«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քվոտայով ՀՀ բնապահպանության նախարար նշանակված Արծվիկ Մինասյանը մերժել է ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանին:
Ի՞նչն է պատճառը: Պարզվում է` փետրվարի 14-ին «Ամրիտամ» ընկերության կողմից ներկայացված «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին բացասական եզրակացություն է տվել: Պատճառը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, այն է, որ Արփա գետի վրա գործում է երեք ՀԷԿ. «Արենի ՀԷԿ» ՓԲԸ-ն շահագործում է «Արենի» ՀԷԿ-ը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ն՝ «Ջերմուկ ՀԷԿ-2»-ը, «Արփա էներգիա» ՍՊԸ-ն՝ «Արփա» ՀԷԿ-ը:
Եւս 3-ը դեռ կառուցման փուլում են. Առուստամյան եղբայրներին պատկանող «Ջերմուկ տուրբշին» ՍՊԸ-ն կառուցում է 1900 կՎտ հզորությամբ ՀԷԿ: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն կառուցում է ավելի քան 3000 ՄՎտ հզորության «Արփա-3» ՀԷԿ-ը: Իսկ «Ամրիտամ» ՍՊԸ-ն երրորդն է, որը պետք է ՀԷԿ կառուցի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գնդեվանք-1» ՀԷԿ կառուցող «Ամիրտամ» ընկերության բաժնետերերից է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը:
Նշենք, որ «Ամրիտամ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, սակայն Սեդրակ Առուստամյանը բաժնետեր է դարձել անցած տարվա ամռանը: Ի դեպ, անցած տարվա օգոստոսին Սեդրակ Առուստամյանի ընկերությունը եւս ստացել է լիցենզիա եւ ՀԷԿ-ը կառուցելու է երեք տարվա ընթացքում: Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ Սեդրակ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի: Նա Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի: Ի դեպ, Առուստամյան եղբայրների գործընկերն են «Արարատցեմենտ»-ի կոմերցիոն տնօրեն Արման Բարսեղյանը, ԿԸՀ նախագահի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Հարություն Շահբազյանը, Հրայր Մելքոնյանը եւ Վարդանուշ Հովակիմյանը:
Նշենք, որ «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցման փաստաթղթերի նախնական գնահատման հայտի փորձաքննությունն իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» ՀՀ օրենքի պահանջներով: Սակայն փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել մի քանի անճշտություններ ու հակասությունները:
Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2017 թվականների կառավարման պլանի եւ արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է 2017 թվականի Արփայի գետավազանում նվազեցնել հիդրոէներգետիկ պոտենցիալը՝ «Արփա-Սեւան» թունելի շահագործման հետ կապված:
Սակայն «Ամիրտրամ» ընկերության նախագծով ներկայացված ջրատնտեսական հաշվարկներում հաշվի չի առնվել «Արփա-Սեւան» թունելով Սեւանա լիճ բաց թողնվող ջրաքանակը, որի արդյունքում Արփա գետի ջրաքանակը կտրուկ կնվազի եւ կբերի ՓՀԷԿ-ի ոչ նպատակային շահագործման: Բացի այս՝ ընկերությունը ճիշտ չի ներկայացրել հիմնական եւ ամենակորեւոր տվյալները՝ ՓՀԷԿ-ի ջրառը, ջրառի հաշվարակային հատվածում գետային հոսքը, էկոլոգիական թողքը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել լիարժեք փորձաքննական գործընթաց իրականացնել: Բացի այս՝ ներկայացված փաստաթղթերում Արփա գետի հիդրոլոգիական տվյալների համար որպես անալոգ դիտակետ ընտրվել է Արփա-Վայք դիտակետը՝ տարածքում առկա Արփա-Ջերմուկ դիտակետի փոխարեն, որն ավելի մոտ է: Մինչդեռ Արփա-Վայք հիդրոլոգիական դիտակետը չի կարող ՓՀԷԿ-ի համար լինել հաշվարկային, քանի որ ՓՀԷԿ-ի ջրառի կետից մինչեւ Վայք բնակավայր Արփա գետն իր մեջ ընդունում է 2 խոշոր վտակներ՝ Դարբ եւ Հեր-հեր: Կեչուտի ջրամբարի պատվարից մինչեւ ՓՀԷԿ-ի ջրառի կետը գետին ոչ մի վտակ չի միանում, քանի որ ՓՀԷԿ-ի ջրառի կետը գտնվում է ջրամբարի պատվարի անմիջապես ներքեւում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ը կառուցվում է Կեչուտի ջրամբարի պատվարի ներքեւում, ապա պետք էր հաշվարկել ջրամբարից դուրս եկող հոսքը եւ էկոլոգիական թողքը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից մեկ անճշտություն եւս. «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվել է ոչ լրակազմ, բազմաթիվ թերություններով: Մասնավորապես «Ընդհանուր բացատագրի» 1.2 գլխում Ջերմուկի օդակայանի տվյալների փոխարեն ներկայացվել է Եղեգնաձորի օդակայանի տվյալները, որը տարածքից գտնվում է բավական հեռու: Նաեւ նույն բացատրագրի 1.6 գլխում էկոլոգիական թողքը սխալ է հաշվարկված, մինչդեռ այն պետք է հաշվարկվի ջրառի կետում եւ ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 30-ի որոշման համաձայն:
Այնուամենայնիվ, ըստ բնապահպանության նախարարության՝ «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցումը եւ շահագործումը կմեծացնի Արփա գետի ծանրաբեռնվածությունը եւ Կեչուտի ջրամբարից ներքեւ՝ Արփա գետում կառաջացնի լրացուցիչ բնապահպանական խնդիրներ: Ինչն էլ կնպաստի բնապահպանական ռիսկերի մեծացմանն ու գետի էկոհամակարգի վտանգմանը: Արդյոք Սեդրակ Առուստամյանը համամիտ է ԲՆ-ի կողմից տրված բացասական եզրակացությանը: Այս հարցին ի պատասխան՝ Առուստամյանն ասաց. «Փորձենք վերացնել թերությունները»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ հնարավոր է, որ այս ամենը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միտումնավոր է արվում, Առուստամյանը կարճ պատասխանեց. «Չեմ կարծում»:
Վերջում նշենք, որ չնայած առկա խախտումների մասին բարձրաձայնումներին՝ առաջիկա երեք տարիներին Արփա գետի վրա կգործի 6 ՀԷԿ: Ինչի արդյունքում, ըստ բնապահպանների՝ գետը պարզապես կչորանա: Նրանք մտահոգված են, քանի որ Արփա գետը՝ իր փոքր ու մեծ վտակներով, հունից դուրս է գալիս եւ տեղափոխվում ՀԷԿ-երի խողովակաշարեր: Իսկ խողովակաշար մտնող ջրահոսքը հատվածաբար, 1-2 կմ-ի վրա սլանալով՝ տեղ-տեղ ամբողջությամբ ջրազրկում, դատարկում է գետի հունը: Բայց բնապահպանական այդ լրջագույն խնդիրը ՀԷԿ-երի սեփականատերերին չի հետաքրքրում. նրանք իրենց գերշահույթն են ստանում ամեն գնով, այդ թվում եւ բնության ու մարդկության:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ