Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակներից պարզ է դառնում, որ նոր Ազգային ժողովում հնաբնակներին փոխարինելու են գալու զգալի թվով նոր դեմքեր: Ասել է, թե ներկայիս շատ պատգամավորների օրերն ԱԺ-ում հաշված են: Այս անգամ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ: Վերջինս եւս չի լինելու հաջորդ խորհրդարանում:
-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չկաք, ինչը նշանակում է, որ այլեւս պատգամավոր դառնալու հնարավորություն չունեք: Ինչո՞ւ այդպես որոշվեց:
-Այդպես է նպատակահարմար:
–Կուսակցությո՞ւնն է նպատակահարմար գտել Ձեզ չառաջադրել, թե՞, այնուամենայնիվ, Դուք եք նման որոշում կայացրել:
-Ե՛ւ … ե՛ւ:
-Իսկ սա առիթ չի՞ դառնա, որ նեղանաք կուսակցությունից եւ այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ չաջակցեք ՀՀԿ-ին:
-Իհարկե, ոչ, իհարկե, ոչ, պատրաստվում եմ կուսակցության համար եւս աշխատել եւ ոչ միայն. ընդհանուր Հայաստանի Հանրապետության բարօրության համար:
-Իսկ հնարավոր է, որ Ձեր՝ ցուցակում չլինելը պայմանավորված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ՀՀԿ վերնախավի հարաբերությունների սառեցմամբ: Ի վերջո, նշվում էր, որ հենց նրա շնորհիվ եք անցած խոհրդարանական ընտրությունների ժամանակ արդյունքի հասել:
-Դա չէ պատճառը, ուղղակի այդպես է նպատակահարմար գտնվել: