«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով դատական համակարգում ներքին խմորումներին, ասաց. «Վստահեցնում եմ Ձեզ, որ դատական համակարգում խմորումներ չկան, եւ որեւէ մեկի առաջ դռները փակ չեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այն իրավիճակին, որը ստեղծվել էր դատավորների՝ մասնագիտական առաջխաղացման հարցում: Մասնավորապես գրել էինք, որ երեք դատավոր՝ տեղեկանալով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղ կա, դիմել էին արդարադատության խորհուրդ՝ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար: Արդյունքում, նրանք դրական եզրակացություն էին ստացել խորհրդի կողմից, սակայն, երբ բանը հասել էր Սերժ Սարգսյանի կողմից նշանակմանը, դատավորները հրաժարվել էին իրենց դիմումներից:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ներքին կարգով հասկացրել էր առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորներին, որ նրանք ցանկալի թեկնածուներ չեն, եւ առաջարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատավորի պաշտոնում իր նախընտրած դատավորներին: Սակայն նրա ներկայացրած թեկնածուների անունները լուրջ դժգոհության տեղիք են տվել, քանի որ վերջիններս բավականին երիտասարդ են եւ փորձ չունեն: Ասել է, թե ՀՀ դատական համակարգում երիտասարդների եւ հնաբնակների կռիվ է սկսվել: Ստեղծված իրավիճակի շուրջ՝
«Ժողովուրդը» զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:
-Պարո՛ն Փոլադյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ մի շարք դատարաններում դատական նիստերը չեն կայանում: Տեղեկություններ կան, որ այս ամենը կապված է դատական համակարգում ներքին խմորումների հետ:
-Ինչ խմորումների մասին է խոսքը, եթե մի փոքր Դուք լուսաբանեք, մենք կհասկանանք՝ ինչ խմորումների մասին է:
-ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր ցանկալի մարդկանց է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել տալիս, մինչդեռ առաջխաղացման ցուցակով այլ դատավորներ պետք է նշանակվեին:
-Նման ասեկոսեների, խնդրում եմ, լուրջ մի՛ վերաբերվեք: Ասեմ ինչու, դատավորներին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու եւ ՀՀ նախագահին ներկայացնելու, դրանից հետո հանրապետության նախագահի կողմից կոնկրետ դատարանում նշանակելու գործառույթը իրականացվում է բացառապես արդարադատության խորհրդի միջոցով, եւ որեւէ դատարանի նախագահ, այդ թվում՝ ՀՀ վերաքննիչ դատարանների նախագաները, չեն կարող ասել՝ սա իմ ուզածն է, նա իմ ուզածն է, եւ առավելեւս հանրապետության նախագահին բացատրել՝ ստորագրել այդ հրամանը կամ չստորագրել:
Ո՛չ, այդպիսի բան գոյություն չունի, յուրաքանչյուր դատավոր իր կամքով է դիմում գրում՝ առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու եւ նույն հաջողությամբ իր կամքով է դիմում գրում՝ դուրս գալու առաջխաղացման ցուցակից: Որեւէ մեկը չի կարող դատավորին ստիպել:
-Այդ դեպքում Ձեզ համար տարօրինակ չէ, որ դատավորը նախ դիմում է, անցնում է բոլոր փուլերը, եւ այն պահին, երբ շուտով Սերժ Սարգսյանի որոշմամբ պետք է նշանակվի մեկ այլ դատարանի դատավոր, հանկարծ որոշումից հետ է կանգնում:
-Որեւէ աբսուրդ բան չկա, որովհետեւ հնարավոր է՝ մարդկանց մոտ փոխվի մտածելակերպը, ցանկությունները… գուցե ՀՀ վերաքննիչ դատարանում աշխատելու ծանրաբեռնվածությունն է ստիպում, չգիտեմ, տարբեր գործոններ կարող են պատճառ դառնալ, բայց դատավորին որեւէ մեկը չի կարող ստիպել անել այն, ինչը իր ցանկությամբ չէ: Վերջիվերջո գործ ունես դատավորի հետ, եւ դատավորի կարգավիճակից բխող բավականին պաշտպանիչ երաշխիքներ կան սահմանված համապատասխան իրավական ակտերով. որեւէ մեկը չի կարող պարտադրել դատավորին այս կամ այն գործողությունը կատարել:
-Իսկ ինչի՞ հետեւանք է այն, որ 2016 թվականից մինչ օրս Սյունիքի մարզում քրեական գործով ընդամենը մեկ դատական նիստ է կայացել, եւ դատական համակարգում նման օրինակներ շատ կան: Նույն իրավիճակն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
-Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում դատական գործերի ձգձգումներին, ուրեմն այնտեղ ունենք ծանրաբեռնվածություն: Ներկայացնեմ Ձեզ վիճակագրական տվյալներ եւ հետեւությունը թողնեմ Ձեզ: Յուրաքանչյուր մեկ դատավոր տարվա կտրվածքով կայացնում է 110, 120 դատավճիռ, այն դեպքում, երբ մենք Երեւան քաղաքում ունենք դատարաններ, որոնք ամբողջ տարվա ընթացքում 120 գործ չեն ստանուն: Հեւտաբար Ձեր ասածի վառ ապացույցն է այն, որ դատավորի ծանրաբեռնվածության արդյունքում է, որ դատական նիստերը ուշ են նշանակվում:
Մենք այսօր Սյունիքի մարզում եւ ոչ միայն, նաեւ այլ դատարաններում ունենք դատավորների թվաքանակն ավելացնելու հարց: Մեզ համար ընդունելի չէ, որ դատական նիստերը ձգձգվուն են, եւ այս ուղղությամբ քայլեր են արվում:
-ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երիտասարդ դատավորների նշանակումը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել: Նշվում է, թե երիտասարդները փորձառու չեն, իսկ հնաբնակներին ներքին կարգով թույլ չեն տալիս նշանակվել այդ պաշտոնում:
-Բայց որտեղ կա այդպիսի սահմանափակում, որ հնաբնակը կամ նորաբնակը պետք է գնա ՀՀ վերաքննիչ դատարան կամ վճռաբեկ դատարան գա: Նորաբնակը, Ձեր խոսքով ասած, ցանկություն ունի ավելի ավյունով աշխատելու, նոր գաղափար ունի, դիմում է արդարադատության խորհուրդ՝ ցանկություն ունենալով գնալ վերադաս մարմին, հնաբնակը ցանկություն չի հայտնում, ստիպենք, ասենք՝ արի, դու դիմում գրի, գնա վերաքննիչ դատարա՞ն: Ձեր ասած հնաբնակները թող բարի լինեն, դիմում գրեն արդարադատության խորհուդ, որ ցանկություն ունեն ընդգրկվելու:
-Գրում են, բայց թույլ չեն տալիս…
-Վստահեցնում եմ Ձեզ, որ դատական համակարգում խմորումներ չկան, եւ որեւէ մեկի առաջ դռները փակ չեն:
Զրուցեց Քնար Մանուկյանը