Փետրվարի 23-ի ուշ երեկոյան Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցած միջադեպով հետաքննությունը շարունակվում է: Այս մասին, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կա՞ն արդյոք բերման ենթարկվածներ կամ քննչական այլ գործողությունների մասնակցածներ, պարզել չհաջողվեց:
Արդյո՞ք, հերթական դեպքը ծածկադմփոց կարվի, դժվար չէ կռահել:
Հիշեցնենք՝ նշված օրը իրար են բախվել Արարատում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանի և Հանրապետական մյուս թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակիցները: Բախման արդյունքում մի հոգի տուժել և մարմնական ծանր վնասվածքներ է ստացել: Մասիսում տարածված տեղեկությունների համաձայն՝ երիտասարդին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև նրան ծանոթ, մտերիմ մարդիկ:
Ի դեպ, Գրիգորյաններն ու Մուրադյանները նաև բարեկամական կապեր ունեն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։
ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։
Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։
Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
Եվ նախորդ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հավաքել էր բոլոր ռեյտինգայիններին և սաստել՝ «չափը չանցնել»:
Այս հայտարարությունից հետո, կարծես, կողմերը հանդարտվել են, հնարավոր վենդետան կասեցվել է: