ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է երկրի ներսում պատերազմ վարել իր նախագահությանն ու որոշումներին ընդդիմացող ուժերի դեմ: Այդ շարքում հիշարժան է նրա թշնամությունը ամերիկյան առաջատար մի քանի լրատվամիջոցների հետ, որոնք ոչ միայն նախագահին քննադատության են ենթարկում, այլեւ հաճախ փաստերով հակաճառում են նրա հայտարարություններին: Կարելի է ասել՝ ԱՄՆ-ում իսկական պատերազմ է սկսվել նախագահի վարչակազմի ու մի շարք, հայ հասարակության համար պարզ եզրույթով ասած, «ընդդիմադիր» լրատվականների միջեւ:
Թրամփի ու ամերիկյան լրատվականների հարաբերությունները փչացել էին դեռ նախընտրական շրջանում, երբ վերջիններս ակնհայտորեն կողմնապահություն էին անում Հիլարի Քլինթոնի օգտին: Այս նույն լրատվականները, սակայն, ժամանակին հսկայական աջակցություն էին ցույց տալիս Թրամփին հանրապետական մրցակիցների դեմ վերջինիս պայքարի ընթացքում: Քլինթոնի կողմնակիցների հաշվարկը պարզ էր՝ ամեն գնով Թրամփին օգնել, որպեսզի նա լինի նախկին առաջին տիկնոջ մրցակիցն ու պարտվի ընտրություններում: Սակայն նրանց ծրագրերը խառնվեցին այն պահին, երբ Թրամփը անակնկալ կերպով ընտրվեց ԱՄՆ նախագահ: Թեպետ Քլինթոնը ընդունեց իր պարտությունն ու շնորհավորեց մրցակցին, սակայն նրա կողմնակիցները այդպես էլ անկարող եղան հաշտվել Թրամփի նախագահության հետ: Այդ շարքում հիշատակելի են նաեւ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, ինչպես օրինակ՝ CNN, New York Times, եւ այլն:
Վերջիններս, Թրամփի քաղաքականության հետ իրենց անհամաձայնությունը ցուցադրելով, միշտ քննադատաբար են լուսաբանում նրա գործունեությունը: Այդ շարքում, օրինակ, հիշատակելի է Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա քաղաքացիների քանակի հաշվարկի շուրջ ծագած վեճը: «Ընդդիմադիր» լրատվամիջոցները հրապարակել էին Թրամփի եւ Օբամայի առաջին երդմնակալության կադրերը՝ նշելով, որ նախկին նախագահին կրկնակի ավելի շատ մարդ էր եկել տեսնելու՝ ի հեճուկս Թրամփի: Իսկ վերջինս էլ բազմիցս հայտարարել էր, որ իր երդմնակալությանը հետեւած քաղաքացիների քանակը ռեկորդային էր: Հանուն արդարության հարկ է նկատել, որ Թրամփը չափազանցրել է, քանզի բոլոր կողմերից արված տեսանկարահանումների համադրությունն ապացուցում է, որ Օբամային լսելու համար Վաշինգտոնում հավաքված քաղաքացիների թիվը անհամեմատ մեծ էր:
Դժբախտաբար ԱՄՆ նախագահը այսօրինակ հիմնավոր քննադատություններից դաս քաղելու փոխարեն, էլ ավելի խորացրեց կոնֆլիկտը: Թրամփը իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ վեճի բռնվեց մի շարք լրագրողների հետ՝ անհարիր նախագահի կեցվածքին: Ավելին՝ նա մի շարք լրատվականների ոչ միայն մեղադրեց իր խոսքերը աղավաղելու մեջ, այլեւ կեղծիքներ տարածելու ու ԱՄՆ անվտանգությանը սպառնալու մեջ: Թրամփը իր թվիթերյան բազմաթիվ հրապարակումներում քանիցս դժգոհել է ամերիկյան լրատվամիջոցներից՝ կոչ անելով քաղաքացիներին մերժել վերջիններիս հաղորդումներն ու չհավատալ նրանց տարածած լուրերին: Ուրբաթ օրը կայացած մի համաժողովում նախագահը հայատարել է․ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք պայքարում ենք կեղծ լուրերի դեմ: Նրանք պրոֆեսիոնալ պարտավորություն ունեն ազնիվ հաղորդումներ տալու: Բայց, ինչպես տեսել եք ամբողջ ընտրարշավի ընթացքում եւ նույնիսկ այժմ, կեղծ լրատվականները ճշմարտությունը չեն ասում»: Սակայն եթե նախագահի այդ կարծիքը սահմանափակվում էր սոսկ խոսքային մակարդակի քննադատությամբ, ապա նախորդ շաբաթվա վերջին իրավիճակը ավելի լրջացավ:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը արգելել էր CNN, New York Times, Los Angeles Times եւ այլ մի շարք այլ պարբերականների լրագրողներին մասնակցել իր եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ավանդական ոչ հրապարակային հանդիպմանը: Թեեւ Սպիտակ տունը պաշտոնապես խոստացել էր բաց ասուլիսների ժամանակ նման խոչընդոտներ չհարուցել, սակայն արգելքը չէր հանվել վերոնշյալ հայտնի ԶԼՄ-ների վրայից: Ըստ էության, նախագահի անհանդուրժող վերաբերմունքն իր քաղաքականությունը քննադատող լրատվամիջոցների նկատմամբ վերջին շրջանում միայն ու միայն սաստկանում է, ինչը իսկապես հարիր չէ ամերիկյան ժողովրդավարությանն ու ավանդույթներին: Խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ջահակիր երկրի նախագահն այսօր ամերիկյան ժողովրդի թշնամի է հռչակում իր քաղաքականությունը քննադատող ԶԼՄ-ներին՝ փոխարենը զբաղվելու իր պարտականությունների կատարմամբ եւ ԱՄՆ-ի շուրջ ձեւավորված արտաքին ու ներքին անորոշությունների վերացմամբ:
Հայաստանում նախագահների կողմից լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը նոր երեւույթ չէ: 1990-ականներին ի հեճուկս դեմոկրատի իր իմիջին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակավորապես փակեց «Ազատություն» ռադիոկայանը:
Նրա նախագահության օրոք նաեւ արգելվեցին դաշնակցական թերթերը: Քոչարյանի կառավարման շրջանում վերջնականապես փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ սաստկացան բռնությունները լրագրողների նկատմամբ: Սերժ Սարգսյանի նախագահությունը սկսվեց ազատ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներով, թեեւ այսօր դրանք զգալիորեն փոխարկվել են ավելի մեղմ տարբերակներով, երբ փորձեր են արվում անկախ գործող ԶԼՄ-ներին սնանկացման միջոցով դուրս մղել ասպարեզից:
Հարկ է, սակայն, նկատել, որ եթե 1990-ականներին նախագահական ասուլիսները հաճախակի բնույթ էին կրում, եւ դրանց մասնակցելու հնարավորություն ունեին գրեթե բոլոր ԶԼՄ-ների լրագրողները, ապա Քոչարյանի օրոք ձեւավորվեց, իսկ Սարգսյանի օրոք կատարելացավ «յուրային» ԶԼՄ-ների դաշտը: Այսպես՝ նախագահական հարցազրույցներին ու ասուլիսներին ներկա լինելու ու հարցեր ուղղելու հնարավորություն ունեն միայն Սարգսյանի սիրելի լրագրողները, որոնց մտքով երբեք չի անցնի շեղվել նախատեսված հարցերի շրջանակից:
Ն. Հովսեփյան