Փետրվարի 28-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության նախորդ տարվա արդյունքները և հանձնարարեց աշխատանքում առաջնորդվել առավելագույնին ձգտելու սկզբունքով:
Անդրադառնալով համապետական ընտրությունների շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ ոստիկանության պետը կարգադրեց գործնական պարապմունքների ընթացքում լիարժեք տիրապետել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթներին, սերտորեն աշխատել քաղաքացու հետ, ամեն ինչ անել բարոյահոբանական առողջ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանը ընդգծեց, մասնավորապես, ընտրակաշառքի երևույթի դեմ պայքարի կարևորությունն ու առանձնահատկությունները:
Ոստիկանության պետն առանձնացրեց նաև ընտրացուցակների հետևողական կատարելագործման խնդիրը:
Ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքի առարկայական վերլուծությունից ու քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի գործունեության գերնպատակի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն առաքելութան մասին.
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: