Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց կարգախոսը և մանրամասնել, թե ինչպես են սկսելու քարոզարշավը: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին, որը նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, և մի քանի ուժեր այդ օրը կլինեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Այսպիսով, ներկայացնենք կուսակցությունների կարգախոսներն ու ծրագրերը: Քաղաքական ուժերին կներկայացնենք, ըստ նրանց համարների հերթականության:
1. «Ելք» դաշինք -«Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ»
Դաշինքում ընդգրկված ուժերն են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք այս իրավիճակի ելքը տեսնում են փոփոխությունների մեջ՝ խոստանալով երբեք ժողովրդին չտանել պարտության: Մարտի 5-ին ԵԼՔ դաշինքը ևս կայցելի «Եռաբլուր» պանթեոն, իսկ երեկոյան՝ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված է նախընտրական ծրագրի ներկայացումը և դրամահավաք երեկոն:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – «Մենք կարող ենք»
Այս ուժը ներկայանում է «Մենք կարող ենք» կարգախոսով: Այս կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կսկսի ընտրական ծրագրի ներկայացմամբ, որը տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցում:
«Հայկական վերածնունդ» – «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»
Նախկինում ՕԵԿ, այսօր արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընտրել է այսպիսի անվանում: Ըստ այդմ, նրանք կարծում են, թե միակ ուժն են, որ կարող է փոփոխություններ բերել: Ի տարբերություն մյուս ուժերի, նրանք քարոզարշավի մեկնարկը կտան մարտի 6-ին՝ կրկին ծրագրի ներկայացմամբ:
«Ծառուկյան» դաշինք» – «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»
Թերևս միակ ուժն է, որ մինչև վերջ պահում է ինտրիգը՝ այդպես էլ բացահայտումներ չանելով քարոզարշավի մեկնարկի մասին: «Ծառուկյան» դաշինք նման կերպ փորձում էր ինտրիգ պահել նաև ընտրացուցակի հրապարակման դեպքում:
Կոնգրես-ՀԺԿ դաշինք – «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»
Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ-ը՝ Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում, խաղաղությունը տեսնում է փոխզիջումային քաղաքականության միջոցով: Նշենք, որ մարտի 5-ին այս ուժը որևէ հատուկ միջոցառում չի նախատեսել:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- «Անվտանգություն և Առաջընթաց»
Նրանք ընտրել են նախորդ տարիների կարգախոսներին հոմանիշ բառեր: Մի քանի տարի առաջ «Ապահով Հայաստան» էին խոստանում, այս տարի` անվտանգ: «Առաջ Հայաստան»-ին էլ փոխարինում է առաջընթացը: Մարտի 5-ին ՀՀԿ-ն բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել՝ դինամիկ ընթացքով:
– Հայաստանի կոմունիստական կուսակցություն- «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»
Նախորդ ընտրություններին նախընտրել էին «Կառուցեցին կոմունիստները, քանդեցին դեմոկրատները» կարգախոսը: ՀԿԿ-ի քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին՝ հանդիպումով, իսկ մարտի 6-ին նախատեսված է ծրագրի ներկայացում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք – «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»
Ըստ էության, սկզբում գրել են դաշինքի կուսակցությունների անունները և վերջում գրել հաղթանակ, որն էլըստ էության անկուսակցական Սեյրան Օհանյանն է: Նշենք, որ «Օհանյան‐Րաֆֆի‐Օսկանյան» դաշինքը մարտի 5‐ին նախատեսել է այց Եռաբլուր զինվորական պանթեոն, այնուհետև Հաղթանակի զբոսայգի, իսկ օրվա ավարտին կլինի դահլիճային հանդիպում, որի ժամանակ կներկայացվի դաշինքի ծրագիրը:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն- «Նոր սկիզբ, արդար Հայաստան»
Հետաքրքիր է, թե իշխող կուսակցության հետ մեկ կոալիցիայոմ լինելով ինչ նոր սկզիբ և այն էլ արդար Հայաստան են խոստանում: Մարտի 5-ին մարտի 5-ին նախատեսված է դահլիճային հանդիպում, որի ժամանակ էլ կներկայացվեն ծրագրային դրույթները: