Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող դասախոսություն Վիեննայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Ավստրիայի դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ «Հայաստանի առանձնահատուկ ուղին. մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպվել էր Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից Ավստրիայի՝ Եվրոպայի և անվտանգության հարցերի ինստիտուտի հետ համատեղ:
Միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ներկա գտնվեցին Ավստրիայի դաշնային խորհրդարանի և տեղական խորհրդարանների պատգամավորներ, դեսպաններ, դիվանագետներ, մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչներ, ավստրիահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարներ:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, Ավստրիայի նախկին պաշտպանության նախարար Վերներ Ֆասլաբենդը:

Ավստրիայի Ժողովրդական կուսակցության դաշնային ու տեղական խորհրդարանական խմբակցությունների ղեկավար, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռայնոլդ Լոպատկան անդրադարձավ 25 տարում երկու երկրների միջև զարգացում գրանցած խորհրդարանական կապերին և դրանց ընդլայնման անհրաժեշտությանը: Նա ընդգծեց, որ 2015թ. ապրիլին Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումն այն հազվագյուտ դեպքերից էր, որ Դաշնային խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը միակարծիք էին:

Բացման խոսքին հաջորդեց ՀՀ ԱԺ պատգամավորի դասախոսությունը, որում արծարծվեցին Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին առնչվող թեմաներ: Թևան Պողոսյանը խոսեց ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության առանձնահատկություններին:

Պատասխանելով դասախոության մասնակիցների հարցերին՝ Թևան Պողոսյանն անդրադարձավ արցախահայության անկախության և ինքնորոշման 100-ամյա պայքարին, խաղաղությանը խոչընդոտող հանգամանքներին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված իրադրությանը, Ադրբեջանի իշխանությունների՝ պայմանավորվածությունները չկատարելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու գործելակերպին:




Լրահոս