր տրամաչափի ականանետերից և նռնականետերից:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանային լարվածությունը միշտ էլ եղել է. «Հիմա ակտիվ է, որովհետև ինչքան քաղաքական պրոցեսներ լինում են, դրանք  ազդում են սահմանային լարվածության վրա. Արցախի Սահմանադրական փոփոխություները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ Հայաստանում: Միջազգային արենայում ղարաբաղյան հարցն էլ ավելի քննարկվեց, իսկ ապրիլյան դեպքերից հետո մենք գիտենք, որ այդ լարվածությունը երբևէ չի էլ թուլացել»:

Մեր զրուցակիցի դիտարկմամբ՝ չի բացառվում, որ չդադարող գնդակոծությունները ավելի լայն պատերազմի սկիզբ լինեն:

«Մենք պետք է պատրաստ լինենք հակահարված տալ: Քանի մենք այս կրավորական կեցվածքով ենք փորձում պատասխանել, կլինեն նման դեպքեր»,-ընդգծեց նա:

Ռազմիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ մենք կարող ենք ունենալ ժամանակակից պաշտպանական համակարգ միայն այն դեպքում, երբ կունենանք նորմալ տնտեսություն, որի դեպքում կկարողանանք գնել ժամանակակից պաշտպանական համակարգեր, որոնցով կկարողանանք նորմալ կազմակերպել պաշտպանություն:

«Այս իշխանություների վարած քաղաքականության արդյունքում ես հույս էլ չունեմ, որ կունենանք այնպիսի տնտեսություն, որն ի զորու կլինի միջոցներ ունենալ արդիական զենքեր գնելու համար»,-իր խոսքն ամփոփեց ազատամարտիկը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս