Երգչուհի Լիանան 5 տարվա դադարից հետո վերադառնում է երգարվեստ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շուտով պատրաստվում է հանդիսատեսի դատին ներկայացնել նոր տեսահոլովակներ. «Խորը քնից հետո վերջապես արթնացա: Վերադառնում եմ ոչ միայն նոր երգերով, այլեւ նոր կազմվածքով. ինձ արդեն հաջողվել է 20 կգ քաշ կորցնել»,-ասաց նա:
Հարցին, թե երկարատեւ դադարը արդյոք միայն որդուն խնամելու հանգամանքով էր պայմանավորված, Լիանան պատասխանեց. «Ոչ միայն: Դրա հետ մեկտեղ ինձ մոտ խորը հիասթափության շրջան էր ոլորտից թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումներով: Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ լինում են նման շրջաններ:
Ես մեծացել եմ, բայց իմ ճանաչած մարդիկ փոխվել են ներքուստ: Դա ինձ շատ էր տխրեցնում, տհաճություն պատճառում, ուստի ժամանակ էր պետք, որ «ռեստարտ» լինեի: Երբ ավելի երիտասարդ էի, ձգտումներս այլ էին, իսկ հիմա արժեհամակարգս վերագնահատել եմ: Եվ բանն այն է, որ իմ արժեքները շրջապատողներիս արժեքների հետ չեն համընկնում: Կա՛մ ինձ չեն հասկանում, կա՛մ չեն ուզում հասկանալ, ասածս ընկալում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր»:
Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում դժվար չէ արդյոք վերադառնալ ասպարեզ. «Դժվար է, բայց ի սկզբանե ես եմ ընտրել այս ճանապարհը եւ երեւի թե նահանջելու իրավունք պարզապես չունեմ: Ես ուժեղ մարդ եմ, ինձ չի սազում թուլանալը: Ինձ ճանաչում են որպես «բոեվիկի»:
Ես այդպիսին չեմ, պարզապես մշտապես պայքարում եմ արդարության համար, դրա համար էլ ոմանց համար դառնում եմ վատը, կռվարար: Բացի այդ` ես ճշտախոս մարդ եմ, իսկ այդպիսիներին միայն ինքնահաստատվածներն են սիրում: Ու թեեւ ունեմ զենք` իմ ինքնապաշտպանական ռեակցիան, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ ինձ տհաճություն պատճառող մարդիկ շատ են, իսկ իմ նմանները` (խոսքը լավի ու վատի մասին չէ, այլ պարզապես տեսակի) փոքրամասնություն»,-մեկնաբանեց երգչուհին:
Աննա Բաբաջանյան