Կարեն Շահմուրադյանը կգործուղվի Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանն առաջիկայում դիվանագիտական աշխատանքի է անցնելու: Նկատենք, որ այս ընտրություններում Շահմուրադյանը ՀՅԴ համամասնական ցուցակի 30-րդ հորզոնականն է զբաղեցնում, ասել է, թե գործնականում չունի պատգամավոր դառնալու որեւէ շանս:

Մինչ այդ «ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչու է ՀՅԴ-ն նրա անունը 30-րդ հորիզոնականում գրել: «Ինձ առաջարկ է արվել, ես այդ առաջարկն ընդունել եմ, բնականաբար, շեշտել էլ եմ, որ ինքս չեմ տեսնում պատգամավորական մանդատը ինքնանպատակ: Մենք մի կուսակցության մեջ ենք, եւ բոլորս էլ աշխատում ենք, որպեսզի կուսակցությունը ձայներ հավաքի: Եթե հավաքենք համապատասխան քվե, կունենանք շատ պատգամավորներ, լավ կլինի»,- նշեց պատգամավորը՝ «Ժողովուրդ»-ին տեղեկացնելով նաեւ, որ դիվանագիտական աշխատանքի կանցնի եվրոպական երկրներից մեկում, սակայն ոչ դեսպանի պաշտոնում:

Ի դեպ, նշենք, որ Կարեն Շահմուրադյանը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ընկերն է: Ու ենթադրվում է, որ դիվանագիտական աշխատանքի անցնելու հարցում մեծ դեր ունի հենց Մինասյանը, որն իր ընկերներին տեղավորում է այդ ոլորտում: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվեց Սարգիս Ղազարյանը՝ Մինասյանի ընկերը:

Դիվանագիտական աշխատանքի է անցնելու նաեւ ՄԻԱԿ կուսակցության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Սակայն առայժմ չի հրապարակվում, թե ուր է նա մեկնելու:




Լրահոս