Չունենք ամենագլխավոր հարցերի պատասխանները, մարտի 1-ի գործը կոծկվել է. Սոս Գիմիշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

– Պարո′ն Գիմիշյան, մարտի 1-ի դեպքերից 9 տարի անց ի՞նչ հարցեր են Ձեզ համար անպատասխան մնացել:

– Ամենագլխավոր հարցի պատասխանը չունենք՝  ով է հրաման տվել, որ այդ սպանդը տեղի է ունեցել, ինչքանով են դրսի ուժերը դրան մասնակից եղել: Այս երկու հիմնական հարցերը: Մարտի 1-ը եղավ, որովհետև ընտրված ուժ չպետք է գար իշխանության:

– Իսկ Դուք Ձեզ համար ունե՞ք այս հարցերի պատասխանները:

– Ենթադրություններ յուրաքանչյուրս կարող է անել,  բայց դա այնպիսի հարց է, որը պետք է բացահայտվեր, հետո էլ դատարանի վճիռով ամրապնդվեր կամ գոնե ԱԺ հանձնաժողովի կողմից ամրագրվեր, թե ով է, ինչն էր: Իհարկե, հանձնաժողովը որոշակի եզրակացությունների եկել է, բայց դե հիմնական պատասխանը չունենք ամեն դեպքում:

– Իսկ անհրաժեշտ հետևություններ արվե՞լ են:

– Իհարկե, ոչ, բացարձակապես: Հակառակը, գործը կոծկվել է: Ոչ ոք դրանով չի զբաղվում, չի էլ ուզում զբաղվել: Դա երևի խոսում է այն մասին, որ իշխանություններն իրենց մեղքն ունեն, դրա համար էլ չի բացահայտվել, հակառակ դեպքում ինչպես կարող էր պետությունն այդքան ժամանակ չկարողանալ դա բացահայտել:

– Ե՞րբ կարող է բացահայտվել մարտի 1-ը:

– Երբ իշխանություն փոխվի, ընդ որում ոչ  թե կոսմետիկ, այլ այս թալանչիական համակարգը գնա, իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն գա, ինչը քիչ հավանական է:

– Այժմ մարտի 1-ի բացահայտման մասին խոսում են նաև Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը՝  խոստանալով իշխանության գալով, բացահայտել այն: Հավատո՞ւմ եք իրենց:

– Գիտեք, հավատալ, չհավատալը քաղաքական կատեգորիա չէ: Իմ կարծիքը կարող եմ ասել մարտի 1-ի գլխավոր պատասխանատուների մասին: Ներսում առաջին հերթին դա գործող և ընտրվող նախագահներն էին, այդ պահին ԱԺ-ի չորս կոալիցիան, որը քաղաքական հենարան հանդիսացավ և այդ պահի կառավարությունը՝  վարչապետը և նախարարներ: Այս պահին Վարդան Օսկանյանը արտաքին գործերի նախարար էր: Առաջին հերթին իրենք են պատասխանատուները:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս