Քաղաքական ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այս կապակցությամբ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել 2012-17թթ. ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեության մանրամասները, որպեսզի ընթերցողը հասկանա, թե արդյո՞ք այդ մարդիկ վաստակել են նոր խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքը:
Այսօր կանդրադառնանք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի օրենսդրական գործունեությանը:
Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 1999թ. մեծամասնական ընտրակարգով, եղել «Կայունություն» եւ ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբերի անդամ: 2003, 2007 եւ 2012թթ. նա կրկին մանդատի է տիրացել մեծամասնական ընտրակարգով: Այս պատգամավորը հայտնի է Թունելի Հակոբ մականվամբ: Իր ներկայացմամբ՝ թունելագործությունն իր մասնագիտությունն է, եւ նման վերագրումները սոսկ իրեն վարկաբեկելու փորձեր են: ՀՀ ԱԺ-ում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյանը հաճախ է հանդես գալիս Սերժ Սարգսյանի նախաձեռնությունների ակտիվ պաշտպանի դերում: Նա հատկապես աչքի է ընկնում կառավարության սոցիալ-տնտեսական նախաձեռնությունների պաշտպանությամբ, ինչպես օրինակ` հիմնական պատասխանողն էր ՍԴ-ում, երբ նախկին քառյակը վիճարկում էր «Կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրման սահմանադրականությունը:
Ի դեպ, Հակոբյանը բազմիցս է հայտնվել զվարճալի պատմությունների մեջ, ինչպիսին էր նրա հիմնավորումը Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելիս. «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում, եւ մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր էի տալիս, եւ իրանք էին ինձ տալիս, եւ ասացին, որ դրական էր»: Ի դեպ, նույն շրջանում Հակոբյանը իր հետեւյալ ձեւակերպմամբ թերեւս փորձում էր Գալուստ Սահակյանից օրինգինալ երեւալ. «Հանրապետականը նրա համար չէ, որ Հանրապետականը միշտ Հանրապետական լինի»:
Իսկ ինչ վերաբերում է նրա գործունեությանը 2012-17թթ. ԱԺ-ում, բավական է նկատել, որ Հակոբյանը կողմ է քվեարկել 903 անգամ, դեմ եւ ձեռնապահ եղել` 12 եւ 9: Նա 6 անգամ է հրաժարվել քվեարկություններից եւ 35 անգամ էլ բացակայել ԱԺ նիստերից: Ի տարբերություն իր մի շարք գործընկերների` Հակոբյանը 27 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ 22 անգամ էլ ելույթ ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից: Այս ընտրություններում նա առաջադրվել է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզից եւ դատելով նախորդ ընտրությունների արդյունքներից` խորհրդարանում հայտնվելու իրական շանս ունի: