Ինչու Վահան Բաբայանն այդպես էլ չհայտնվեց որևէ ուժի ընտրական ցուցակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս եկած, անցած տարի Ռեֆորմիստական կուսակցություն հիմնած, հետո այդ նորաթուխ կուսակցության անունից Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հավատարմություն հայտնած Վահան Բաբայանն այդպես էլ չհայտնվեց որևէ ուժի ընտրական ցուցակում։ Վաստակաշատ ճամբարափոխ Բաբայանը, ով հասցրել է 5-6 կուսակցություն փոխել՝ սկզբում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության, հետո՝ «Հանրապետության», ապա՝ Երիտասարդական կուսակցության, մի շրջան էլ ՄԻԱԿ-ի անդամ լինելով, իր կարիերայի պիկին հասել է Ծառուկյանի ԲՀԿ-ի միջոցով՝ դառնալով ԱԺ պատգամավոր։

Երեկ նա կցկտուր պատասխաններ է տվել «Հրապարակ»-ի լրագրողի հարցերին։ Մասնավորապես, թե ինչու անապաստան մնաց, Բաբայանը հակադարձել է․ «Ինչի ամեն ինչը խորհրդարանո՞վ է սկսվում և ավարտվում»։ Ապա ասել է՝ առաջիկայում կտեսնենք, թե ինքը որտեղ է։ Իսկ որտե՞ղ է լինելու։ «Ես չեմ կարող ձեզ նման ինֆորմացիա տալ»։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀԿ-ն տեր չկանգնեց կարիերիստ Բաբայանին։ «Ձեր ձևակերպումները ոչ կոռեկտ են և անտեղի, մեր կուսակցությունը վերահաստատել է իշխանությանն աջակցելու մասին, մնացածն ապագայի հարց է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս