Նոր մանրամասներ Թլիկ գյուղի մոտ տեղի ունեցած սպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել առ այն, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա:
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ.Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք:

Երևան-Գյումրի ճանապարհից շեղվելով՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ նրանց միջև ավտոմեքենայում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, ըստ նախնական քննության տվյալների, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցվել Կ.Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին, պատճառվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

24-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան թաղվել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով։ Երիտասարդը հայտնաբերվել է գյուղի մոտակայքում և ձերբակալվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս