Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, որ մարտի 5-ին Երեւանում տեղի է ունենալու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի համերգը, «Ժողովուրդ»-ը, հաշվի առնելով նախկին փորձը (բոլորիս հիշողություններում թարմ է երգչուհու` 2015-ին չեղյալ հայտարարված եւ երկու անգամ հետաձգված երեւանյան համերգն ու դրան հաջորդած դժգոհության ալիքը), hամերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանին հարցադրում արեց` հուսա՞նք, որ պատմությունը չի կրկնվի:
Ու թեեւ վերջինս հավաստիացնում էր, որ ժողովուրդն անհանգստանալու պատճառ չունի, մեր մտավախությունն, այնուամենայնիվ, տեղին էր: Վերջերս Ալեգրովայի համերգը կրկին չեղարկվեց, այս անգամ, ըստ երգչուհու ադմինիստրացիայի, տեխնիկական պատճառներով. «Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երեւանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար,-ասված է ադմինիստրացիայի տարածած հայտարարության մեջ:
Ադմինիստրացիայից, սակայն, կարծես թե շտապել են շնորհակալություն հայտնել ըմբռնման համար, քանի որ հայ հանրության շրջանում հերթական չեղարկված համերգից հետո դժգոհության նոր, ուժգին ալիք բարձրացավ, համացանցը ողողվեց ծաղրական մեկնաբանություններով:
«Ժողովուրդ»-ը նախ փորձեց կապ հաստատել Իրինա Ալեգրովայի մամուլի ծառայության հետ: Մեզ խնդրեցին զանգահարել որոշ ժամանակ անց, իսկ հետո` երկու օր շարունակ չպատասխանեցին մեր զանգերին:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Զ.Մխեյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք իրենցից կախված էր համերգի չեղարկման հարցը եւ արդյոք հնարավոր չէր կանխել նման զարգացումը, նա պատասխանեց. «Ես իմ գործունեության ընթացքում ինքս երբեք համերգ չեմ չեղարկել: Մեր բոլոր համերգները կազմակերպվել են բարձր մակարդակով: Բայց կան բաներ, որոնք մեզնից կախված չեն, մենք արել ենք ամեն հնարավորը…Ընկերությունը պրոֆեսիոնալ կերպով կատարել է իր բոլոր պարտականությունները»:
Նշենք, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: «Ֆորպոստարտ» ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ այս տարվա մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Աննա Բաբաջանյան