Ադրբեջանի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթի համաձայն՝ երբ կազմակերպում ենք դեսպանահավաքներ, այցելում ենք նաև Արցախ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ հանդիպումն աշխատանքային էր:

«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:

Է. Նալբանդյանի խոսքով, բացառված չէ, որ տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր երկիր՝ ի դեմս Արցախի Հանրապետության:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այն բանակցությունները, որոնք այսօր վարվում են եռանախագահների հետ միասին, ուղղված է, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը լինի բացառապես խաղաղ ճանապարհով և միտված լինի հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով:

«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Է. Նալբանդյանը:




Լրահոս