2016 թ. մայիսի 13-ին ժամկետային զինծառայող, հրաձիգ Տարոն Վարդանյանը «Եղնիկներ»-ի դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս ստացել է ականապայթունային վիրավորում: Վնասվել է սրունքը, կրունկն ու թաթը:
Նշենք, որ Տարոն Վարդանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար հաշմանդամության կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց, որ առաջին բուժօգնություն ստացել է Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժվել է մոտ չորս ամիս:
«Մուրացանի հոսպիտալում ոտնաթաթս կոճով, մատներով ամբողջությամբ երկաթով հավաքել են»,-ասաց նա:
Համեստ բնավորության տեր այս անձնավորությունը թեև չի կարողանում առանց ձեռնափայտի քայլել, բայց չի մոռանում իր գոհունակությունը հայտնել Աստծուն. «Փառք Աստծո չեմ բողոքում, էլի՛ լավ ա, որ տուն եմ հասել»:
Հավելենք, որ Տարոնը ոչ մի աջակցություն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չի ստացել:
«Փառք Աստծո չեմ բողոքում, էլի լավ ա, որ տուն եմ հասել», այս արտահայտությունը, պատերազմ տեսած զինծառայողների համար դարձել է ուղղակի «սփոփանք»:
Լիդա Եղիազարյան