Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Կոտայքի մարզում թեժ են անցնելու: Բանն այն է, որ նշված մարզում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները պայքարելու են ոչ միայն մյուս քաղաքական ուժերի, այլեւ իրար դեմ: Նշենք, որ առաջադրված թեկնածուներն են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՊԵԿ մաքսային եւ հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը եւ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:
Դեռ քարոզարշավը չսկսած՝ նրանցից յուրաքանչյուրը սկսել է մերժելի ճանապարհներով ձայներ հավաքագրելու գործընթացը:
Համլետ Հայրապետյանը փոխմարզպետի պաշտոնին նշանակվել է դեռեւս 2015 թվականին: Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ԵԿՄ վարչության անդամ, Կոտայքի մարզային վարչության փոխնախագահն է:
Ընտրական թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու, Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, խորհրդարանական ընտրությունների առիթով Դուք արձակուրդի մեկնելո՞ւ եք:
-Միանշանակ, ես նույնիսկ այդ մասին դիմում եմ ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ այս տարվա եւ անցած տարվա չօգտագործած արձակուրդից օգտվելու համար:
-Կոտայքի մարզպետը ինչպե՞ս է վերաբերում Ձեր՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշմանը: Հաշվի առնելով, որ իր գործընկերն եք, ինչո՞վ է աջակցելու:
-Ես ընդհանրապես ուզում եմ խուսափել որեւիցե մեկի աջակցությունից: Բացի այս՝ մարզպետի պաշտոնը նրան նման իրավունք չի վերապահում: Չեմ էլ ցանկանում իրեն նման հարցով դիմել: Ես ԵԿՄ-ի կողմից առաջադրված թեկնածու եմ:
Միանշանակ, ԵԿՄ-ն կաջակցի ինձ: Երկրապահական բոլոր կառույցները, տարածքային բաժանմունքները աջակցելու են իրենց մարտական ընկերոջը:
-ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ձեր մյուս կուսակից ընկերներին՝ Սամվել Սանամյանին եւ Արամ Հարությունյանին, լուրջ մրցակիցներ չե՞ք համարում: Չէ՞ որ իրենք հայտնի են որպես ընտրակեղծարարներ:
-Բոլորի հետ իմ հարաբերությունները հրաշալի են: Նրանց ցանկանում եմ հաջողություն, միայն թող կարողանան ներկայանալ ժողովրդին իրենց կենսագրով, որ մեր ընտրողը ինքնակամ վեր կենա, գնա ու ազատ ընտրի իրենց: Գուցե ընտրակեղծիքներ արել են իրենք, բայց ես տեղյակ չեմ, չգիտեմ…
-Պարո՛ն Հայրապետյան, Ձեզ ընտրելու համար փող բաժանելո՞ւ եք:
-Դուք պարոն Հայրապետյանին չեք ճանաչում, մենք՝ երկրապահներս, մեր ժամանակի մեծ մասն անցկացրել ենք պատերազմի դաշտում: Ոչ թե ես ասում եմ հպարտորեն, որ փող չունեմ, այլ դժբախտաբար փող չունեմ: Ես էլ շատերի նման վարկեր ունեմ, տոկոսների տակ եմ (ծիծաղում է- Ս.Հ.): Իմ ժողովրդի նման ապրում եմ:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ