Միջազգային հանրությունն այլևս չի վստահում արդար ընտրություններ անց կացնելու խոստումներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային հանրությունն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Մասնավորապես ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեման առնչվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ-ն՝ տեղեկացնելով. «Այս ընտրությունները ՀՀ խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ ՀՀ շարունակական զարգացման համար առանցքային են:

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմանը՝ այն, ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, եւ այն, ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. ՀՀ-ում ժողովուրդն արժանի է դրան»: Սա առաջին դեպքն է, երբ միջազգային հանրությունը Հայաստանի ընտրությունների հանդեպ նման ակտիվություն է ցուցաբերում: Ավելին՝ առաջին անգամն է, որ ԱՄՆ դեսպանն ընտրություններից առաջ հանդիպում է իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հորդորելով անցկացնել ազատ եւ արդար քվեարկություն:

Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը բացարձակապես չի վստահում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումներին ու նման քայլերով անուղղակի ստիպում է գործել օրինականության շրջանակներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս