ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանը «ջուր ծեծեց». ով է, ի վերջո, պատասխանատու անորակ վառելիքի մատակարարման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես ստացվեց, որ անորակ վառելիք վաճառվեց:

Ի պատասխան` Վիգեն Սարգսյանը, կարծես, ջուր ծեծեց` հստակ մեկնաբանություն չտալով. «Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի», – հայտարարեց նախարարը, ապա շարունակեց. «Վարչապետի հայտարարությունը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ: Եվ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը:

Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով վերահսկողություն` միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե′ որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե′ ծառայողական իրավիճակներում, կարող է պետք լինել օգտագործման համար», – ասաց նախարարը:

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետի հայտարարությունը վերաբերել է չաշխատող տեխնիկային, նախարարը չպատասխանեց:

Ի դեպ, մամուլում այսօր հրապարակումներ եղան, որ ԶՈՒ-ին վառելիք մատակարարում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս