Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատանքային կապեր է պահպանում արցախյան համակարտության կողմերի հետ: Այս մասին մարտի 2-ին կայացած ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արցախյան հակամարտության գոտում վերջին դեպքը:
«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է բացառապես խաղաղ միջոցներով արցախյան հակամարտության կարգավորմանը: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում՝ փաստաթղթով»,-ասել է Զախարովան:
Ընդ որում, նա չի մեկնաբանել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել «օկուպացված տարածքները» վերադարձնելու համար՝ ընդգծելով, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, բազմիցս արտահայտել է այդ հարցով իր դիրքորոշումը: