Դիպլոմ կեղծող ռեկտորների գործով. ով է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնված երկրորդ ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ՀՀ ոչ պետական բուհերի ռեկտորների կողմից դիպլոմներ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ԱԱԾ-ն բացահայտել էր, որ Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած անձանց: Ընդ որում, ուշագրավ է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների:

Գրել էինք, որ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը 2 միլիոնի դիմաց բուհի նախկին ուսանողին իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ էր վաճառել: Այս քրեական գործը փետրվարի 8-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը նախագահող դատավոր էր նշանակվել Պետրոս Մակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 23-ին ԱԱԾ-ն եւս մեկ ռեկտորի գործողությունների մասով նախաքննությունը ավարտել է եւ գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը նախագահող դատավոր է նշանակվել Արտակ Թադեւոսյանը:

Պարզեցինք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Պրոգրես-համալսարան»-ի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ ԱՄՆ-ում բնակվող եւ Հայաստանից բացակայող մի շարք անձանց տվյալներով դուրս է գրել ավարտական դիպլոմներ, ինչի դիմաց ստացել է 700-900 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նշենք, որ նա 7 նման դիպլոմներ է պատրաստել եւ կատարված «դիպլոմաշինական» աշխատանքի համար ստացել ընդհանուր 2 միլիոն 798 հազար դրամ:




Լրահոս