ՀՀԿ-ական պատգամավորի թիմակիցը դանակահարել է «Ծառուկյան» դաշինքի աջակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Իսկ դրանք առավել ակնառու են Արարատի մարզում: ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի աջակիցների միջև տեղի ունեցածից հետո այստեղ դեռևս կրքերը չեն հանդարտվել, թեպետև թեկնածուները Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված հանդիպումից հետո սկսել են ընդհանրապես հերքել տեղի ունեցածը:

Մասիսի տարածաշրջանում այսօր հերթական միջադեպն է եղել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ։ Երիտասարդը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: Այս պահին նա Էրեբունի բժշկական կենտրոնում է։

Պարզեցինք, որ դեպքը  տեղի է ունեցել Սայաթ-Նովա համայնքում: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանն ասաց, որ տուժողը և միջադեպի մյուս մասնակիցն իր համագյուղացիներն են. նրանք հարևաններ են: Երիտասարդը ծանր վնասվածքներ է ստացել:

«Գյուղի ժողովուրդ են, իրար դանակահարել են: Երևի ընտրությունների հետ է կապված: Տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի»,- մասնավորեցրեց մեր զրուցակիցը:

Վերջինս ներկայացրեց, որ նախօրեին երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, այսօր Ադամյանն այցելել է տուժողին, ասել, որ ցանկություն ունի հաշտվելու, ինչ-որ տեղ են գնացել, ու ավարտն այսպիսին է եղել:

Համայնքապետի փոխանցմամբ` նախկինում երիտասարդները որևէ տարաձայնություն չեն ունեցել: Նա վստահ է, որ կատարվածը զուտ քաղաքական ենթատեքստ ունի:

Մենք կփորձենք կապ հաստատել նաև Մուրադ Մուրադյանի հետ:




Լրահոս