Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկ ճանաչված «Աշտարակ կաթ» ընկերությունում այժմ գույքագրման գործընթաց է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանից: Սակայն ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը չի համագործակցում սնանկության գործերով կառավարչի հետ, չի մասնակցում գույքագրման աշխատանքներին: Կարճ ասած՝ իրեն պասիվ է պահում:
Սնանկության գործով կառավարչի օգնական Արտակի խոսքերով՝ Ափոյանը իր լիազոր ներկայացուցչի միջոցով իրենց հետ իր չհամագործակցելը պայմանավորել է վատառողջ լինելու հետ: Մինչդեռ Ափոյանի նման քայլերի արդյունքում տուժում է ընկերությունը, քանի որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը պատրաստակամ է ներդրում անել եւ ներկայացնել ընկերությանը առողջացնելու վերաբերյալ ծրագիր, բայց այս գործընթացը Ափոյանի չմասնակցելու պատճառով ձգձգվում է:
Ավելին՝ սնանկության գործով կառավարիչը Ափոյանի «պասիվության» պատճառները պարզելու նպատակով դիմել է պետական եկամուտների կոմիտե: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ափոյանը սնանկության վերաբերյալ վճիռը բողոքարկելու նպատակով իր հերթին դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Նշենք, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը սնանկ էր ճանաչվել անցած տարվա դեկտեմբերի 19-ին: Պատճառը կուտակած ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական պարտքերն են: Ի դեպ, ընկերության պարտատերերի առաջին ժողովը հետաձգվել է եւ տեղի կունենա մարտի 3-ին: