«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ, անդրադարձել ստեղծումից ի վեր մեր պետության և ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին և առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին և Արցախին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին: «Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,-ասել է Նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, ինչպես նաև անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:
Հանրապետության Նախագահն առանձնահատուկ կարևորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որը, նրա խոսքով, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, հայ եկեղեցիների առաջնորդներին, հայկական հիմնական բարեգործական հաստատություններին և տեղական կառույցների ներկայացուցիչներին միավորող մի յուրահատուկ մեխանիզմ է, որը որոշում է հիմնադրամի գործունեության ուղղությունները և հետևողական լինում հաստատված բոլոր ծրագրերի իրականացմանը:
«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:
Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:
Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Իրոք, ուրախալի է, որ հիմնադրամում կան մարդիկ՝ և՛ նվիրատուներ, և՛ տեղական կառույցի ներկայացուցիչներ, և՛ հենց հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ի սկզբանե եղել են և հիմա էլ մնում են հիմնադրամի հավատարիմ բարեկամը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: