5 քմ-ը գերազանցող քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում. ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից քարոզչական պաստառ փակցնելու պայմանագիրը եռօրյա ժամկետում չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու նպատակով, ինչը նշանակում է, որ վահանակը չի կարող օգտագործվել ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում վերացման են ենթակա նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին պահպանել ընտրական օրենսգրքի պահանջները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է նաև Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին և իրավասու այլ մարմիններին, որպեսզի 2017 թվականի մարտի 5-ից օրենսգրքի պահանջներին հակասող քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում անհապաղ իրազեկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:




Լրահոս