«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրության լայն շրջանակների կողմից արդեն իսկ ճանաչված անձանց, մասնավորապես շոուբիզնեսցիների անցած ճանապարհին, նրանց հաղթահարած խոչընդոտներին եւ նպատակներին, որոնց, գուցե, այդպես էլ չհաջողվեց հասնել: Մենք խոսում ենք հայտնի լինելու դժվարությունների եւ դրա ընձեռած առավելությունների մասին: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի հերթական զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն է:
Արդուկն էլ միացնեիր` «Հայաստանն» էր երգում
Հանրության կողմից ճանաչված լինելու առաջին բերկրանքը զգացել եմ 1993-ին, երբ նոր էի ընդունվել «Արձագանք» ստուդիա: Այստեղ գրեցի «Օտարական» երգը, ապա այդ եւ «Վերադարձիր» երգերով մասնակցելով ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` արժանացա 1-ին մրցանակի:
Դա շատ պատասխանատու, բայց նաեւ հաճելի պահ էր: Դրանից հետո արդեն ավելի լայն զանգվածների կողմից ճանաչվեցի 1998-ին, երբ կատարեցի «Հայաստան» երգը: Գիշերը գրեցի այդ գործը, առավոտյան արթնացա ու արդեն հայտնի էի: «Հայաստանը» հնչում էր մեքենաների միջից, ամեն անկյունից: Ինչպես Արթուր Գրիգորիչն է ասում, արդուկն էլ միացնեիր՝ այդ երգն էր երգում: Այդ ժամանակ գիտակցեցի, որ պետք էր պահել այն, ինչին հասել էի, պետք էր գրել մեկ այլ երգ, որը չէր զիջի նախորդին: Եվ դա եղավ «Հոյնարը»:
«Ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի»
Ես իմ ճանապարհին շատ դժվարություններ, հիասթափություններ, արցունքներ եմ ունեցել, բայց չեմ հանձնվել: Միջավայրը, որտեղ մուտք եմ գործել, սկզբնական շրջանում այսպիսին չեմ պատկերացրել: Այդ հիմա է, որ եփվել եմ ասպարեզում, ինքնահաստատվել եմ: Երբ նոր էի ընդունվել Երգի պետական թատրոն, երաժշտականորեն չէի մերվում միջավայրին: Ես չէի երգում Սթիվի Ուանդեր, չէի կատարում սոուլ, եւ իմ երգերը ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից դիտվում էին որպես պրիմիտիվ գործեր, ես ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի: Այդ մարդկանց ես շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ, որովհետեւ իրենց «ինադու» ես առաջ գնացի: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Բարեբախտաբար, Արթուր Գրիգորիչն ընկալել էր իմ տեսակը: Նա ասում էր. «Դու «самородок» ես, որին չի կարելի դիպչել: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս, մի տեսակ, որը նման չէ մյուսներին»: Ինձ ասում էին, որ ես զուլալ գետ եմ, դաշտ: Եվ, իսկապես, ես ապրում եմ իմ փոքրիկ աշխարհի մեջ: Տարիները ցույց տվեցին, որ ժողովուրդը ունի իմ ներկայացրած երգի պահանջը, այլապես չէի մեկնի տարվա մեջ 5-6 երկիր՝ հյուրախաղերի:
Առանց փողի մասին մտածելու
Երգի պետական թատրոնում երեւի 10 տարի ես եւ իմ սերնդակիցները երգել ենք՝ ոչ գումարի համար, համենայն դեպս, մենք այդ մասին չէ, որ մտածում էինք: Այնուամենայնիվ, ես, Վարդուհի Վարդանյանը, Զարուհի Բաբայանը ամենաբարձր աշխատավարձն էինք ստանում: Այսօր դա կոպեկներ արժի: Բայց մենք այն ժամանակ ավելի շատ բան էինք հասցնում ձեռք բերել, քան այսօր մեր վաստակած գումարով:
Էությամբ լիդեր է
Սիրում եմ հեռուստատեսությունը, ռադիոն, աշխատել եմ Հանրային ռադիոյում, վարել եմ հաղորդում: Այնպես որ, այս ոլորտը նույնպես ինձ շատ հոգեհարազատ է: Բայց եթե զուգահեռաբար որեւէ գործով զբաղվելու հնարավորություն տրվեր, ես կցանկանայի իմ փոքրիկ բիզնեսն ունենալ, օրինակ՝ մանկական սրճարան կամ խանութ: Էությամբ լիդեր եմ, պատասխանատու եմ եւ կարծում եմ՝ լավ ղեկավար կլինեի:
Չես կարողանում ինքդ քեզ հետ մենակ մնալ
Ինձ դուր է գալիս, որ ինձ ճանաչում են: Բայց մի բան լավ չի. նույնիսկ կենցաղում պարտավոր ես ապրել քո ստեղծած կերպարում: Դժվար է նաեւ, որ չես կարողանում ինքդ քեզ հետ մենակ մնալ: Օրինակ` պատահում է, որ եկեղեցի եմ մտնում, ուզում եմ մտքերիս հետ մնալ, մեկ էլ մարդիկ մոտենում են, ասում են. «Կարո՞ղ ենք Ձեզ հետ նկարվել»: Այդպես հաճախ է լինում: Իհարկե, այդ մարդկանց էլ չես մեղադրի. նրանք հենց այն մարդիկ են, որոնց շնորհիվ դու դառնում ես դու:
Գնահատականը զինվորի ժպիտն է
Իմ աշխատանքի գնահատականը համերգիս ընթացքում զինվորի ժպիտը, երեխայի ոգեւորությունը տեսնելն է եւ իմ հուզմունքն է, երբ 3000 հոգի միաժամանակ հոտնկայս ծափահարում է ինձ:
Աննա Բաբաջանյան