Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծի վրա այսօր հայտնաբերվել է շուրջ 170 սատկած գառ ու ոչխար:
ArmLur.am-ի հետ զրույցում Զովաշեն գյուղի բնակիչ Ջասմ Խդոյանը, ում ոչխարները ևս սատկել են նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմանում. «Գնացքը բախվել է երկաթգծի վրայով անցնող ոչխարների հոտին, որի հետևանքով ոչխարները սատկել են»:
Նրա խոսքով՝ ինքը մառախուղի պատճառով չի նկատել ընթացող գնացքը, լսել է գնացքի ազդանշանը և չի հասցրել կենդանիներին հեռացնել երկաթգծից:
Խդոյանի ընտանիքի ապրուստի միջոցն այդ ոչխարներն են: Վերջիններս ապրում են ծանր, գյուղացու չարքաշ կյանքով. «170 ոչխարից մնացել ա մի 100 ոչխար»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը Հարավկովկասյան մայրուղու մամուլի խոսնակ Վարդան Ավոյանից հետաքրքրվեց, թե տուժած բնակչին փոխհատուցում սպասվում է, թե ոչ:
«Ո՛չ, ո՛չ: Մենք ամեն տարի հրավիրում ենք նրանց ասում ենք, որ չի կարելի: Միշտ զգուշացնում ենք: Մի քանի տարի առաջ դեպք է եղել, որ գանցքը հարվածել է կովի, որի արդյունքում գնացքը վագոններով դուրս է եկել գծից: Հիմա հովվի դեմ գործ է հարուցվելու»,-ասաց նա:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի:
Լիդա Եղիազարյան