Զսպող անզուսպը. Դամոկլյան սուր` Հաշվեքննիչ պալատի անդամների գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատը (ներկայիս Վերահսկիչ պալատը) համարվում է անկախ մարմին, սակայն ԱԺ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ջանքերով փորձ է արվում ՀՊ անդամներին իշխանություններից կախվածության մեջ գցել: Դա է հուշում Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը, որտեղ ամրագրված է ՀՊ անդամների կողմից հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն պահպանելու պահանջը:

Եւ այսպես` Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագծի 13-րդ հոդվածում սահմանված է քաղաքական չեզոքության սկզբունքը: «Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին եւ նպատակներին գնահատական չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս եւ դրանց հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:

Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն»,- նշված է նախագծում:

Իսկ այդ քաղաքական չեզոքությունը խախտելու դեպքում օրինագիծը նախատեսել է, որ կարող են դադարեցվել Հաշվեքննիչ պալատի անդամների լիազորությունները: Նախագծի 17-րդ հոդվածի 6-րդ մասում ասված է. «Հաշվեքննիչ պալատի անդամի, այդ թվում նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման, ինչպես նաեւ հաշվեքննիչ պալատի անդամի որեւէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չպահպանելու դեպքում»:

Ուշադրություն դարձրեք «հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն պահպանելու» օրենսդրական պահանջին, որն իր մեջ մեծ վտանգներ է պահպանում: Ի՞նչ է նշանակում քաղաքական զսպվածություն, որո՞նք են քաղաքական զսպվածության սահմանները, ո՞ր դեպքում կարելի է համարել, որ քաղաքական զսպվածությունը պահպանվել է, որ դեպքում` ոչ. այս հարցերի պատասխանները չկան Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում:

Իսկ դա լավ հնարավորություն է, որպեսզի «քաղաքական զսպվածություն» հասկացությունը յուրաքանչյուրը մեկնաբանի յուրովի, եւ ցանկության դեպքում ՀՊ անդամի արտահայտությունները կարող են համարվել քաղաքական զսպվածության խախտում: Արդյունքում` Հաշվեքննիչ պալատի անդամների գլխին դամոկլյան սրի նման կարող է կախված լինել պաշտոնանկության վտանգը հայտնի պատճառաբանությամբ: Ու այս իրավիճակում խոսել ՀՊ անկախ մարմին լինելու մասին, համաձայնեք, սխալ է:

Էլ չենք ասում այն մասին, որ օրենքի պահանջը, թե Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս, անհարմար դրության մեջ է դնում ՀՊ անդամներին: Թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է կազմվեն ՀՊ հաշվետվությունները, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ «անարդյունավետ ծախս», «ոչ նպատակային ծախս», «պակասորդ», էլ չենք ասում` «յուրացումներ», «վատնումներ» եւ այլ արտահայտություններ կարելի է համարել օրինախախտում, ՀՊ-ի կողմից քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունն անցնելու փորձ:

Այս օրինագծում նման դրույթները հենց այնպես չեն հայտնվել. շատերը կհիշեն 2013թ., սկանդալը. ԱԺ-ում ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց տարեկան հաշվետվությունը` խոսելով պետական միջոցների «համատարած թալանի» եւ նման այլ բացասական երեւույթների մասին, որին հետեւեց այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը: Նա ՎՊ նախագահին մեղադրեց քաղաքական գնահատականներ տալու մեջ: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել պետական կառույցների ղեկավարներին ու Իշխան Զաքարյանին նախատել՝ ասելով, թե որեւէ մեկը չի ակնկալում լսել նրա կարծիքը:

Եւ այս տեսքով նախագիծ ներկայացնելու պատճառը շատերը կապում են 2013թ. հայտնի իրադարձությունների հետ: Միայն թե Իշխան Զաքարյանն այլեւս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը չէ, այլ այդ պաշտոնում նախօրեին ընտրվեց Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից Լեւոն Յոլյանը. շուտով նա պաշտոնավարելու է որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ` աշխատելով «քաղաքական զսպվածության» դամոկլյան սրի տակ: Միայն թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեւոն Յոլյանը նախկին ընտրություններում մշտապես եղել է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նախընտրական շտաբների «գորշ կարդինալը», հետաքրքիր է` ինչպե՞ս է նա պահելու «քաղաքական զսպվածություն», թե՞ ՀՀԿ-ի օգտին արտահայտվելն իշխանությունների համար քաղաքական զսպվածություն պահպանելու ամենավառ օրինակն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս